Լրահոս
Օրվա լրահոսը

Ապտակ Ալիեւի ռեժիմին. Մինսկի խումբը վերջապես խախտեց ավանդույթը

Հունվար 31,2015 12:00

Հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո բավական ուշագրավ շեշտադրումներով հայտարարություն են տարածել`  առաջին անգամ խախտելով «հավասարակշռված» տոնայնությամբ կոչերի ավանդույթը:

Համանախագահող երկրների հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարին խորին մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հարձակումների առնչությամբ, որոնց արդյունքում կան զոհեր, ապա շեշտել են, որ բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի՝ վերականգնելու համար վստահությունը եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Այնուհետեւ համանախագահներն ուղղակիորեն ընդգծել են. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման իր ստանձնած պարտավորություններին։ Մենք կոչ ենք անում նաեւ Հայաստանին՝ բոլոր միջոցները ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Բոլոր կողմերն էլ պետք է հետեւեն հրադադարի պահպանման ռեժիմի պայմանավորվածությանը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարության մեջ նաեւ նշել են. «Մենք Ադրբեջանի արտգործնախարարին հիշեցրել ենք Մինսկի խմբի համանախագահների մանդատի (լիազորությունների շրջանակի), Մինսկի խմբի համանախագահների դերի եւ ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների մասին եւ մտահոգություն հայտնել շարունակվող բանակցային գործընթացի վերաբերյալ հնչող քննադատության առնչությամբ»։

Ընդ որում` վերոնշյալ հայտարարությունն ընդունվել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Մամեդյարովը հայկական կողմին մեղադրել է` «դիվերսիաներ իրականացնելու» մեջ` հայտարարելով, թե դրանց նպատակը «բանակցային գործընթացը խոչընդոտելն է»:
Ոչ դիվանագիտական լեզվով ասած` Մինսկի խումբը Ադրբեջանին իր «տեղն է ցույց տվել» եւ խորհուրդ է տվել «չափերը չանցնել»` բավական կոշտ ու սուր քննադատության առավել մեղմացված մասը դիվանագիտորեն արտացոլելով նաեւ հրապարակված հայտարարության մեջ: Այս հայտարարությունը լիովին կարելի է ապտակ համարել պաշտոնական Բաքվին: Հավանաբար, զգալով այդ ապտակը` Բաքվում առայժմ ծպտուն չեն հանել համանախագահների հայտարարության առնչությամբ, որտեղ որեւէ առիթ բաց չեն թողնում տեղեկացնելու, թե Ադրբեջանի իշխանությունները հանդիպեցին այս կամ այն պաշտոնյային եւ հերթական անգամ հիշեցրեցին «գրավյալ տարածքների» վերադարձի եւ մեկ միլիոնից ավելի փախստականների թեմաները:

Համանախագահների տարածած վերջին հայտարարությունն իսկապես դրական փաստ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների սանձարձակ գործողությունները շփման գծում այլեւս անտեսելու ու կոչերը շարունակաբար երկու կողմերին ուղղելու քաղաքականությունն այլեւս, մեղծ ասած, անհասկանալի էր:

Հունվարի 27-ի հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել ու արձանագրել է, որ գիտեն, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը եւ անվերջ լարվածություն ստեղծում շփման գծում: Այս մասին նրանք, եւ ոչ միայն Մինսկի խումբը, գիտեին վաղուց, տարբերությունն այն է, որ այս անգամ որոշում է կայացվել Ադրբեջանի իշխանությունների պահվածքին արձագանքել:

Թե որքանով է համարժեք արձագանքը Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին՝ այլ թեմա է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայտարարության հեղինակները ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող միջնորդներն են, ապա այն միանգամայն բավարար կարելի է համարել:

Հունվարի 27-ի հայտարարությունը հիմք ընդունելով՝ կարելի է արձանագրել, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմի համար դիվանագիտական բարենպաստ իրավիճակ է: Ադրբեջանում տիրող բռնապետական դրսեւորումների նկատմամբ արդեն իսկ ձեւավորված որոշակի վերաբերմունքին ու քննադատությանը այժմ գումարվեց ղարաբաղյան ճակատում ընդդեմ Բաքվի ուղղակի քննադատական հայտարարություն:

Հայկական կողմը չպետք է բավարարվի` «միջնորդները մեզ հասկանում են», «միջազգային հանրությունը գիտի, որ մենք խաղաղության կողմնակից ենք» եւ այլ ձեւակերպումներով: Հայաստանի իշխանությունները պետք է առավել ակտիվ աշխատանք տանեն Ադրբեջանի իշխանություններին պատժամիջոցների ենթարկելու հարցում, ընդհուպ մինչեւ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանից պահանջեն, որպեսզի Ադրբեջանին զենք չվաճառի` շփման գիծը թեժ պահելու եւ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն անվերջ փակուղի մտցնելու քաղաքականության համար:

2014 թվականի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում։ Խոսվում է առաջիկայում եւս նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունների մասին: Ադրբեջանի իշխանությունները տեւական ժամանակ է, ինչ շեղվել են հրադադարի ռեժիմը պահպանելու ուղուց, անցել են դիվերսիոն գործողությունների, բացահայտ սադրանքների, ու այս ամենն ուղեկցվում է երկրի ներսում ակնհայտ բռնատիրական հաստատման քայլերով` ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ հետապնդումների իրականացմամբ:

Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը պետք է անցնի հայկական կողմի համար բացահայտ առավելությունների պայմաններում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031