Խորհրդային տարիներին , երբ արցախյան շարժումը նոր էր թափ առել, առաջին անգամ ծանոթացա 60-80- ականների քաղբանտարկյալների բույլի հետ: Մեծ եղավ զարմանքս, երբ ինձ հետ ծանոթացած Էդիկ անունով մեկն այն ժամանակ իրեն քաղբանտարկյալ անվանեց:
Էդիկը, հետագայում պարզվեց, որ երկար տարիներ ազատությունից զրկվել է սովետական կեղծ ռուբլի տպելու համար:
Իսկ թե ինչու էր իրեն քաղբանտարկյալ անվանում, նա պատասխանեց՝ Լենինի նկարով փող տպելու համար:
Հետո կորավ Լենինը, եկավ դրամը, ու կարելի էր ամեն ինչ քաղբանտարկյալի անվան տակ սաղացնել:
Կարդացեք նաև
Այս պատմությունը հիշեցի, երբ Կենտրոնի դատարանում հնարավոր քաղբանտարկյալների գործի մասին տեղեկացա:
Մասնագիտությամբ ինժեներ Արա Հակոբյանի եւ Ռաֆայել Ավագյանի դեմ հարուցված քրեական գործը 37 հատորից է:
Արա Հակոբյանն առաջին անգամ է հայտնվում դատարանում:
Քրեական գործն էլ գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում:
Արա Հակոբյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Էդիկ Չինարյանը, իսկ Ռաֆայել Ավագյանինը՝ Հրայր Անանյանը:
Արա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա HF Deskjet մոդելի համակարգչային գունավոր լազերային տպիչով պատրաստել, պահել եւ իրացրել է երեք միլիոն կեղծ դրամից ավելի գումար:
Երկրորդ ամբաստանյալը՝ Ռաֆայել Ավագյանն իրացրել է 940 հազար կեղծ դրամը: Ի դեպ, այս գործով անցնում են քսանից ավել տուժողներ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից:
Անցյալ տարվա մայիսից դատախազական վերահսկողությունը դրվել է ՀՀ գլխավոր դատախազության վրա եւ դատարանում մեղադրանքը պաշտպանում է Ա.Սեփոյանը:
Ամբաստանյալների նկատմամբ ընտրվել է կալանավորումը որպես խափանման միջոց, եւ նրանք ներկայումս գտնվում են արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Սպասենք դատական զարգացումներին: