Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե այս շրջանը համարենք նախապատրաստական ժամանակաշրջան»

Հունվար 31,2015 15:30

Ալեքսանդր Մարգարովը՝ «եռյակի» պասիվության մասին

2015-ը Հայաստանն սկսեց Գյումրիի սարսափելի իրադարձությամբ: Երկրի ներսում ընդվզումներ էին, քաղաքական ուժերն էլ հանդես եկան դատապարտող հայտարարություններով: Հայաստանյան խորհրդարանական ուժերի միավորումը՝ «եռյակը», որը կարծես թե համարվում է խորհրդարանական հիմնական ընդդիմությունը եւ նախորդ տարվանից թողել է թերահավատ վերաբերմունք հասարակության շրջանում, այս ընթացքում ոչ մի կերպ չդրսեւորվեց: Հասարակության տարբեր շրջանակներում քննարկումները դեռ շարունակվում են, որ այս քաղաքական միավորումն այդպես էլ չկայացավ եւ ոչինչ անել չի կարող, պասիվությունն էլ շատերը համարում են այստեղ համախմբված քաղաքական ուժերի տարաձայնություններ:

Այս մասին «Առավոտը» զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ: Հասարակության ընկալումների եւ վերաբերմունքի մասին պարոն Մարգարովն ասում է, որ դա արդեն յուրաքանչյուրի վերաբերմունքն է: Նա համարում է, որ քաղաքական ուժերի պասիվությունը պայմանավորված է տարվա սկզբով եւ համարում է բնական, կարծում է՝ ակտիվություն կնկատվի Ազգային ժողովի նիստերի մեկնարկին համընթաց:
«Տարվա սկզբին տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք ունեցել են ավելի շատ ներքին քաղաքական հնչեղություն, քաղաքական ուժերը փորձել են հայտնել իրենց դիրքորոշումները: Նրանց արձագանքը հիմնականում վերաբերում էր այն հարցերին, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին արտաքինի հետ, ոչ թե խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, այլ ավելի շատ «other» (անգլերեն՝ ուրիշ) հասկացությանը: Այս դեպքում քաղաքական ուժերը ունեին շատ թե քիչ համախմբվածություն՝ որոշակի նրբերանգներով: Խոսքը գնում է այն մասին, որ կար ընդհանուր վերաբերմունք, մոտեցում այս կամ այն հարցի վերաբերյալ»:

Պարոն Մարգարովը կարծում է, որ գուցե այս պահին քաղաքական ուժերը հրապարակայնորեն հանդես գալու փոխարեն նախապատրաստական աշխատանքներ են տանում. «Գուցե այս պահին տեղի են ունենում, չեմ ասում՝ կուլիսային հանդիպումներ, ավելի շատ ռազմավարության մշակում կամ գործերի ծրագրավորում՝ նեղ կուսակցական կամ այլ ֆորմատներով: Ցանկացած գործընթացից առաջ լինում են նախապատրաստական աշխատանքներ, գուցե այս շրջանը համարենք նախապատրաստական ժամանակաշրջան՝ հաջորդ գործողությունների ծավալման համար»,- ասում է նա:

Մեր հարցին՝ արդյոք «եռյակը» կակտիվանա՞, պարոն Մարգարովը պատասխանեց. «Քաղաքական գործընթաց է, դա ոչ թե մեկ կարճ ժամանակաշրջանում տեղի ունեցող գործողություն է, այլ միշտ տեղի ունեցող քաղաքական գործընթաց է, որի ժամանակ լինում է դադարի, պասիվության շրջան եւ նաեւ վերելքների, որի ժամանակ քաղաքական ուժերը դրսեւորում են ավելի մեծ, ավելի լայնածավալ, ավելի ինտենսիվ եւ էքստենսիվ քայլեր»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031