Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային պայքարն ապրիլի 24-ով չի ավարտվի». Վիգեն Սարգսյան

Հունվար 30,2015 18:15

«Շատերը կարծում են, թե Ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո Հայաստանում և Սփյուռքում մարելու է պայքարը: Ովքեր հույս ունեն, թե 2015-ից հետո այլևս չեն զգալու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայության ճնշումը, չարաչար սխալվում են: Սա թյուր հաշվարկ է: 100-ամյակը առիթ է հայության նոր վերելքի ու համախմբման համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը՝ վստահեցնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային պայքարն ապրիլի 24-ով չի ավարտվի:

Իսկ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված միջոցառումները կմեկնարկեն մարտի 18-20-ը Երևանում կայանալիք «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա համաժողովով, որին կմասնակցեն տարածաշրջանային և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Սա միջազգային լրագրողներին նախապատրաստելու լավ հնարավորություն է՝ ապրիլի 22-24-ը մեր կողմից անցկացվող միջոցառումները պատշաճ լուսաբանելու և դրանց շուրջ միջազգային արձագանք ապահովելու համար»,- նկատեց Վ. Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ապրիլի 22-23-ը Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» թեմայով հասարակական-քաղաքական համաժողովը, որը հարթակ կապահովի այդ թեմայով քննարկումների համար:

Ապրիլի 23-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների և մարտիրոսների սրբադասման արարողությունը, որից հետո Երևանում՝ Հանրապետության հրապարակում, կկայանա աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի համերգը: «Խմբի տղաները երկար տարիներ պայքար են մղում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Հանձնաժողովը որոշեց, որ ճիշտ կլինի, եթե 100-ամյա տարելիցի օրը հայության պահանջն արվեստի միջոցով հնչեցնեն հենց այս խմբի տղաները, որոնք, ի դեպ, երևանյան համերգից առաջ հանդես կգան միջազգային համերգաշարով (Լոնդոն, Ամստերդամ, Բրյուսել, Մոսկվա և այլն): Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարը կանցկացվի «Արթնացնե՛նք հոգիները» (Wake up the souls) խորագրով»,- նշեց Վ. Սարգսյանը:

Ապրիլի 23-ին տեղի կունենա նաև ավանդական ջահերով երթը, որը կազմակերպում է ՀՅԴ երիտասարդական թևը:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը՝ արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ: Նույն օրը կկայանա նաև «Վերածնունդ» խորագրով դասական երաժշտության համերգը, որին կմասնակցեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների երաժիշտներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031