Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու պրեմիերա՝ մեկ երեկոյի ընթացքում

Հունվար 31,2015 14:00

Շեփորահար Ռամ Օրենն ու Ալեքսեյ Կուրբատովն
առաջին անգամ կներկայանան հայ հանդիսատեսին

«Առավոտը» զրույցի հրավիրեց առաջին անգամ Հայաստան այցելած ճանաչված արվեստագետներ՝ դաշնակահար, կոմպոզիտոր Ալեքսեյ Կուրբատովին (Ռուսաստան), շեփորահար Ռամ Օրենին (Իսրայել): Նրանց հետ էր մեր իսրայելաբնակ հայրենակից, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը: Մեր զրուցակիցները հայտնեցին, թե իրենց համար պատիվ է բեմ բարձրանալ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, մանավանդ որ, վերջինիս ընթացիկ համերգաշարը նվիրված է Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին: Համերգը կղեկավարի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:

Ռամ Օրենը հայտնեց, որ հայ արվեստը, մասնավորապես՝ երաժշտական, սկսել է խորը ուսումնասիրել դեռեւս 30 տարի առաջ, երբ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ ձայնագրել է հայ կոմպոզիտորի ստեղծագործություն, իր խոսքերով՝ աշխարհի հայտնի շեփորահարների համերգային ծրագրերում մշտապես տեղ գրաված Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի եւ նվագախմբի կոնցերտը: Հետաքրքրությանը՝ հեղինակը լսե՞լ է այդ կատարումը, շեփորահարը պատասխանեց. «Նուբար Ասլանյանը կապվել էր Ալեքսանդր Հարությունյանին եւ իր գոհունակությունը հայտնել՝ հարությունյանական կոնցերտի իմ մեկնաբանության առիթով: Ցավոք, այդպես էլ չստացվեց պարոն Հարությունյանի հետ իմ հանդիպումը, բայց Ասլանյանն ինձ փոխանցեց, որ հեղինակը գոհ է մնացել՝ լսելով ձայնագրությունը»: Ինչ վերաբերում է հունվարի 30-ին Ազգային օպերային թատրոնում կայանալիք համերգին, Ռամ Օրենը հանդես է գալու Նուբար Ասլանյանի «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի (համաշխարհային պրեմիերա) կատարումով:

Երաժիշտն ասում է. «Հուսով եմ, որ առաջիկա այցերիցս մեկի ժամանակ Հայաստանում կհնչեցնեմ Հարությունյանի Շեփորի կոնցերտը, որի մասին երազել եմ»: Նա հավելեց նաեւ, որ երբ ծանոթանում էր Հարությունյանի կոնցերտին, իր ականջին մեղեդին հնչում էր իբրեւ հրեա կոմպոզիտորի գործ. «Նորություն չէ, որ մեր ժողովուրդներին կապում է ոչ միայն ցեղասպանության փաստը, այլեւ աշխարհում գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում մեր մասնագետների ընդունված լինելը»:

Ալեքսեյ Կուրբատովն էլ Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի սեփական ստեղծագործույթունը՝ Դաշնամուրի երկրորդ կոնցերտը նվագախմբի հետ՝ Դավիթ Մնացականյանի թեմաներով: Իմիջիայլոց, Դավիթ Մնացականյանը ժամանակին ստեղծագործական ուղին սկսել է Երեւանում՝ որպես Օհան Դուրյանի ղեկավարած հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար: Հետագայում, իբրեւ դիվանագետ, շուրջ 40 տարի ներկայացրել է Ռուսաստանը Ավստրիայում, Գերմանիայում, Հնդկաստանում եւ Շվեդիայում, ունի ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանորդի կարգավիճակ: Դավիթ Մնացականյանը աշխատանքին զուգահեռ՝ ստեղծագործել է եւ իր կոմպոզիցիաները հնչեցրել հայտնի մենակատարների ու նվագախմբերի մեկնաբանությամբ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այն երկրներում, որտեղ դիվանագիտական գործունեություն է ծավալել:

«Կոլեգաս՝ դաշնակահար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը միտք հուշեց Դավիթ Մնացականյանի թեմաներով դաշնամուրային կոնցերտ գրելու մասին: Կոնցերտում օգտագործել եմ Դավիթ Մնացականյանի մեղեդիները: Կարծում եմ՝ Հայաստանում առաջին անգամ հնչող այս երկը ունկնդիրը պետք է որ ջերմ ընդունի, քանի որ ըստ իս՝ այստեղ օրգանապես միաձուլվում են թեմատիկ նյութի ջերմությունն ու անմիջականությունը եւ, իհարկե, դաշնամուրային կոնցերտի նվաճումները: Կոնցերտի առաջին կատարողը դարձավ Գինդինը՝ Մոսկվայում, 2013թ., այն հնչեցնելով «Ռուսսկայա ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, ամերիկացի դիրիժոր Անդրիս Պոգայի ղեկավարությամբ»,- հայտնեց Ալեքսեյ Կուրբատովը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Ռամ Օրենը (ձախից), Նուբար Ասլանյանը եւ Ալեքսեյ Կուրբատովը:

«Առավոտ» օրաթերթ
30.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ուրեմն այսպես. Տանը(Հայֆա) նստած լսում էի «Երաժշտության ձայնը»ռադիո հաղորդումը:Ու մի պահ հնչեց Ալ.Հարությունյանի Կոնցերտը:Բավական ունկնդրելուց հետո վերցրեցի հեռախոսն ու զանգահարեցի Երեւան,Ալ.Հարությունյանին ,ասացի ինչ եմ լսում ,եւ հեռախոսափողը մի քանի րոպե դրեցի ռադիոյի վրա…:Ժամանակ անց,համերգներից մեկի ժամանակ Թել Ավիվում ծանոթացա Ռամ Օրենի հետ եւ երբ իմացա,որ Ռամը շեփորահար է՝ պատմեցի ռադիոյով լսածս դեպքը:Հարցրեց – իսկ ով էր նվագում,ասացի՝ չգիտեմ:Ասաց, – նվագողը ես եմ … Այսպես ծանոթացանք.Եւ օրերից մի օր Ռամը ,որ մեր խոսակցությունից արդեն գիտեր ով եւ ինչ լինելս,զանգահարեց եւ խնդրեց հեղինակածս «Կոնցերտին»ի նոտաները,որը նվագեց Իսրայելի չորս քաղաքներում…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031