Անահիտ Բախշյանը Կողբացի 52 հասցեում շինություն կառուցելը հանցագործություն է համարում
Երեւանի Կողբացի 52 հասցեում գտնվող կանաչապատ տարածքում շինարարություն է սկսվել: Հունվարի 31-ին հարակից շենքերի բնակիչները, «Հյուսիսային պողոտա 6» համատիրության ներկայացուցիչները, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը գտնվում էին այդ շինհրապարակում:
Անահիտ Բախշյանը բարբարոսություն անվանեց կատարվածը՝ հավելելով, որ Փոքր Կենտրոնում կանաչ տարածքներն առանց այն էլ քիչ են: Նա ասաց, որ հարցումով դիմել է Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի նրանք իրեն տրամադրեն շինթույլտվության հետ կապված բոլոր փաստաթղթերը. «Քաղաքի կենտրոնի մասին օրենքը արգելում է նման օբյեկտներ կառուցել, ինչպես կարո՞ղ է այս հասարակական օբյեկտը քաղաքի համար ավելի կարեւոր լինել, քան փոքրիկ կանաչ տարածքը, որը բարեկարգ էր: Այստեղ խցկել այդ կառույցը հանցագործությունն է քաղաքի, բնակիչների, երեխաների նկատմամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Բնակիչների նշում էին, որ գրեթե մեկ շաբաթ առաջ են հայտնաբերել, որ տարածքը ցանկապատել են եւ պատրաստվում են այդտեղ շինություն կառուցել: Բնակիչների խոսքերով՝ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը բնակվում է հարակից շենքում, եւ քանի որ նա այդ կողմում պատշգամբ ունի առաջինն իրեն ձեռնտու չէ, որպեսզի այդտեղ շինություն կառուցվի:
Մանրամասները՝ տեսանյութում.
Այդ ընթացքում երեխաները որոշեցին փակել շինարարների փորած փոսը, նրանց միացան նաեւ չափահասները: Այնուհետեւ երեխաները պատռեցին շինհրապարակի ցանկապատը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Բնակիչները որոշեցին ստորագրահավաք անցկացնել, իսկ Անահիտ Բախշյանը ասաց, որ հարցումներով կդիմի Երեւանի քաղաքապետարան: Շինհրապարակ էր եկել նաեւ մի տղամարդ, որը չցանկացավ ներկայանալ, նա նշեց, որ ծանոթ է պատվիրատուի հետ: Նա հավելեց, որ ամեն ինչ օրինական է եղել եւ անօրինականություն են կատարում հավաքվածները՝ վնասելով գույքը: Նա հրավիրեց Անահիտ Բախշյանին եւ եւս մի քանի քաղաքացիներին պատվիրատուի հետ զրուցելու:
Այդ հանդիպումից հետո Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ պատվիրատուն՝ Վահագն Վանաթյանը, իրենց հայտնել է, որ 2014 թվականի օգոստոսի 1-ին տեղի է ունեցել աճուրդ, օգոստոսի 12-ին կնքել են առուվաճառքի պայմանագիրը, որից անմիջապես հետո եղել է շինթույլտվությունը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ