Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Սարո Պետրոսյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2014թ. օգոստոսի 26-ին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել 1999թ. փետրվարին ծնված համագյուղացի աղջկա հետ, վարել համատեղ ամուսնական կյանք, նրա հետ սեռական հարաբերություններ ունեցել:
Ս. Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, որը կատարվել է քսանմեկ տարին լրացած անձի կողմից»): Նրան այդ հոդվածով սպառնում էր 4-10 տարի ազատազրկում: Ս. Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսօր՝ հունվարի 30-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ս. Պետրոսյանին մեղավոր ճանաչելով առաջադրված հոդվածում՝ նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման:
Դատարանը կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը՝ վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով 2 տարվա փորձաշրջան:
Կարդացեք նաև
Հղի վիճակում գտնվող աղջկա մայրն, ով ազգությամբ եզդի է, դատարանում ասել է, որ իր աղջիկը կարող էր 15 տարեկանից ավելի վաղ հասակում ամուսնանալ: Նշված ամուսնությունը կայացել է հանդիսավոր կերպով, տասնյակ համագյուղացիների մասնակցությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ