«Հայաստանը գեղեցկատես աղջնակ չէ, ով միմյանց մրցակից սիրահետողների
հետ հանդիպումների է գնում՝ ինչ-որ հակադիր սպասելիքների դիմաց»,- կարծում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը:
– Նախօրեին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում է կայացվել մինչեւ ապրիլին կայանալիք գարնանային նստաշրջանն ուժի մեջ թողնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը, որը կայացվել էր դեռեւս 2014 թվականին՝ Ղրիմի շուրջ զարգացումներից հետո: ՌԴ պատվիրակությունն էլ իր հերթին հայտարարել է, որ մինչեւ 2015 թվականի ավարտը դադարեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում եւ մինչեւ տարեվերջ կքննարկի ընդհանրապես ԵԽԽՎ-ն թողնելու հարցը: Այս իրավիճակում, թերեւս, ամենաբարդ ընտրության առջեւ հայաստանցի պատվիրակներն էին կանգնած, որոնց մի մասը քվեարկեց «ձեռնպահ»: Դա լավագո՞ւյն որոշումն էր:
– Նախ՝ կարեւոր է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության արմատական շահերից է բխում Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորումը, առկա բոլոր տարաձայնությունների հարթումը՝ խաղաղ եւ բանակցային ճանապարհով, թեեւ բոլորս էլ հասկանում ենք, որ մեզանից այդ առումով շատ քիչ բան է կախված: Եվ ես չեմ կիսում քաղաքական այն գործիչների կարծիքը, ովքեր իրենց աշխարհաքաղաքական նախապատվություններից կամ մեր երկրի ապագայի իրենց տեսլականից ելնելով` կարծում են հակառակը կամ այլ սպասումներ ունեն մերօրյա «սառը պատերազմից»: Այս հակասությունները ինչ-որ կերպ, ինչ-որ ժամանակ հարթվելու են, եւ դրա արդյունքում ոչ Արեւմուտքն է կործանվելու ու ոչ էլ Ռուսաստանը:
Այնպես որ՝ Հայաստանի նման փոքր երկիրն անհրաժեշտություն չունի սեփական կամքով ու նախաձեռնությամբ կամ ստիպողաբար հայտնվել մատի ու մատանու արանքում: Հայաստանի Հանրապետության համար Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործակցությունն այսօր իրական այլընտրանք չունի ու կարելի է տասնյակ փաստարկներ բերել այս պնդումն ապացուցելու համար: Ասածս, իհարկե, չի նշանակում, որ հայ-ռուսական հարաբերություններում խութեր չկան, եւ դրանց մասին պետք չէ խոսել: Դրանք կան ու քիչ էլ չեն: Բայց այդ ամենը չի նշանակում որեւէ կերպ կասկածի տակ առնել մեր համագործակցության ռազմավարական բնույթը: Մյուս կողմից՝ սա բացարձակապես չի էլ նշանակում, որ Հայաստանը պետք է թուլացնի Արեւմուտքի կամ մեր անմիջական հարեւանների հետ հարաբերությունները:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ստրասբուրգում կայացած քվեարկությանը, դրա ճիշտ կամ սխալ լինելուն, կարծում եմ՝ ճիշտ կլինի սպասել հայկական պատվիրակության վերադարձին Երեւան, երբ նրանք կներկայացնեն իրենց դիրքորոշումը, որը, որքան ես եմ հասկանում, եղել է պատվիրակության անդամների անհատական դիրքորոշումը եւ այն էլ՝ կոնկրետ բազմաթիվ քվեարկություններից միայն մեկի հետ կապված, մինչդեռ մինչ այդ մի շարք այլ «ուղղումների» վերաբերյալ մեր պատվիրակության անդամները իրենց քվեարկությամբ աջակցել են ռուսաստանյան իրենց գործընկերներին: Իսկ մինչ այդ կարող եմ արձանագրել, որ միջազգային խորհրդարանական տարբեր ձեւաչափերում, որքանով ես եմ տեղյակ, հայաստանյան ու ռուսաստանյան պատվիրակությունները շատ հաճախ են տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել տարբեր մոտեցումներ: Եթե խոսում ենք կոնկրետ ԵԽԽՎ-ի մասին, ապա չմոռանանք, որ բազմաթիվ այլ նախաձեռնությունների հետ կապված էլ ռուսական կողմը աջակցություն չի ցուցաբերել կամ ցուցաբերում մեր պատվիրակությանը, թեեւ մեր փոխգործակցության ռազմավարական բնույթը, կարծես, դա ինքնին ենթադրում է: Այնպես որ՝ այս ամենը աշխատանքային ու ընթացակարգային հարցեր են, խորհրդարանական մշակույթի օրինաչափ երեւույթ, ինչը որեւէ կերպ չի կարող ստվերել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը:
– Ի՞նչ ազդեցություն կունենա կամ ի՞նչ կարժենա Հայաստանին «ձեռնպահ» կեցվածքը, մանավանդ, որ մեր երկիրն այժմ ԵՏՄ անդամ է: Ի դեպ, մինչ այժմ, որոշ գնահատականներով՝ անգամ սեփական արժանապատվության հաշվին, Հայաստանը միջազգային ատյաններում կանգնում էր ՌԴ-ի կողքին:
– Միջազգային տարբեր ատյաններում, այդ թվում եւ խորհրդարանական կառույցներում, բնականաբար, տարբեր երկրներ միմյանց աջակցում են՝ ելնելով իրենց հարաբերությունների մակարդակից, ընդհանուր օրակարգից եւ այլն, ինչն օրինաչափ է: Բավական է մտաբերել Իսլամական կոնֆերանսի կազմակերպության կամ այլ կառույցներում ընդունվող որոշումները: Հայաստանն ու Ռուսաստանն էլ, որպես ռազմավարական դաշնակիցներ, բացառություն չեն. անբնական կլիներ, եթե լիներ հակառակը՝ միմյանց հնարավորինս չաջակցեինք միջազգային տարբեր հարթակներում: Սակայն Հայաստանը երբեք ու ոչ մի հարցում որոշումներ չի կայացրել՝ ոտնահարելով սեփական արժանապատվությունը կամ անտեսելով սեփական շահերը: Դա թյուր կարծիք է: Եթե ի նկատի ունեք Ղրիմի դեպքերի հետ կապված քվեարկությունը ՄԱԿ-ում, ապա չպետք է մոռանալ, որ անկախությունից ի վեր, ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Հայաստանը երբեք չի քվեարկել որեւէ բանաձեւի օգտին, որտեղ, որպես գոյություն ունեցող տարածքային խնդիրների լուծման հենք, հիշատակվում է միջազգային իրավունքի նորմերից միայն մեկը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչպես ուկրաինական բանաձեւի դեպքում էր: Իսկ հայկական պատվիրակության անդամների վերջին անհատական քվեարկության հետ կապված՝ կարծում եմ, որ այն որեւէ կերպ չի կարող սասանել երկու ռազմավարական գործընկերների հարաբերությունները: Դա չի բխում ոչ Հայաստանի ու ոչ էլ Ռուսաստանի շահերից, ու կարծում եմ, որ այս պարզ ճշմարտությունը գիտակցվում է եւ Երեւանում, եւ Մոսկվայում:
– Մամուլում շատ շահարկվեց նաեւ այն, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները նստաշրջանին չեն մասնակցել զուտ ՌԴ-ին վերաբերող քվեարկությունից խուսափելու համար: Ձեր կարծիքով՝ այդ լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են, ինչո՞ւ են ընդդիմադիրներն ավելի ռուսասեր, քան իշխող կուսակցության ներկայացուցիչները:
– Այդ հարցով ճիշտ կլինի դիմել հենց ԲՀԿ եւ ՀԱԿ ներկայացուցիչներին: Ինքս չեմ ուզում այդպես մտածել:
– Արեւմուտքը կգնահատի՞ Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը: Համենայնդեպս, որոշակի քաղաքական շրջանակներում դա էլ կապում են ԵՏՄ-ի մոտալուտ փլուզման, առհասարակ՝ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության հետ:
– Կներեք, բայց նման հարցադրումն արտաքին քաղաքականության մակերեսային պատկերացումների հետեւանք է: Մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններում որեւէ փոփոխություն չկա, եւ տեղին չէ խորհրդարանական մեկ պատվիրակության անդամների կեսի՝ բազմաթիվ քվեարկություններից միայն մեկի անհատական քվեարկության արդյունքներով հեռուն գնացող նման եզրակացություններ անել: Կրկնում եմ՝ Ստրասբուրգից վերադառնալուց հետո պատվիրակությունը, կարծում եմ, իր դիրքորոշումը հիմնավորող համոզիչ փաստարկներ կներկայացնի: Ինչ վերաբերում է Արեւմուտքի կողմից գնահատվելուն կամ չգնահատվելուն, ասեմ, որ Հայաստանը գեղեցկատես աղջնակ չէ, ով միմյանց մրցակից սիրահետողների հետ հանդիպումների է գնում՝ ինչ-որ հակադիր սպասելիքների դիմաց: Մենք ունենք մեր ազգային-պետական շահերը, եւ արտաքին քաղաքականությունը կոչված է սպասարկելու հենց այդ շահերը՝ բաց ու թափանցիկ, պարզ ու հասկանալի մեր բոլոր գործընկերների համար:
Հարցազրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2015
60+20 +3տարի ուրիշներն են մտածել ձեր փոխարեն, դրանից առաջ և հիմա նույն հայեցին է շրջանառվում:Գեղեցիկ աղջիկը գոնե գիտի ի*նչ է ուզում…Հայ ասպետական համեմատության քաղաքական համեմատության շրջանակը: