«Ինչ կմտածեր, կասեր ճակատին. պարզ ու շիտակ ընկեր էր»
«Աստված ոչ աներ, եթե իր ընկերներից մեկի մատը փուշ մտներ. ամեն ինչ կաներ, որ ընկերոջն օգներ, նույնիսկ, եթե ի վնաս իրեն լիներ: Գոռը շատ ընկերասեր էր ու համարձակ. տենց տղա քիչ ա լինում»,- Գոռի մասին պատմում է ընկերը՝ Կարենը:
27-ամյա Կարենը Գյումրիից է եւ հիշում է, որ Գոռի հետ առաջին անգամ հանդիպել են վիճաբանության ժամանակ:
«Սկզբում շատ ուժեղ կռիվ արեցինք, իմ ծանոթներից մեկին էր նեղացրել: Ահագին վեճ-վիճաբանություն եղավ, բայց հետո սկսեցինք քաղցր ընկերություն անել, էնքան քաղցր, որ մարդիկ հազար տարիներով կերազեին»,- ասում է Կարենը:
Գոռ Բաբայանը ծնվել է 1986թ. սեպտեմբերի 10-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1993-ին ընդունվել է Աբովյանի թիվ 1 միջնակարգ դպրոց, հետո տեղափոխվել է 4-րդ դպրոց, որն ավարտելուց հետո սովորել է ուսումնարանում՝ ստանալով ավտոփականագործի ու վարորդի մասնագիտացում:
Ծնողներն ասում են, որ դպրոցում մինչեւ չորրորդ դասարանը սովորել է գերազանց առաջադիմությամբ, այնուհետեւ սկսել է դասերին ավելի քիչ ուշադրություն դարձնել: «Ուղարկում էի դպրոց, բայց հետո պարզում էի, որ դպրոց չի հասնում: Դասղեկը զանգում էր, ասում՝ տիկի՛ն Գայանե, Գոռը դպրոց չի գալիս, ասում էի՝ բայց ուղարկել եմ: Գնում էի, տեսնում, որ դպրոցի դիմաց մի կիսակառույց շենք կա, պայուսակը տարել, դրել ա էնտեղ ու ինքը չկա: Իսկ հենց իմանում էր, որ դպրոց եմ գնում, վազելով գնում էր ու ինձնից շուտ էր մտնում դպրոց: Տնօրենն ասում էր՝ ո՞նց եղավ, որ Գոռը քեզնից շուտ եկավ: Դասընկերները հեռվից հասկացնում էին, որ մամադ գալիս ա, արի՛: Իր բոլոր ուսուցչուհիների հետ իմ տղեն շատ մտերիմ էր. նույնիսկ նրանց ընտանեկան քեֆերին էր մասնակցում: Շատ ճարպիկ տղա էր, շատ ջիգյարով: Քաղաքի մի ծերից մյուսը դասարանի աղջիկներին ոտքով դպրոցից տուն էր տանում: Թող փորձեր մեր թաղի աղջիկներին մեկը նեղացներ…»,- հիշում է մայրը՝ Գայանեն:
Հարեւանուհին՝ Կարինեն, հիշում է, որ երբ ինքը տեղափոխվել է Աբովյանի այդ թաղամաս բնակվելու, հարեւաններից առաջինը Գոռի հետ է ծանոթացել. «Երբ ես եկա այս փողոց, առաջինն իրան եմ ճանաչել: Մի օր գյուղից գալիս էի, մի որոշ տեղ պետք է քայլեի, ծանր տոպրակներ կային ձեռքիս: Գոռը հեծանիվ էր քշում, հանկարծ հեծանիվը թողեց, եկավ, ասեց՝ մորքո՛ւր ջան, սպասի քեզ օգնեմ, ասացի՝ ծանր ա, ասաց՝ ոչինչ, ու բերեց, հասցրեց մինչեւ տուն: Հիմա ոչ մի երեխա էդպես բան չի անի»:
Ընտանիքի անդամները պատմում են, որ Գոռը շատ մտերիմ է եղել իր հարազատների հետ. հոր եւ եղբոր հետ մտերիմ ընկերների պես են եղել, իրարից գաղտնիք չեն ունեցել: Սամսոն պապն էլ հիշում է, որ Գոռն իրեն շատ էր օգնում. «Իրար հետ աշխատում էինք, չէր թողնում, որ գործիքները վերցնեմ, ինքն էր տանում-բերում: Ասում էր՝ պապի՛ ջան, ես քեզ շատ եմ սիրում, ես էլ ասում էի՝ ես էլ քեզ եմ շատ սիրում ու պիտի սիրեմ մինչեւ մեռնել: Նրան բոլորն էլ ճանաչում էին մեր քաղաքում ու շատ էին սիրում. նրա ծիծաղը, ասել-խոսալը լրիվ ուրիշ էր»:
«Բոքս, բարբա, կարատե էր պարապում, մասնակցել է սպորտային տարբեր մրցումների, պատվոգրեր էլ ունի: Հիմա հուշամրցումներ են կազմակերպվում իր պատվին»,- ասում է Գոռի հայրը՝ Վանիկը, ով որդու մասին երկար խոսել չի կարողանում. հուզմունքը խեղդում է:
Մայրը պատմում է, որ Գոռը շատ էր սիրում տոներ, հատկապես՝ Ամանորը եւ միշտ նվերներ ու ծաղիկներ էր նվիրում մորը եւ սիրած աղջկան:
«Երեւի ութերորդ դասարանից սիրում էր էդ աղջկան: Պապիկի հետ աշխատել էր, գաջ էր քաշել ու ընկերուհու «Վերջին զանգ»-ին էնքան մեծ ծաղկեփունջ էր նվիրել, որ դպրոցում բոլորը զարմացել էին: Ամեն առիթներին նվերներ էր անում: Իր բոլոր հարցերն ինքնուրույն էր լուծում, ամեն բան ստեղծում էր, աշխատող էր շատ, երբեք չէր ասի, որ մամաս, պապաս աշխատում են, ինչ ուզում են, թող անեն», -հիշում է Գայանեն:
Գոռի մասին հարազատներն ու ընկերները շատ երկար կարող են խոսել. մանկության ընկերը՝ Հայկը, իր ընկերոջը հիշում է որպես պարզ ու շիտակ խոսողի. «Մանկուց իրար հետ ընկերություն ենք արել, Գոռի մեջ մենակ մաքրություն ենք տեսել, շատ ջերմ ընկեր էր: Շատ պարզ էր. մարդու մասին ինչ կմտածեր, կասեր ճակատին, երբեք հետ չէր կանգնի իր խոսքերից: Մանկության տարիներին շատ չարաճճիություններ ենք արել, ինքը շատ ճարպիկ էր»:
Դպրոցն ավարտելուց հետո՝ 2004-ին Գոռն անցնում է զինվորական ծառայության:
Այժմ Բաբայանների ընտանիքում մեծանում է կրտսեր Գոռիկը՝ Գոռի եղբոր որդին, ով, ինչպես հարազատներն են նշում, շատ նման է հորեղբորը:
«Գոռն էլ էր շեկ, սպիտակամաշկ: Շատ նման ա թոռս իրա հոպարին՝ բնավորությամբ, դիմագծերով, շարժուձեւով…»,- ասում է Գայանեն:
Սամսոն պապն էլ ավելացնում է. «Գոռը հարգանքով տղա էր, իրեն շրջապատում բոլորը հարգում ու սիրում էին, քանի որ հասկանում էր թե՛ մեծին, թե՛ փոքրին: Գոռն ընդամենը 19 տարի ապրեց, բայց էն հարգանքն ունեցավ, որ նույնիսկ 80 տարեկանը չի ունենա: Թո՛ղ Գոռիս նման բալեքն ուրախ լինեն, թո՛ղ սենց չգնան»:
Գոռ Բաբայանը զոհվել է 2005-ի դեկտեմբերի 9-ին՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի արձակած գնդակից: Նա 19 տարեկան էր:
«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք զանգահարել 098804800:
Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Լուսանկարում` Գոռը՝ մոր՝ Գայանեի հետ:
«Առավոտ» օրաթերթ
30.01.2015