Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարզահամերգային համալիրը եւ այլ պետական ոչ առեւտրային կառույցներ ի վերջո հանձնվելու են Հայաստանի Հանրապետությանը»

Հունվար 30,2015 15:50

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց 2014 թվականը եւ նշեց, որ նախորդ տարի վարչությունը շարունակել է իրականացնել պետական գույքի կառավարման, մասնավորեցման եւ պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության կարգավորման եւ լուծարման բնագավառներում կառավարության որդեգրած քաղաքականությունը:

Ինչպես ներկայացրեց վարչության պետը՝ 2014 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 178 մլն 352 հազար դրամ, որից պետական բյուջե է փոխանցվել 144 մլն 150 հազարը, իսկ 34 մլն 202 հազար դրամը` համայնքային բյուջեներ. «2014թ. պետական գույքի օտարումից գոյացել է 1 մլրդ 665 մլն 604 հազար դրամ, որից պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 488 մլն 783 հազար դրամը, 176 մլն 821 հազար դրամը` համայնքային բյուջեներ: Վարչության կողմից կնքված ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի հիման վրա 2014թ. բյուջե է մուտքագրվել 277 մլն 546 հազար դրամ` նախատեսված 249 մլն դրամի փոխարեն: Անշարժ գույքի օտարման դեպքում հողերի կադաստրային արժեքի վճարումներից գոյացել է շուրջ 57 մլն դրամ: 2012թ.-ից առայսօր վարչությունը 6 մլրդ 411 մլն 980 հազար դրամի մուտքեր է ապահովել, որից պետբյուջե` 5 մլրդ 237 մլն 485 հազար դրամ, համայնքային բյուջեներ` 1 մլրդ 171 մլն 19 հազար դրամ»:

Արման Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում վարչության կողմից` Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և տեղաբնակ 37 ընտանիքներ ՝մոտ 102 անձ, դարձել են իրենց զբաղեցրած 42 սենյակի սեփականատերը. «Նաեւ վերջին 3 տարվա ընթացքում կառավարության համապատասխան որոշումներով հանրակացարաններում բնակվող տեղաբնակ և բռնագաղթած 235 ընտանիքներ՝ 558 անձ, դարձել են իրենց զբաղեցրած բնակելի տարածքների օրինական սեփականատերը. նրանց է հատկացվել 268 սենյակ»:

Մանրամասն՝ այստեղ 

Ամփոփումից հետո լրագրողները Արման Սահակյանից հետաքրքրվեցին, թե ինչու է պետական գույքը՝ օրինակ, Մարզահամերգային համալիրը պարտքի դիմաց տրվում գերատեսչություններին՝պաշտպանության նախարարությանը, այլ ոչ թե հենց պետական գույքի կառավարման վարչությանը, ինչու իրենք հարց չեն բարձրացնում, որ գույքը պետք է հանձնվի հենց պետական գույքի կառավարման վարչությանը: Հարցին Արման Սահակյանը պատասխանեց, որ նախարարությունը եւս պետական կառավարչական մարմին է եւ կառավարության որոշման համաձայն, ինչպես ֆինանսների նախարարությանն են տվել «Միկա» մարզադաշտը, այնպես էլ ՊՆ-ին են տվել Մարզահամերգային համալիրը. «Սա նույն բանն է, որ ասենք, թե ինչու է այս դպրոցը կամ համալսարանը կառավարում գիտության եւ կրթության նախարարությունը: Մարզահամերգային համալիրը, որպես գույք, ինչպես մնացած բոլոր պետական ոչ առեւտրային կազմակերպությունները ի վերջո հանձնվելու են Հայաստանի Հանրապետությանը: Թե այդ պահին պաշտպանության, թե ֆինանսների նախարարության ենթակայության տակ է, դա այլ հարց է: Նույն հիմնարկներ են, այնպես, ինչպես բոլոր գերատեսչությունները ունեն իրենց հիմնարկները»:

Մեկ այլ հարց էլ հնչեց Հանրապետության հրապարակում գտնվող արտաքին գործերի նախարարության շենքի վերաբերյալ, ինչին պրն Սահակյանը պատասխանեց. «Այդ շենքի մասին բազմիցս խոսել ենք, գիտենք, որ այն ձեռք է բերել հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը: 2016 թվականի ընթացքում մենք պիտի տեղափոխվենք նորակառույց շենք»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031