Անցյալ տարի Կենտրոնական բանկը (ԿԲ) որոշում կայացրեց, ըստ որի՝ Հայաստանում գործող բանկերը մինչեւ 2017 թվականը պարտավոր են իրենց հիմնական կապիտալը դարձնել 30 միլիարդ դրամ. ներկայումս այն 5 միլիարդ դրամ է: Երեկ «Մեդիա կենտրոնում» ԿԲ այս որոշման մասին քննարկման ժամանակ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ասաց, որ իր եւ այլ տնտեսագետների համար ԿԲ այս որոշումը շոկային էր: «Երբ անցյալ տարի նոյեմբեր-դեկտեմբերին ճգնաժամը եղավ, տնտեսագետներս, մասնագետներս արդեն խոսում էինք, որ այս ճգնաժամին որոշ բանկեր չեն դիմանա, որովհետեւ տարբեր արժութային դիրքերում են:
Մենք այն դարում չենք ապրում, որ բանկերը սնանկանան, այլ կգնան միաձուլման, բնական գործընթացն այսպես պիտի լինի: Բայց նույնիսկ այն մարդկանց համար, նույնիսկ ինձ համար, որոնք նման կանխատեսում էին արել, ԿԲ-ի որոշումը շոկային էր` միանգամից բարձրացնել հիմնական կապիտալը եւ դրանով իսկ ստիպել միաձուլվել»,- ասաց պարոն Խուրշուդյանը: Նրա դիտարկմամբ՝ միաձուլման գործընթացը պետք է բնականոն լիներ, այլ ոչ թե ստիպելով, եւ ըստ մասնագետի՝ գուցե ԿԲ-ն փորձեց արագացնել այդ ընթացքը՝ ասելով՝ «շուտ արեք, միավորվեք, էդ խնդիրները լուծեք»: Տնտեսագետի կարծիքով՝ ԿԲ որոշումը ռազմավարական լուրջ ռիսկեր է պարունակում. «Օրինակ՝ ԱՄՆ-ում, երբ 2008-ին ֆինանսական մեծ ճգնաժամը եղավ, հիմնականում խոշոր բանկերը հայտնվեցին բավական վտանգավոր վիճակում, մինչդեռ փոքրերը հեշտ հաղթահարեցին: Այսինքն՝ բանկերի խոշորացմամբ չես նվազեցնում ռիսկը, ֆինանսական ճգնաժամը բանկերի չափերից չի կախված»: Փաստորեն, եթե բոլոր բանկերը խոշորանան, իրենց կապիտալը ավելի մեծացնեն կամ միաձուլվեն, ինչպես ասաց պարոն Խուրշուդյանը, հնարավոր ֆինանսական ճգնաժամի դեպքում ԿԲ-ն մեծ ռիսկի տակ է դնում ամբողջ ֆինանսական շուկան:
Քննարկման մեկ այլ մասնակից՝ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն էլ կարծիք հայտնեց, որ ԿԲ այդ որոշումն այն պատնեշը չէ, որի միջոցով կարելի է խուսափել ճգնաժամից: Մանասերյանի ներկայացմամբ՝ նախ խնդիր է, թե ինչպես են կառավարվում ռիսկերը, որքանով են արդյունավետ կառավարվում, որովհետեւ կարող է միջին կամ համեմատաբար փոքր բանկերի գործունեությունը լինի ավելի ճկուն, ավելի արդյունավետ: Ըստ պարոն Մանասերյանի՝ բանկերը, որոնք խուսափեցին վարկեր տրամադրել` ռիսկերից ելնելով, այնպես չէ, որ սա լավագույնս անդրադարձավ տնտեսության կամ բանկային համակարգի վրա. այդպիսով շահութաբերությունը նվազեց: Տնտեսագետի համար առավել կարեւոր մտահոգություն է, թե բանկերը որքանով են ծառայում իրական սեկտորին, տնտեսության զարգացմանը:
Մանասերյանի խոսքերով` «Եթե ի սկզբանե բանկերի հիմնական գործառույթները` նախեւառաջ տնտեսությանը ֆինանսավորել, վարկավորել, նպաստել զարգացմանը, չեն իրականացվում, մնացածը` ֆինանսական միջնորդի դերն ինքնանպատակ է»: Աշոտ Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ ԿԲ որոշումը կարագացնի բանկերի սեփականատերերի միջեւ բանակցային գործընթացը` միաձուլման առումով: «Երբ ախտորոշում են խնդիրը, կապիտալը չէ առաջնայինը, ԿԲ նախագահ Ջավադյանն ինքն էլ է այսպես ասել, բայց որպես դեղամիջոց դա է տալիս: Հայաստանում կապիտալ-ակտիվներ հարաբերակցությունը լավ ցուցանիշներ ցույց չի տալիս, կապիտալը մեծ ներդրում չի դառնում, փողն այնպես չի շրջանառվում, ինչպես միջազգային միջինն է, պարզ ասած` կապիտալը մեզ մոտ բարձր է: Խնդիրն, իրոք, իրական հատվածում է, խնդիրն այն է, որ դրա լուծումը տարիներ շարունակ, որ ռազմավարական է եղել, լուծում չի ստացել, ու ստացանք ճգնաժամ:
Կարդացեք նաև
Պատճառն այն է, որ մենք չունենք արդյունավետ ֆինանսական շուկա: Մենք ունենք ուղղակի բանկային շուկա, քիչ բանկեր, դրանք էլ ինչ-որ չափով մենաշնորհային են, ամեն մեկն ինչ-որ նիշա է գտել եւ այդտեղ է աշխատում, մրցակցությունը մեծ չէ: Չկան պարզ շուկայական գործիքներ, որպեսզի շուկան արագ արձագանքի ցանկացած փոփոխության: Ներդրողների համար փոխարժեքի ռիսկի նվազեցումն առաջնային է, այս գործիքը չկա: Մենք չունենք հասարակ «սպոտ» շուկա, կինո Երեւանի դիմաց ժամանակին եղել է ստվերային «սպոտ» շուկա, փոխանակման կետեր կային, հետեւի ստվերային շուկայում մեծ գումարներ էին շրջանառվում, փոխանակման բոլոր կետերը փոխկապակցված էին: Ցանկացած տեղ, եթե մեծ գումար էիր փոխանակում, ինքը մտնում էր միջանցք ու հայտարարում՝ ո՞վ կփոխի, եւ շատ արագ մեծ գումարները կարողանում էին փոխանակել: ԿԲ-ն վերացրեց, փորձեց տեղափոխել միջբանկային համակարգ կամ բորսա, բայց չաշխատեց, չկայացավ, որովհետեւ դեռեւս կանխիկ գործարքները գերակայում են, անկանխիկը բանկերը հրաժարվեցին իրականացնել նոյեմբերին»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2015