Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Ազարյան. «Ցավալի է, որ մեզանում սպորտային մարմնամարզությանը պատշաճ ուշադրություն չի դարձվում»

Հունվար 31,2015 13:00

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ «Առավոտն» օրերս զրուցել էր նախաօլիմպիական 2015 թվականին մարզիկների առջեւ դրված խնդիրների եւ եկող տարի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության եւ ծրագրերի շուրջ:

Զրույցի ընթացքում իր իսկ անունը կրող մարզադպրոցի դահլիճում մարզվում էր նաեւ 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, 86-ամյա Ալբերտ Ազարյանը, որի հետ նույնպես զրուցելու առիթը բաց թողնել հնարավոր չէր:

– Պարոն Ազարյան: Հավաքականի գլխավոր մարզիչն արդեն ներկայացրեց հավաքականի առջեւ դրված խնդիրները: Բայց ցանկացած ծրագիր իրականացնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ են միջոցներ եւ համապատասխան պայմաններ, առավել եւս` սպորտային մարմնամարզության պես բարդ մարզաձեւում:

– Իմ մարզական կարիերայի ընթացքում բազմաթիվ մրցումների եմ մասնակցել` երկու օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների եւ այլն: Դա Խորհրդային Միության տարիներին էր: Ինչի՞ հիշեցի: Որովհետեւ մեր ժամանակ ամեն մի մրցումից առաջ մեծ աշխատանք էր կատարվում: Այսինքն, մեզ պատրաստում էին այնպես, որպեսզի ոչ միայն մասնակցեինք օլիմպիական խաղերին կամ աշխարհի առաջնություններին, այլեւ հաղթել: Հիմա, պարզապես, զարմանում եմ: Մեր մարզագործիքները չեն համապատասխանում միջազգային ստանդարտների պահանջներին: Դրան գումարած` այնքան միջոցներ չունենք, որպեսզի մեր գոնե առաջատար մարզիկներին անհրաժեշտ քանակով գործուղենք այլ երկրներում մարզվելու, որպեսզի դրանից հետո միջազգային վարկանիշային մրցումներում օլիմպիական որակավորումներ հավաքենք: Այ, նայեք: Այս պահին մեր լավագույն մարզիկներից Արթուր Դավթյանը ցատկեր է կատարում: Եթե գործիքը լավը լիներ, նա կարող է նաեւ չեմպիոն էլ դառնա: Ուզում եմ ասել, որ մեր ունեցածը միջազգային մրցասպարեզներում եղածներին չի համապատասխանում:

– Ֆեդերացիայի բյուջեն, հասկանալի է, լավ ու անհրաժեշտ ծրագրեր իրականացնելուն չի բավարարում: Այդ բացը հովանավորների միջոցով լուծել չե՞ք փորձում:

– Իհարկե, այդ ուղղությամբ աշխատում ենք: Տեսեք, երկար տարիների ընթացքում մենք առաջին անգամ ՀԱՕԿ-ի ծախսերով ուսումնամարզական հավաք անցկացրինք Ծաղկաձորում: Բայց այնտեղ մեզ անհրաժեշտ գործիքներ չկան: Դրա համար այդ հավաքը մարզիչները նվիրեցին ընդհանուր ֆիզպատրաստվածությանը: Հիմա եկել ենք մեր մարզադպրոցի դահլիճ ու տղաները մարզվում են: Բայց սպորտային մարմնամարզությունը շատ բարդ ու գերճշգրիտ մարզաձեւ է, կարելի է ասել` մյուս բոլոր մարզաձեւերի հիմքը: Ինչ արած, պետք է յոլա գնալ եղածով: Ու ի պատիվ մեր մարզիչների ու մարմնամարզիկների, այս պայմաններում էլ նրանք լուրջ արդյունքներ ցույց են տալիս: Ես, օրինակ, շատ ուրախ ու հպարտ կլինեմ, եթե իմ մարզիկներից երկուսը Ռիո դե Ժանեյրոյի ուղեգրեր նվաճեն, ինչպես ժամանակին հպարտ էի որդուս` նույնպես օլիմպիական չեմպիոն Էդուարդ Ազարյանի համար:

– Ասացիք, որ հովանավորներ եք փնտրում: Հիմա չունե՞ք:

– Ոչ: Չունենք:

– Իսկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյա՞նը:

– Եկեք մի բան հստակ տարանջատենք: Մեր մարզադպրոցը գործում է քաղաքապետարանի ենթակայության ներքո եւ հոգսերով պետք է քաղաքապետարանը զբաղվի: Ճիշտ է, կարծես, խոստանում են մեր մարզադպրոցը նորոգել: ՀԱՕԿ-ը աջակցում է հավաքականին: Ես անհարմար եմ զգում եւ ամեն հարցով չեմ դիմում պարոն Ծառուկյանին: Թեեւ, վստահ եմ, նա հնարավորը կանի:

Ժամանակին հանրապետության ամբողջ տարածքում 230 մարզադպրոց էր գործում ու ամեն տեղ էլ մարզագործիքներ կային: Մարզիչներին ուղարկում էինք տեղերում կադրեր ընտրելու: Հիմա, բացի Երեւանից, մարզադպրոց կա Գյումրիում եւ Վանաձորում, այն էլ` մեզանից ավելի վատ պայմաններով: Շրջեք Երեւանի բոլոր վարչական շրջաններով եւ բացի մեր ու Հրանտ Շահինյանի մարզադպրոցից, մարզագույքով մի դահլիճ գտեք: Չկա: Իմ մարզադպրոցում 13-16 տարեկան լավ-լավ երեխաներ կան, որոնց ապագա տալ է պետք ու նրանք կարող են մարզական բարձունքների հասնել: Բայց ինչպե՞ս: Ինչո՞վ: Ցավալի է, որ մարմնամարզությանը պատշաճ ուշադրություն չի դարձվում: Ինչեւէ: Եկեք այս զրույցը հետաձգենք մինչեւ 2016 թվականի օլիմպիական խաղերի ավարտը, որից հետո կրկին կխոսենք:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031