Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական կայքը, որն այսօրվանից արդեն հասանելի է հանրությանը:
Կայքի այցելուները կարող են ծանոթանալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, դրանց անցկացման ժամանակացույցին, ընթերցել շուրջ 100 տարի առաջ հայկական և արտասահմանյան մամուլում Ցեղասպանության վերաբերյալ տպագրված հոդվածներ և այլ նյութեր:
Կայքի «Պատմիր քո պատմությունը» բաժնում այցելուները կարող են պատմել իրենց ընտանիքի, նախնիների, ականատեսների պատմությունները Հայոց ցեղասպանության մասին: Ի դեպ, այդպիսի պատմություններ արդեն տեղադրված կան վերը նշված բաժնում:
«Այս բաժնի նպատակը ոչ այնքան տեղեկատվական բազա հավաքելն է, որքան տեղեկատվություն տարածելը: Մենք ակնկալում ենք հատկապես աշակերտների և ուսանողների մասնակցությունը, որոնք իրենց տատիկներից ու պապիկներից կհետաքրքրվեն իրենց ընտանիքի պատմության մասին, որը, ինչ-ինչ բարդույթների հետ կապված, շատ հաճախ չի պատմվում: Սա առիթ է, որ մեծերը պատմեն իրենց սերունդներին, թե ինչ կերպ է այս հանցագործությունն առնչվել իրենց ընտանիքին»,- այսօր՝ նորաստեղծ կայքի շնորհանդեսի ժամանակ, ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նրա կարծիքով, «Պատմի՛ր քո պատմությունը» բաժինը կարող է նաև օգնել աշխարհասփյուռ հայությանը՝ գտնելու Ցեղասպանության հետևանքով կորցրած իրենց ազգականներին:
Կարդացեք նաև
Կայքում առանձին բաժնով տեղեկատվություն կա Հայոց ցեղասպանության, մշակութային եղեռնի և ոգեկոչման մասին:
Իսկ ահա «Ճանաչում» բաժնում տեղ է հատկացվել այն պետություններին ու միջազգային, մարդասիրական, հասարակական կազմակերպություններին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
«Գրադարան» բաժնում հնարավոր է գտնել հարուստ ֆոտոարխիվ, վիդեոարխիվ, վիզուալ նյութեր և գրքեր:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ