Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջհարկի օրենքի մասին. «Կառավարության կողմից փափուկ բարձի քաղաքականությունը անընդունելի կլինի»

Հունվար 31,2015 13:47

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքում խնդրահարույց կետերին եւ դրանց դեմ ձեռնարկատերերի բողոքին, ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքները պետք է բխեն մարդկանց շահերից, այլ ոչ թե նվաստացնեն, ստեղծեն խնդիրներ եւ վատթարացնեն սոցիալական դրությունը։

«Փաստորեն կառավարությունը չհասկացավ, որ այս օրենքը վնաս է հասցնում տնտեսության ողնաշարին։ Ցավալին այն է, որ մեր երկրում, փոխանակ ձգտենք բարեփոխումների, հեշտացնենք կյանքը, բիզնեսին տանք հնարավորություններ, կառավարությունը մտածում է այնպիսի ծրագրեր, որ ընդամենը դժգոհության ալիք են բարձրացնում։

Մի՞թե դժվար էր հասկանալ, որ մարդիկ չեն կարողանա աշխատել այդ պայմաններում։ Ի՞նչ է նշանակում գույքագրում, երբ մարդկանց անհրաժեշտ է հարկերի իջեցում, անհրաժեշտ է բիզնեսին առաջ ․մղել, այլ ոչ թե այնպես անել, որ մարդիկ մտածեն, թե ինչպես լքեն  երկիրը։ Սա անթույլատրելի է»։

Վահան Բաբայանի խոսքով՝ կառավարությունը շատ լավ գիտակցում է, որ եթե ԳՓՄ-ները դադարեցնեն իրենց գործունեությունը, մեր երկրին  սպասվելու է լուրջ տնտեսական կոլափս եւ որեւէ կառավարություն դրա տակից դուրս չի կարողանա գալ. «Այս խնդրի լուծունը երկու տարբերակ  ունի՝ առաջինը օրենքի կասեցումն է եւ  երկրորդը նոր օրենքի ընդունումն է, որտեղ կլինի  կամավորության սկզբունքը եւ  շրջհարկի շեմի բարձրացումը։

Վահան Բաբայանը վստահ է, որ առեւտրականները չեն ուզում աշխատել հարկային մարմինների տեռորի պայմաններում։

Անդրադառնալով կառավարության վարած քաղաքականությանը, պատգամավորը նկատեց, որ նախորդ տարի օրենքի ընդունումից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում կառավարությունը կիրառեց փափուկ բարձի քաղաքականությունը. «Դրա համար մարդիկ փողոց դուրս եկան, իսկ այս անգամ կառավարության կողմից փափուկ բարձի քաղաքականությունը անընդունելի կլինի։ Եթե կառավարությունը մինչեւ երկուշաբթի կառուցողականություն ցուցաբերի, ականջալուր լինի ժողովրդի պահանջին, այս խնդիրը հնարավոր կլինի լուծել։ Ես չեմ բացառում նաեւ, որ զիջումների գնալուց հետո, կառավարությունը նորից վերսկսի իր ցանկացած սցենարները եւ մանիպուլյացիաների միջոցով այնպիսի որոշում ընդունի, ինչպես եղավ կուտակային կենսաթոշակների օրենքի պարագայում»։

Վահան Բաբայանը առանձնացնում է այն փաստը, որ ոլորտի աշխատակիցները կարողացան իրենց ձայնը բարձրացնել. «Եթե քաղաքացիները իրենց ձայնը բարձրացնեն, իրոք կհասնեն հաջողության»։ Նաեւ տեղեկացրեց, որ ոչ իշխանական եռյակը երեկվա նիստում հայտարարել է, որ տեղի է ունենալու ստորագրահավաք, իսկ երկուշաբթի օրը հրավիրելու են արտահերթ նիստ, որտեղ այդ հարցը քննարկվելու է։

 

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իսկ եթե կառավարությունը թողնի նախքին օրենքը՝3.5տոկոսով և հետևի,որ ամողջ շրջանառությունը ցույց տրվի:Այդ դեպքում ինչ? եք ասելու:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031