Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը մեղադրանքի բնույթի տեղեկություններ է հայտնել». փաստաբան

Հունվար 30,2015 18:10

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով Վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռը կհրապարակի փետրվարի 2-ին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք  դատական նիստի սկզբում այսօր Շանթ Հարությունյանի համար շտապ օգնություն կանչեցին, նա բողոքում էր առողջական վիճակից, դատական նիստի ընդմիջումից հետո Շանթ Հարությունյանն ասաց, որ բժիշկներն իր վիճակը բավարար գնահատեցին, արձանագրեցին մրսածություն:

«Բժիշկներին տեսաք, լավացա՞ք»,- հարցրեց  դատավորը:

Դատական նիստը շարունակվեց, Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը ներկայացրեց միջնորդություն՝ դատարանը գործով որպես ապացույց դիտարկի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Շանթն ու ընկերները ոչ թե քաղբանտարկյալներ են, այլ հանցագործություն կատարած անձինք:

Ինեսա Պետրոսյանը պնդեց, որ նախագահն իր այդ հայտարարությամբ խախտել է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան:

Միջնորդությանը միացավ մյուս ամբաստանյալների պաշտպան Արա Զաքարյանը՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանը մեղադրանքի բնույթի տեղեկություններ է հայտնել, ու դատարանը պարտավոր է հարցաքննել նախագահին:

«Պնդում եմ, որ դատարանը զննի նախագահի հայտարարությունն արձանագրած կրիչը, ՀՀ նախագահը, նման դիրքորոշում հայտնելով, էապես ազդել է դատարանի դիրքորոշման վրա: Պաշտպանական կողմը զրկված է եղել արդար քննության հնարավորությունից, նախագահի դիրքորոշումից հետո որեւէ դատարան չէր կարող ինքնուրույն որոշում կայացնել: Եթե անկախ եք, պետք է հետազոտեք այդ կրիչը:

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ հիմնավորելով, որ արդեն ձեռք բերված ապացույցները բավարար են այս գործի շրջանակներում դատական ակտ կայացնելու համար: Ինեսա Պետրոսյանն էլ ասաց, որ համաձայն չէ դատարանի որոշմանը. «Ակնհայտ է, որ նախագահի այդ կարծիքը դատարանի համար վճռական հիմք է, որ անմեղ մարդիկ դատապարտվեն խուլիգանության հոդվածով: Խախտվել է իմ պաշտպանյալների անմեղության կանխավարկածը: Նման հայտարարություն կարող էր հնչել այն դեպքում, երբ լիներ Դատավճիռ»:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խուլիգանության հոդվածով ազատազրկման դատապարտելու մասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031