Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի Թաքսիմ հրապարակի համար ցույցերով պայքարողներն ապրիլի 24-ին գալիս են Հայաստան

Հունվար 31,2015 13:30

Ըստ Հրանուշ Խառատյանի՝ պետք չէ զգուշանալ

Twitter-ում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի համար պայքարող շարժումը, որը հետագայում վերածվեց մեծ կազմակերպության եւ որի մեջ մտան մի շարք բնապահպանական եւ մարդու իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններ` վերածվելով «Դուրդե» անունը կրող մի կազմակերպության՝ մտադիր է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին գալ Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Զգուշանա՞լ, արդյոք, այս կազմակերպության հայաստանյան այցից, թե՞ ոչ, որովհետեւ չմոռանանք, թե նրանք ինչպես էին պայքարում Թաքսիմ հրապարակի համար, ինչ մակարդակի ցույցեր էին անում, եւ տեղի ոստիկանությունն ինչպես էր նրանց նկատմամբ ուժ կիրառելով՝ փորձում ցրել: «Առավոտի» հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պատասխանելով մեր հարցերին, արդյոք սա սադրանք չէ՞, գուցե նրանք գալիս են ոչ թե հարգանքի տուրք մատուցելու, այլ «հարամելու», պատասխանեց. «Չեմ կարծում, որ սադրանք է, բայց չեմ բացառում երկու բան: Առաջինը, որ ընդհանրապես Թուրքիայի արեւմտյան հատվածի, Ստամբուլի տարածքում գտնվողների մեջ իսկապես Թուրքիայի դրական իմիջ (ոչ թուրքական ներքին ընկալմամբ), եւ ինչ-որ չափով միջազգային ընկալմամբ դրական իմիջ ձեւավորելու մտահոգություն կա: Եվ ոչ միայն PR իմիջ, այլ իսկապես Թուրքիայում դրական փոփոխություններ անելու: Կարծում եմ՝ այդ ամբողջ շարժման մեջ, զգալի չափով կա մարդկանց ե՛ւ թիվ, ե՛ւ պոտենցիալ: Երկրորդ՝ ես համոզված եմ նաեւ, որ սա PR ակցիա է թուրքական իշխանությունների դեմքը լվանալու, բայց եւ վստահ եմ, որ կլինեն նրանց մեջ մարդիկ, որոնք իրենց գործողությունները համաձայնեցնում են իշխանությունների հետ եւ հետագայում դա ինչ-որ ձեւերով կօգտագործվի՝ թե մամուլում, թե Թուրքիայում կատարվող ընդհանուր զարգացումների ուղղություններում, այլ իրավիճակներում: Ամեն դեպքում, սադրանք այստեղ չեմ տեսնում:

Մեր ցեղասպանության հարյուրամյա տարելիցի մեջ բացասական բան ներդնելու կամք չեմ տեսնում ու կարծում եմ, որ մենք պետք է դրան նորմալ վերաբերվենք»:
Հաջորդ հարցին էլ՝ չզգուշանա՞նք, արդյոք, դուրդեականներից, Հրանուշ Խառատյանը պատասխանեց՝ այն, որ ապրիլի 24-ին գալու են թուրքեր ոչ միայն Թուրքիայից, այլեւ աշխարհի տարբեր տեղերից, կարելի է դրանում չկասկածել: Ըստ նրա, վերոնշյալ անձինք կգան եւ քաղաքական նկատառումներով, որը կարող է հեռու լինել իրական ցեղասպանության ճանաչման իրական խնդիրներից: «Գալու են նաեւ մարդիկ, որոնց մտահոգությունն անշուշտ Թուրքիան է, ես չեմ բացառում, որ լինեն այնպիսիք, որոնք իսկապես ընդունում են այդ ճշմարտությունը եւ հանուն այդ ճշմարտության՝ կուզենային թեկուզ իրենց ներկայությամբ նպաստել դրան: Բայց, կրկնում եմ, բոլոր տարբերակներով էլ կլինեն՝ ե՛ւ եվրոպական երկրների տարբեր հետազոտական կենտրոնների, լրագրողական տարածքների, նույնիսկ քաղաքական շրջանակների անձինք, վստահ եմ, որ նրանք իրենք իրենց կներկայացնեն եւ նրանց շարքերում անպայման կլինեն դեռեւս 60-ականներին Թուրքիայում իրենց սոցիալիստական հայացքների պատճառով հետապնդված փախստականներ ու նրանց սերունդներ: Սրանք բոլորը ինչ-որ մի աշխարհայացքի կրողն ու ներկայացնողներն են, որի մեջ տեղավորվում է նաեւ ցեղասպանության նկատմամբ որոշակի դիրքորոշում, իսկ այդ դիրքորոշման մեջ կարող է լինել հետահայաց Թուրքիայի պատմության հետ առերեսվելու եւ դրա միջոցով թուրք հասարակությունը ինչ-որ չափով մաքրելու ցանկություն: Կարող է լինել նաեւ պարզ քաղաքական հետաքրքրությունը եւ հետագայում շահարկման նպատակով այն օգտագործելը: Այս ամբողջ խճանկարը կարող է լինել, բայց մենք չպետք է վախենանք սադրանքից: Եթե մարդիկ ունեն ցանկություն սադրելու, դա միայն կխոսի Թուրքիայի ու թուրքերի դեմ: Բայց եւ այն կարող է հատուկ նյութ հավաքելու նպատակ ունենալ, հետագայում վերլուծելու, քննարկելու, նաեւ ինչ-որ ձեւով անվանարկելու հարյուրամյա տարելիցի միջոցառումները: Եվ մենք պետք է ընդունենք դրա հնարավորությունը»,- հավելեց Հրանուշ Խառատյանը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Թաքսիմ հրապարակի ցույցի լուսանկարը՝ pressmonitoring.wordpress.com

«Առավոտ» օրաթերթ
30.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031