«Ես գործընկերներիս հետ դիտել եմ այդ ֆիլմը, այն գործընկերներիս, որոնց կարծիքն ինձ համար կարևոր է՝ հասկանալու համար, թե որքանով կարող է այդ ֆիլմն օգտակար լինել մեր ազդակները տեղ հասցնելու առումով: Ֆիլմը դիտելով՝ մենք եկանք այն եզրակացության, որ չենք օգտագործելու մեր պաշտոնական միջոցառումների շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) սցենարով նկարահանված «Հիշողություն» ֆիլմին, ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ ֆիլմի մասին ունի իր անձնական կարծիքը, իսկ պաշտոնական հանձնախումբը դիրքորոշում չունի: «Սա գեղարվեստական ստեղծագործություն է, որը ոմանք կարող են հավանել, ոմանք՝ ոչ: Ես գտնում եմ, որ իր գեղարվեստական արժանիքներով՝ ֆիլմը չունի այն ուժը, որն անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության ազդակները տեղ հասցնելու համար: Շատերը կարծում են, որ ֆիլմի ստեղծման մեջ մեծ ջանք, ֆինանսական ռեսուրսներ են ներդրված, հաջողված տեսարաններ կան, դերասանական կազմ, օպերատորական աշխատանք և այլն: Խոսքը դրա մասին չէ, այլ նրա, թե որքանով է այդ ֆիլմը լավ գործիք՝ մեր ազդակները տեղ հասցնելու համար»,- ասաց Վ. Սարգսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ