Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հունվարի 30-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե թուրքական կողմը պարտավոր չէ ընդունել Հայոց ցեղասպանությունը: «Եթե դուք այս հարցի հանդեպ անկեղծ եք, եկեք թողնենք այն պատմաբաններին, թող պատմաբանները ուսումնասիրեն այս հարցը, եկեք բացենք արխիվները»,- ասել էր Էրդողանը:
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ արդեն տասը տարի է, ինչ Թուրքիան շարունակում է այդ քաղաքականությունը, եւ դրանով նպատակ ունի թյուրիմացության մեջ գցել համաշխարհային հանրությանը եւ այնպիսի տպավորություն ստեղծել աշխարհում, որ Թուրքիան պատրաստ է քննարկել 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը. «Իրականում, Թուրքիայի այս առաջարկն իր մեջ կրում է շատ վտանգավոր ծուղակ, քանի որ հարցականի տակ է դրվում պատմական փաստը՝ 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Այս ծուղակը վտանգավոր է, քանի որ ժամանակակից աշխարհի մեծ մասի մտածելակերպը հետեւյալն է՝ եթե կողմերի միջեւ չկա համաձայնություն պատմական իրադարձության վերաբերյալ, ապա պետք է մասնագետները խորացված կերպով այդ իրադարձությունը ուսումնասիրեն եւ իրենց եզրակացությունները հայտնեն պետություններին»:
Նա նկատեց, որ ե՛ւ Հայաստանի իշխանությունները, ե՛ւ հայ պատմաբանները խուսափում են այդ ծուղակից, եւ ոչ մի հայ պատմաբան երբեւիցե չի համաձայնել մասնակցել այդպիսի հանձնաժողովի աշխատանքներին, որովհետեւ 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է. «Հատուկ հանձնաժողով ստեղծել՝ քննարկելու համար, թե այդ փաստը եղե՞լ է, թե՞ ոչ, դա ուղղակի պատմության խեղաթյուրում է, կեղծիք է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ