Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի որդին նախընտրեց լռել դատարանում

Հունվար 30,2015 18:08

2015 թ. հունվարի 30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին դատարանի Գորիսի նստավայրում ընթացավ Բուդաղյանների գործով հերթական դատավարությունը: Այս անգամ հարցաքննվում էր գործով վկա Տիգրան Խաչատրյանը: Դատավոր Նապոլեոն Օհանյանը վկային իրազեկեց իր իրավունքների և պարտականությունների մասին:

Տ. Խաչատրյանը դատական նիստի սկզբում հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված էր. «Հարգելի դատարան,

ՀՀ սահմանադրության 22-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածների համաձայն «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Դատարանի վարույթում քննվող թիվ 32102413 քրեական գործով 2013 թ. ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104- 235 հոդվածներով:

2013 թ. սեպտեմբերին իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն այդ մասին որոշումը բողոքարկվել է: Նշվածը հաշվի առնելով, հայտարարում եմ, որ, օգտվելով իմ սահմանադրական իրավունքից, չեմ ցանկանում ցուցմունք տալ թիվ 32102413 քրեական գործով: Սույն հայտարարությունը դատարանին հանձնելու պահից չեմ արձագանքելու ինձ ուղղված որևէ հարցի, լռելու եմ:

Եթե դատարանը կգտնի, որ իմ արարքում կան քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ապա պատրաստ եմ կրել պատասխանատվություն»:

Դատարանն ընդունեց վկայի հայտարարությունը: Այն հարցին, թե ինչու չի ուզում ցուցմունք տալ, որն է դրա պատճառը` Տիգրան Խաչատրյանը պատասխանեց` ես պարտավոր չեմ պատճառները ներկայացնել, ես չեմ ուզում ցուցմունք տալ:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց` դուք պիտի ցուցմունք տաք, նույնիսկ մի քանի օր էլ կարող ենք սպասել:

Տիգրան Խաչատրյանը կրկին պնդեց, որ ցուցմունք չի տա, որ ինքը օգտվում է սահմանադրական իր իրավունքից:

Հայկ Ալումյանն ասաց, որ այդ դեպքում ինքը հարցեր ունի տալու: Տիգրան Խաչատրյանը հակադարձեց՝ չեմ պատասխանի:

Այստեղ արդեն դատավոր Նապոլեոն Օհանյանը միջամտեց. կարող է այնպիսի հարցեր լինեն, որոնք չվերաբերվեն գործին: «Ես չեմ ուզում վերհիշել, հրաժարվում եմ պատասխանելուց»,- եղավ Տիգրան Խաչատրյանի պատասխանը:

Միջամտեց նաև տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը: « Տիգրանն օգտվում է սահմանադրական իր իրավունքից: Ոչ ոք իրավունք չունի ասելու, որ նա պարտավոր է ցուցմունք տալու, ոչ ոք իրավունք չունի ասելու` աչքիդ վերև ունք կա, նրան հարկադրելու իրավունք ոչ ոք չունի»:

Հայկ Ալումյանը գտավ, որ սկսված բանավեճը դատավարությունը ձգձգելու միտում ունի. «Տիգրանն այստեղ վկա է հրավիրված, և ոչ թե մեղադրյալ, միևնույն է, ցուցմունք տալու է: Իսկ եթե չի ուզում ցուցմունք տալ, չենք կարող նրա վրա ճնշում գործադրել; Այդ դեպքում ես ունեմ հարցեր»:

Հ. Ալումյանը սկսեց հարցեր տալ. ինչո՞ւ չեք ասում, թե որտեղ եք սովորում, իսկ 2013 թ. հունիսի 1-ի երեկոյան որտե՞ղ եք գտնվել, որտե՞ղ էիք, երբ եկան Ավետիք և Արտակ Բուդաղյանները, որտեղի՞ց վերցրիք զենքը, եթե զենքը վերցրել եք ձեր հոր չհրկիզվող պահարանից, որտեղի՞ց է այդ բանալին ձեզ, թույլատրե՞լ են ձեզ զենքը չհրկիզվող պահարանից վերցնելու, անձամբ ձեզ Բուդաղյանները սպառնացե՞լ են, քանի՞ անգամ եք կրակել և ում վրա: Բուդաղյաններից որևէ մեկը ձեզ համար վտանգ ներկայացնո՞ւմ էր և այլ հարցեր:

Բոլոր հարցերին Տիգրանը պատասխանում էր` չեմ պատասխանի:

Այնուհետև Հայկ Ալումյանը խնդրեց ներկայացնել տեսանյութը, որից նա դարձյալ հարցեր է ուղղեց Տիգրանին` կանայք գոռում են` ցավդ տանեմ, Տիգրան, ինչի համար տվիր սպանեցիր, ո՞ւմ ձայնն է դա, Տիգրան, բոյդ թաղեմ, դա ում ձայնն է: «Չգիտեմ»,-եղավ Տիգրանի պատասխանը:

Հայկ Ալումյանը՝ դիմելով դատարանին, ասաց` վկայի գործողությունները պետք է գնահատական ստանան. «Եթե դատարանը համապատասխան քայլեր չձեռնարկի, ապա բոլոր վկաները նույն կերպ կվարվեն»:

Իրավական գնահատականը դատարանը կտա բոլոր վկաների ցուցմունքների հետազոտությունը կատարելուց հետո:

Բուդաղյանների գործով հերթական դատական նիստը կկայանա փետրվարի 4-ին, Գորիսում:

 Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Պարոն ԱԼՈՒՄՅԱՆ.իմ խորհուրդը ՁԵԶ .Ներկա իրավիճակում ԴՈՒՔ ոչ մի բանի չեք հասնի:Դա բոլորիս ել հայտնի է պատճառներն ել են հայտնի:Նրարք ել ունեն դատապաշտպան ,որի խոսքն ավելի շուտ է անցնելու. հետևաբար կամ պետք է սպասեք իրադրության փոփոխությանը կամ արդարություն փնտրեք Եվրոպական դատարաններում

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031