Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեհանգստի ծառայություն մատուցելու համար առաջարկում են տուրք վճարել՝ մինչեւ 500 հազար դրամ

Հունվար 30,2015 20:15

Այսուհետեւ քաղաքապետարանը մտադիր է նոր տուրք սահմանել՝ հոգեհանգստի ծիսակատարություն եւ ծառայություն մատուցելու թույլտվության համար: Տուրքի չափը կազմում է մինչեւ 500 հազար դրամ:

Այսօր ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում այս հարցի քննարկման ժամանակ փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց, որ բնակիչներից լուրջ դժգոհություններ են ստացել. «Երեւանում 12 հասցեներ գտանք՝ սննդի օբյեկտ, հասարակական սպասարկում, գրասենյակ, գործարանային տարածք եւ այլն, որտեղ մատուցում են հոգեհանգստի, հրաժեշտի, հոգեհացի, մինչեւ հուղարկավորության ծառայություններ: Դրանք տեղակայված են տրանսպորտի առումով բանուկ, խիստ բնակեցված տարածքում, հիվանդանոցների, կրթական օբյեկտների հարեւանությամբ: Բնակչությունը բարձրացրեց իր գրավոր բողոքի ալիքը, որ դա անհարիր է համակեցության կանոններին: Մարդիկ ամեն օր իրենց տուն մտնելիս անգամ դժվարություն էին ունենում: Ամբողջ օրը սեւ, տխուր իրավիճակ՝ իրենց տների հարեւանությամբ: Իրենց երեխաները դպրոց են գնում այդ տարածքով, տրանսպորտի երթեւեկի առումով խնդիր ունեցան, հիվանդանոցների մասով դուրս եկավ դժգոհություն, որ մի տեղ, որտեղ պառկած են կյանքի եւ մահու կռիվ տվող, պայքարող մարդը, հարեւանությամբ ամեն օր սգո երաժշտությունը, այդ արարողությունը, այդ տխուր պատկերը»:

ՀՀ օրենսդրությամբ հոգեհանգստի ծառայության իրականացման եւ կամ մատուցման կարգը եւ դրանց իրականացման տեղակայման վայրերը սահմանված չեն, ինչի հետեւանքով հնարավոր չէ կատարել համապատասխան հսկողություն տվյալ գործունեության նկատմամբ:

Քաղաքապետն առայժմ այդ օբյեկտների գործունեությունը  կասեցրել է, որպեսզի օրենքի ուժով կարգավորի խնդիրը, այսինքն, սահմանափակումներ մտցնեն տարածքի, պայմանների Կառավարությունը դրա համար առաջարկում է օրենսդրական մի ամբողջ փաթեթ՝ ընդհանրապես այդ սգո ծառայությունների հետ կապված խնդիրները լուծելու: Առաջարկվում է «Երեւանի ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարել: Առաջարկվում է նաեւ լրացումներ կատարել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում:

Կամո Արեյանն ասաց. «Ներմուծվել է քաղաքացիական հոգեհանգիստ հասկացությունը, որն օրենքում չկար, այնտեղ  բացատրվում է ինչ է քաղաքացիական հոգեհանգիստ՝ ծիսակատարություն ազգային ավանդույթների համաձայն, մահացածին հողին հանձնելուց առաջ հրաժեշտի արարողություն: Հոգեհանգիստն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ մահացածի հարազատների կամ հուղարկավորությունը ստանձնած անձանց նախաձեռնությամբ»:

Օրենքում նաեւ ամրագրելու է, որ հոգեհանգիստը կարող է իրականացվել բնակելի տներում, բազմաբնակարան շենքերի սեփական բնակարանում, եկեղեցիներում եւ այն շենքերում, որտեղ իրականացվում կամ մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ: Բայց այդ ծառայություն մատուցող շենքերի պայմանները թելադրելու է տվյալ համայնքի ավագանին: Առանց ավագանու չափորոշիչների, չի թույլատրվելու նման ծառայություն մատուցել:

Իսկ որպեսզի համայնքը թույլտվություն տա, որ նման ծառայություն մատուցվի, պետք է տուրք վճարեն, որը կմտնի համայնքի բյուջե: Նրանք, ովքեր առանց թույլտվության կփորձեն հոգեհանգստի արարողություն կազմակերպելու ծառայություն մատուցել՝ կպատժվեն նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Կամո Արեյանն ասաց, որ հաշվի են առել միջազգային փորձը. «Լոնդոնում, ունենալով վերահուղարկավորության կարգ, արդեն անցնում են մասնավոր ծառայությունների իրականացմանը, ԱՄՆ-ում անգամ դիատար մեքենան արգելում են հանրակրթական դպրոցների դեմով անցնել: Առանձնացված են բոլոր վայրերը, տարել են գերակշիռ մասը քաղաքից դուրս, ԱՄՆ-ում 2 կմ հեռավորություն պետք է լինի քաղաքից:  Մոսկվայում էլ որոշել են հանել այդ կենտրոնները բնակելի տարածքներից եւ տանել գերեզմանատների տարածք կամ դրանց հարող տարածքներ: Բոլոր երկրներում այս հարցը եղել է խնդրահարույց եւ կարգավորվել է օրենքի ուժով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031