Եվ եղավ այնպես, որ Նոր տարվա գիշերը Հրանտ Մաթեւոսյան երեւելի գրողն ու ես գնացինք Երասխ՝ մեր կռվող տղաների նոր տարին շնորհավորելու: Մենք մեր բանակն էինք երազում, բայց այդ օրերին մենք բանակ չունեինք, ունեինք տղաներ, ովքեր կռվում էին՝ չունենալով նույնիսկ Երկրապահ պատվելի անունը: Թերեւս մենք գնացել էինք հազարամյակներ ապրած մեր բանակի հետքերով եւ մեր ջահել ու նվիրյալ տղաների մեջ տեսնելու մեր ցանկալի բանակը:
Քանի որ մենք գիտեինք, որ յոթ հազար տարի առաջ մեր հեծելազորը Շումերից մինչեւ Եգիպտոս դրության տեր էր, երբ ուզում էին եւ թագավոր ունեին:
Բայց մի օր եղավ այնպես, որ Պետրոս Գետադարձ անհասկանալի կաթողիկոսը Անի քաղաքի բանալիներն ու կամավոր հանձնման հրովարտակը տվեց բյուզանդացիներին: Երեւի քաղաքի Մայր տաճարում այդ օրը պատարագի մեծ ծիսակատարություն եղավ՝ որպես հայրենիքի փրկության ճանապարհ: Իբրեւ գտնվել էր հայոց մայրաքաղաքը փրկելու միակ ելքը: Անին, միեւնույն է, այլեւս մնաց կախյալ: Հետո եկան թուրք-սելջուկները, ավելի ուշ՝ մոնղոլները, եւ արեւելքի Հռոմը վերջնականապես խորտակվեց:
Եվ բնակիչները լքեցին մայրաքաղաքն ու հեռացան: Թագավոր էր պետք, իսկ մեր թագավորին մենք ուրացել էինք: Եվ անպարտելին մնաց միայն հայոց Այրուձին:
Հազարամյակների փորձության միջով անցած այդ մարտունակ ու կազմակերպված, բայց արդեն ցաքուցրիվ բանակը մնաց անթագավոր ու անսպարապետ: Եվ զարմանալի բան. նույնիսկ այդ վիճակում Լենկ Թեմուրը, ով արդեն տիրացել էր աշխարհի կեսին, չկարողացավ ամբողջությամբ գրավել անթագավոր Հայաստանը: Նրա երկաթյա թումաններին դիմակայեց հայոց Այրուձին եւ չթողեց, որ Թեմուրը խորանա երկրում:
Եվ Արեւելքի Մեծ Զինվորը հետագայում իր զորականներին խորհուրդ տվեց օրինակ վերցնել հայկական հեծելազորից:
Հետո, արդեն ավելի ուշ, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր, եւ սկսվել էր օսմանյան խավարը, հայոց Այրուձին որբ երեխայի նման հեռացավ հայրենիքից եւ դարձավ թափառական: Անղեկ, անառագաստ եւ աննավապետ՝ նրանք հայտնվում էին այնտեղ, որտեղ կռիվ կար, եւ որպես վարձու բանակ՝ ծառայում օտար տիրակալներին: Այդպես կռվեցին Կուլիկովյան դաշտում, մասնակցեցին Գրյունվալդի ճակատամարտին եւ հաղթողների մեջ էին…
Կարդացեք նաև
Ի՞նչ եղավ հետո: Հետո արդեն իրենց հերոսի փառքով պսակած՝ հայ զինվորներն ու սպաները ցանկալի հյուր դարձան ռուսական եւ եվրոպական արքունիքներում՝ հռչակվելով ազնվականներ, իշխաններ եւ զորավարներ: Ու նվաղեցին, թուլացան հմայիչ կանանց տաք անկողիններում ու դադարեցին հայրենական հեծյալ լինել այլեւս:
Այդպես կորցրին իրար, տարրալուծվեցին ավելի բախտավոր ազգերի մեջ, որ հետո ծնունդ տան նշանավոր զորավարների ու իշխանների, բայց արդեն օտար ազգանուններով:
Այնինչ այսօր վերադարձել է մեր ազգանվան ժամանակը: Եվ շնորհավոր տոնդ, մեր հրաշալի՛ զինվոր եւ մեր ազգայի՛ն բանակ, մե՛ր Այրուձի, որ վերադարձել ես տուն եւ հաստատել ու հաստատում ես քո ամենօրյա կամքը քաջության՝ հանուն Հայրենյաց:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2015