Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը չի կատարել միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»

Հունվար 30,2015 16:40

ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի միջազգային հանձնառությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չեն կատարվել. վստահեցնում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք այս ոլորտում չեն տեսնում իրական փոփոխություններ:

Երեկ «A1plus»-ի տաղավարում «Մեդիա կենտրոնի» կազմակերպած բանավեճին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ ՄԱԿ-ի համապարփակ պարբերական զեկույցը ՄԱԿ-ի կենդանի գործիքն է, որը ի մի է բերում մարդու իրավունքների, ժողովրդավարության բնագավառում առկա բոլոր խնդիրները:

«Օրենսդրական դաշտում փոփոխություններ եղել են, բայց չկա ձգտում խախտված իրավունքի ուղղությամբ արդյունավետ քննություն անցկացնելու համար: Հայաստանում ստեղծվում են ինչ որ կառուցվածքային մարմիններ (Քննչական կոմիտե), բայց բովանդակությունը մնում է նույնը: Քաղաքական իշխանությունների կողմից չկա հստակ քաղաքական կամք, որպեսզի իրավիճակը փոխվի: Նրանք միայն փորձում են հնարավորինս լավ դեմքով, ձևականորեն, մակերեսորեն հանդես գալ, բայց բովանդակային ոչինչ չի արվում»,-նշում է Սաքունցը:

Մարդու իրավունքների իրավիճակը 4,5 տարին մեկ պարբերականությամբ ուսումնասիրվում է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 երկրներում: Այս տարվա հունվարի 22-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանում քննարկվեց Հայաստանի երկրորդ պարբերական զեկույցը: Առաջին զեկույցը ներկայացվել էր 2010-ին:

Դրան զուգահեռ՝ Հայաստանի շուրջ 26 ՀԿ-ներ ներկայացնում են իրենց համատեղ զեկույցը մարդու իրավունքների ոլորտում կատարված փոփոխությունների, կամ խախտումների վերաբերյալ:

«ՄԱԿ-ի մեխանիզմը փափուկ ուժի մեխանիզմ է և այստեղ պետությանը պարտադրող մեթոդներ չկան: Այս առումով կարևոր հնարավորություն է 4,5 տարին մեկ ֆիքսել իրավիճակը պետությունում»,- նշեց բանավեճի մասնակից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը:

Նա նշում է, որ խոշտանգումները Հայաստանում մշտապես այլ երկրների կողմից բարձրաձայնվել են՝ որպես կարևոր խնդիր:

«2010-ին պետությունը խոստանում էր կատարել օրենքի փոփոխություններ, քանի որ մեզ մոտ Քրեական օրենսգրքի զեկույցը չի համապատասխանում ՄԱԿ-ի խոշտանգումների բանաձևին, բայց եթե մենք նայենք հիմա՝ այդ խոստումներից 5 տարի անց, ապա այդ օրենսդրական փոփոխությունները չեն կատարվել, բայց իշխանությունները շարունակում են խոստանալ, որ կատարելու են»,-ընդգծում է Դանիելյանը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ընդգծում են, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շատ խնդիրներ մնացել են անփոփոխ:

«Դատավորների նշանակման մեխանիզմը նախագահի կողմից մնաց անփոփող, դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական կարգավորումները նույնպես: Օրենսդրական և իրավական փոփոխությունները չեն հանգեցնում իրական փոփոխության, որովհետև բացակայում է դրանք իրագործելու կամքը»,- ասաց բանավեճին մասնակցող «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Հակադարձելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մատնանշած խնդիրներին՝ ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Նելլի Մանանդյանը ասաց, որ Հայաստանը առաջընթաց ապահովել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

«ՄԱԿ-ի պարբերական դիտարկման գործընթացը բավականին լուրջ և արդյունավետ գործընթաց է մարդու իրավունքների տեսանկյունից: Սա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ամփոփ և ամբողջական հաշվետվողական մեխանիզմ է:

2010-ին ներկայացրած զեկույցի և պետությունների կողմից ներկայացրած առաջարկությունների հիման վրա Հայաստանի կողմից տարված աշխատանքը համեմատական կարգով եթե նայենք, ապա կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում արձանագրվել է շոշափելի առաջընթաց»,-ասաց Մանանդյանը:

Բանավեճի մասնակից «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Մադոյանը արձագանքեց, որ Հայաստանը, ամեն դեպքում, առաջարկներ ընդունելու առումով բաց է և ՄԱԿ-ի նախորդ զեկույցում ընդունել է առաջարկների գրեթե 95 տոկոսը, բայց այլ հարց է այդ առաջարկները կատարելը:

«Օրինակ՝ Հայաստանը գիտակցում է ընտանեկան բռնության խնդիրը, ասում է, որ քայլեր են արվում այդ ուղղությամբ, բայց միևնույն է ընտանեկան բռնությունը կանխելու համար մեր երկիրը գործիք դեռևս չունի: Օրենքը կա, մշակվել է, բայց այն չի ընդունվում»,-նշում է Մադոյանը:

Բանավեճի վերջում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշեցին նաև, ՄԱԿ-ը միակ հարթակն է, որտեղ մարդու իրավունքները ներկայացվում են ամբողջական տեսքով, և դա այն հարթակն է, որտեղ քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերը բավականին բարձր է գնահատված:

Բանավեճի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

«Մեդիա կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031