Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովը պետք է իր պատիժը ստանա ՀՀ տարածքում». Արտակ Զաքարյան

Հունվար 30,2015 15:40

Այսօր լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի հարցին՝ Դուք անձամբ կո՞ղմ եք, որ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին, թե՞ Դուք էլ եք գտնում, որ ռուսները նրան ավելի խիստ կպատժեն՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Դա ՀՀ իրավական համակարգի խնդիրը պետք է լինի, բայց իրականացվի ՌԴ իրավապահների հետ համագործակցությամբ: Շատ խնդիրներ կան, որոնց պատասխանն ավելի արդյունավետ կլինի ստանալ, եթե մենք ակտիվ համագործակցենք ՌԴ համապատասխան կառույցների հետ: Սա այն հարցն է, որ ՌԴ-ն եւս մեզանից ոչ պակաս շահագրգիռ է լիարժեք բացահայտելու, որովհետեւ սա շատ նուրբ հարց է, բացի ցավ եւ ողբերգություն լինելուց»:

Մեր հարցին՝ իսկ Դուք ընդունո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի այն քննադատությունը, որ ՀՀ իշխանությունների ոչ կայծակնային գործողությունները նպաստեցին Գյումրիի բախումների առաջացմանը, որ ինքը 1999-ին այլ կերպ էր վարվել՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «ՀՀ իշխանություններն իրենց իրավասությունների շրջանակում ամենաարագ եւ օպերատիվ ձեւով արձագանքել են եւ կատարել են բոլոր գործողությունները, որոնք պետք է կատարեին»:

Դիտարկմանը, որ նախագահի արձագանքը եղավ միայն Պուտինի զանգից հետո՝ նա պատասխանեց. «Ոչ, սխալվում եք, նախագահն առաջինը խորհրդակցություն հրավիրեց, ցավակցական իր խոսքը պաշտոնապես ասաց»:

Մեր հարցին՝ Պուտինի ցավակցությունը Դուք ցավակցությո՞ւն եք համարում, երբ նույնիսկ վերնագիրը ցավակցություն չէր, այլ հեռախոսազրույց՝ Սերժ Սարգսյանի հետ՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Տեքստում ցավակցություն էր հայտնում զոհված ընտանիքի հարազատներին: Սա շատ նուրբ հարց է, եւ ՌԴ-ն եւս շահագրգռված է այս ոճրագործության բացահայտմանը: Սա համագործակցության արդյունքում պետք է լինի, բայց ՝ ՀՀ տարածքում: ՀՀ տարածքում պետք է ոճրագործը ստանա իր պատիժը»:

Մեր դիտարկմանը, որ պաշտոնական ցավակցությունները վերնագրվում են ցավակցություն, Շառլի Էբդոյի համար ցավակցություն կար, Գյումրիի ողբերգության համար չկար՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Խնդիրը տեքստն է: Ես վերնագրին ուշադրություն չեմ դարձնում, ինձ համար, որպես կանոն, կարեւոր է բովանդակությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Պատիժը պիտի ստանա ոչ միայն ՀՀ տարածքում, այլ նաև ՀՀ օրենքի ներքո: Մի մոլորեցրեք մարդկանց՝ անընդհատ «ՀՀ տարածքում» ասելով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031