ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 40000 կրակոց:
Նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և ետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդն ունեցել է առնվազն 3 զոհ և վիրավորներ: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Բացի վերոնշյալ խախտումներից, ադրբեջանական ագիտպրոպը սեփական զինուժի կորուստները պարտակելու և հանրության շրջանում հաղթական տրամադրություններ ձևավորելու համար դիմել է էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր Ակնայի ուղղությամբ խոցել է հայկական անօդաչու թռչող սարք: Բայց իրականում ՊԲ համապատասխան կառույցները բացահայտել են, որ ադրբեջանական բանակը խոցել է իրենց պատկանող անօդաչուն:
Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետել են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
—
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն