Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Հրանտ Մարգարյանը այդ մարդկանց զայրույթի վերջնակետն է եղել»

Հունվար 30,2015 14:15

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանի համոզմամբ, առաջիկայում նորանոր դաշնակցականներ են  լքելու կուսակցության շարքերն ու միանալու իրենց: Նրա խոսքով, վերջին օրերին արդեն 34 դաշնակցական է միացել «Հիմնադիր խորհրդարանին»

Ինչ վերաբերում է ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեության ներկայացուցիչ Կամո Բարսեղյանի հայտարարությանը, թե իրենց կոմիտեից «Հիմնադիր խորհրդարանին» միացողներից միայն մեկն է կուսակցական եղել, մնացածը ՀՅԴ անդամ չեն ու  տարբեր ժամանակներում, տարբեր պատճառներով հեռացվել կամ արտաքսվել են ՀՅԴ շարքերից, Վարուժան Ավետիսյանը Aravot.am-ին ասաց. «Այդ մարդիկ կուսակցության անդամներ են եղել, այդ մասին վկայում են նրանց փաստաթղթերը, որ նրանք ժողովներ են արել, մասնակցել: Եթե պնդում են, որ նրանք հեռացվել են կարգազանցության համար, կարող են հրապարակել այն փաստաթուղթը, որով կհաստատեն, որ այս ինչ թվականին, այս փաստաթղթով ժողով է արվել ու կուսակցական  կանոնադրությամբ սահմանված կարգով հեռացվել են: Թե չէ մերկապարանոց հայտարարություններ անելը, թե հեռացածներից ոչ մեկը դաշնակցական չէ, բա էդ ո՞վ է դաշնակցական, դաշնակցականները որտե՞ղ են, լուսնի վրա՞ են ապրում»:

Նրա խոսքով, ՀՅԴ-ն կուսակցական անդամատոմսեր չի բաժանում, մարդիկ ֆիզիկապես իրենց գրպանում չունեն անդամատոմս, որ ասեն` ես դաշնակցական եմ կամ` ոչ: Կուսակցության շարքերից դուրս եկածները ոչ էլ համապատասխան տեղեկանք ունեն, որ այլեւս կուսակցության անդամ չեն:

Վարուժան Ավետիսյանը ոչ միայն հաստատեց, որ դաշնակցությունից հեռացողները ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ ընտրված Հրանտ Մարգարյանի պատճառով են հեռանում, այլեւ վստահեցրեց, որ. «Հրանտ Մարգարյանը այդ մարդկանց զայրույթի վերջնակետն է եղել: Առհասարակ բյուրոյական դաշնակցության ղեկավար կազմի երկար ժամանակ տեւած գաղափարախոսությունից կտրված, ապազգային ու ռեժիմի հետ հանցավոր գործարքների գնացող քաղաքականության հետեւանքով են դուրս եկել: Չմոռանանք, որ ՀՅԴ ղեկավարությունը մասնակից է «Մարտի 1-ը» արդարացնող նախագահի հրամանագրին: Այդ կուսակցության պատգամավորները կողմ են քվեարկել արտակարգ ռեժիմ մտցնելու մասին նախագահի հրամանագրին»:

Նա նաեւ հակադարձեց իրենց ուղղված մեղադրանքներին, թե ՀՅԴ-ի շարքերը լքելու մասին հայտարարություններ են տարածում, որ սադրեն ու վարկաբեկեն ՀՅԴ-ն. «ՀՅԴ-ի հեղինակությունը տասնամյակներ շարունակ վարկաբեկել է հենց կուսակցության ղեկավարությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031