Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքիան հակաքայլեր չունի, Էրդողանն էլ ցանցառ ելույթներ է ունենում». թուրքագետ

Հունվար 31,2015 18:32

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի դիտարկմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը  հայկական կողմից ամենանշանակալի քայլն է տարելիցին ընդառաջ. «Հռչակագիրը բավականին խելամիտ է կազմված: Շատ կարևոր է, որ այնտեղ նշված են Հայաստանի անկախության հռչակագիրը, Հայաստանի Սահմանադրությունը, ՄԱԿ-ի կոնվենցիաները: Անկեղծ ասած՝ ես կարծում էի, որ թուրքերը դրան կպատասխանեն, որովհետև նրանք սիրում են ամեն անգամ կրկնել, որ Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1948 թ. և չի կարող վերաբերել 1915-ին, այսինքն` հետադարձ ուժ չունի, բայց չպատասխանեցին: Ի դեպ, հարցին այդ տեսանկյունից մոտենալու դեպքում կստացվի, որ այն հրեական ցեղասպանությանն էլ չի առնչվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հ. Չաքրյանը:

Թուրքագետը կարևորեց նաև այն հանգամանքը, որ հռչակագրում դատապարտվում է թուրքական ժխտողականությունը, կոչ է արվում հետագա սերունդներին հետամուտ լինելու Հայ դատին, ջանքեր գործադրելու Ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ: «Միաժամանակ, խոսվում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դրական հետևանքների մասին. դրական այն առումով, որ դա կվերացնի հայ և թուրք ժողովուրդների միջև առկա փոխանվստահությունը»,- հավելեց պարոն Չաքրյանը:

Նրա կարծիքով, հռչակագիրը թուրքական կողմին ավելի ագրեսիվ կդարձնի, բայց այդ ամենն արդյունք չի տա, եթե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պատշաճ կերպով անցկացվեն: «Որքան ծավալվում է գործընթացը, այնքան սպառվում են ժխտողականության դիրքերը, և թուրքական կողմն ավելի ագրեսիվ է դառնում: Թուրքիան, որքան էլ մեծ պետություն է, այնուամենայնիվ, Երևանին հաջողվել է այս հարցում Անկարային նեղը գցել: Թուրքական կողմը հակաքայլեր չունի, անհավանական, անհավասարակշիռ քայլերի է գնում, որովհետև իր մեղքը լավ գիտի և տառապում է հանցագործի հոգեբանությամբ: Էրդողանն էլ ցանցառ ելույթներ է ունենում»,- ասում է թուրքագետը: Ահա այդ անհավասարակշիռ քայլերից մեկն էլ, ըստ պարոն Չաքրյանի, Գալիպոլիի զոհերի հիշատակի օրը ապրիլի 24-ին, այլ ոչ թե մարտի 18-ին նշելն է:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031