«Համահայկական հռչակագիրը աննախադեպ երեւույթ էր մեր իրականության մեջ»,- հունվարի 30-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքերով՝ առաջին անգամ Հայաստանը եւ Սփյուռքը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ: Նրա կարծիքով՝ հռչակագրի ամենակարեւոր խորհուրդը միասնական կամքն է, որը դրսեւորում է հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Սա վկայում է այն մասին, որ հարյուրերորդ տարելիցը ընկալվում է, որպես մի իրադարձություն, որը մեզնից պահանջում է ամենատարբեր ոլորտներում մեր ուժերի լարում: Սա միաժամանակ վկայում է նաեւ այն մասին, որ Հայաստանը, սփյուռքը հանդես են գալիս միակամ: Սա ամենալավ պատասխանն է այն քաղաքական գծին, որ թուրքական իշխանությունները վարում են: Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ այս ոլորտում եւս թուրքական իշխանությունները չեն կարող հաջողության հույս ունենալ»:
Ռուբեն Սաֆրաստյանը համարում է, որ հայկական կողմը պետք է լրջորեն սկսի աշխատանքները եւ տրամաբանական ավարտին հասցնի Հայոց ցեղասպանության խնդիրը իրավական դաշտ տեղափոխելու պատմական նպատակի իրականացումը. «Տասնամյակներ շարունակ մենք պայքարել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, հիմա այն պահն է հասունացել, որ պետք է այս պայքարը տեղափոխվի նաեւ իրավական դաշտ: Սա շատ բարդ աշխատանք է, եւ աշխատանքները, կարծում եմ, պատշաճ մակարդակով կկատարվեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ