Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնն ուժեղացնում է»

Հունվար 30,2015 22:35

Կառավարությունը կարծես փորձում է փոքր քայլերով մեգանախարարությունը թուլացնել, կամ, ավելի ճիշտ` նրանից որոշ լծակներ վերցնել սեփական հսկողության տակ: Այսօր կառավարությունը որոշում է կայացրել «Գնումների աջակցման կենտրոն» (ԳԱԿ) պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել ՀՀ  կառավարության աշխատակազմին: Նախկինում այս կենտրոնը ֆինանսների նախարարության էր, այսպես ասած, պատկանում:

«Թրանսփարենսի Ինթերնեյշն» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ գնումների աջակցման կենտրոնը ֆիննախի ներքո էր, ապա այս կառույցների միջեւ շահերի բախում էր լինում, ուստի կառավարության որոշումը կարելի է դրական համարել: Իսկ շահերի բախում էր տեղի ունենում, երբ ասենք, պետգնումներին մասնակցած որեւէ ընկերություն դիմում էր ներկայացնում կենտրոն եւ բողոքարկման խորհուրդը պիտի դիմումը քններ, իսկ ֆիննախն էլ գնումների համակարգի լիազոր մարմինն էր, ապա, ըստ էության, կենտրոնը պիտի իր վերադասին քններ:

«Այս մասին մենք բազմից բարձրաձայնել ենք, սակայն կառավարության որոշման տեղեկանքում մեր կազմակերպության անունը չկա գրված, երեւի ամոթ են համարել նշել»,-ասաց պարոն Մանուկյանը:

Փորձագետի դիտարկմամբ` ԳԱԿ-ը «հանձնելով» կառավարության աշխատակազմին, մի փոքր անկախություն են տալիս նրան, որպեսզի մի քիչ ազատ լինի ֆիննախի կազմակերպած գնումները քննելիս: «Բայց այստեղ մեկ այլ բան կա` փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին կառավարության այս թիմի մեջ պահելը: Տեսեք, Սերժ Սարգսյանը խնդիր ունի իրավահաջորդ փնտրելու, լուրջ մասնագետների կարծիքներ կան, որ, ըստ էության, ինքն ուզում է վարչապետի պաշտոնը բավականաչափ ուժեղացնել: Հիմա գնումների  աջակցման կենտրոնը տանելով կառավարություն, վարչապետի պաշտոնի ուժեղացման ընդհանուր քաղաքականության մի մասն է, եւ նաեւ` որպեսզի ֆիննախը մի քիչ թուլանա, վարչապետի գործոնն էլ մի փոքր ավելանա: Վաչե Գաբրիելյանը լինելով հանրային կառավարման լավ մասնագետ, ինքը այդ կարեւորագույն գործառույթների ճարտարապետն է»:

Պարոն Մանուկյանն անդրադառնալով գնումների մասին օրենքին եւ գնումների աջակցման կենտրոնի գործառույթներին, նշեց մի շատ կարեւոր թերություն, որն, ըստ փորձագետի, պետք է վերանայվի:

Մասնագետի ներկայացմամբ` երբ պետգնումներին մասնակցած որեւէ ընկերություն բողոք է ներկայացնում, որ մրցույթն արդար չի եղել, ասենք ինքն ավելի ընդունելի ու մատչելի առաջարկ է ներկայացրել, սակայն հաղթող չի ճանաչվել, բողոքարկման խորհուրդն ասենք որոշում է մրցույթը չեղյալ հայտարարել եւ նոր մրցույթ նշանակել: «Այստեղ որեւէ երաշխիք չկա, որ նոր մրցույթում արդարության համար պայքարող ընկերությունը կհաղթի, ըստ էության բողոքող կողմ իր վիճակը չի լավացնում: Մենք առաջարկում ենք գնումների պատվիրատուի վրա փոխհատուցում դնել նման դեպքերում: Նախ` այն ընկերությունը, որը հաղթել է, սակայն այդ մրցույթը չեղյալ են համարել, ինքն արդեն որոշ ծախսեր է կատարել, պայմանագրեր է կնքել, եւ այս դեպքում այն ընկերությանը պատվիրատուն պետք է փոխհատուցում տա: Սա պատվիրատուին մի քիչ զգոնացնելու խնդիր է, այսինքն` եթե տվյալ պատվիրատուի վրա դրվի փոխհատուցման պահանջ, ապա ինքն այսուհետ ավելի ուշադիր կլինի մրցույթներում, որպեսզի խուսափի հետագայում բողոքներից ու մրցույթները չեղյալ համարելուց ու նաեւ իր կողմից տրվող փոխհատուցումներից: Վստահ եմ, այս տարբերակն ավելի կլավացնի մրցույթները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Իրավահաջորդ պետք չէ փնտրել:Մի*թե վերջինը տեղ է թողել մեկ ուրիշի համար:Տղերքը գործի մեջ են:Վերջինն է, պատերազմի խորն շրջանում Ռոբին չհաշված:Ամիսները չհաշված:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031