Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում էր տիեզերքի հետ կապված մի շարք համաձայնագրերի հարցը:
ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի համար անհասկանալի էր՝ երբ երկիրն այսքան սոցիալական խնդիրներ ունի, ինչու են հանձնաժողովում լուսնի թեման քննարկում, մարդկանց դա ընդհանրապես չի հետաքրքրում:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բավականին կոշտ ելույթ ունեցավ այն մասին, թե ինչքան անգրագետ են ԶԼՄ-ները, որոնք հեգնում են այդ համաձայնագրերը, որովհետեւ դրանք շատ կարեւոր են: Անգրագիտության մասին վիրավորանքն ընդունել էր Վահան Բաբայանը:
Նրա խոսքերով՝ «Սա այն տեղը չի, որ պետք է դասախոսություն կարդալ, թե ով ինչ գրագիտություն ունի, ձեր գործն արեք, ոչ թե ուրիշ կուսակցությունների հոդվածներ ուզենք մեջբերեք: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ դուրս գալ ուղեծիր: Շատ կասկածում եմ, որ մոտակա ժամանակներում դա հնարավոր է: Ինչքան էլ մարդիկ ստեղ դոշ ծեծեն, թե Հայաստանը շատ լավ վիճակում է եւ շատ կարեւոր է լուսին դուրս գալ, մենք երեւի ստեղ չգիտենք ինչ բան է ՄԱԿ-ը: ՄԱԿ-ի վերաբերյալ խրատներ էր տալիս պարոն Ֆարմանյանը»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ կառավարության ներկայացուցչից սպասում էր բանիմաց տեղեկություններ լուսնի, տիեզերքի եւ տրանսպորտի ոլորտի վերաբերյալ, ինչը չստացավ:
Ալեքսանդր Արզումանյանը բացատրեց, որ այստեղ պետք է լիներ ԱԳՆ-ն, այլ ոչ թե Տրանսպորտի եւ կապի նախարարությունը. «Տրանսպորտի նախարարությունը, հո, ճանապարհ չի գցելու ու ասֆալտապատի դեպի լուսին»:
Վահան Բաբայանն ասաց, որ, այնուամենայնիվ, ինքը կողմ է քվեարկելու. «Եվ խորհուրդ եմ տալիս չքաղաքականացնել եւ լսել, թե գործընկերներն ինչ են ասում»:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն արձագանքեց Վահան Բաբայանին՝ ասելով, որ սոցիալական վիճակը կապ չունի գիտության զարգացման հետ. «Այստեղ որեւէ կապ չունի սոցիալական իրավիճակը, պարոն Բաբայան: Չարժե բորբոքել ժողովրդի այն հատվածի էմոցիաները, որոնք քաղաքացիական շատ մեծ ակտիվություն չունեն»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ասաց, որ պետք չէ մեղադրել լրատվամիջոցներին, եթե մամուլը չբարձրացներ այս խնդիրները, դուք չէիք բացատրի դրանց կարեւորությունը, որովհետեւ դրա մշակույթը չկա:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վստահեցրեց, որ ինքը Վահան Բաբայանին չէր ասում եւ նրան նկատի չուներ:
Վահան Բաբայանն իր հերթին հայտարարեց, որ ինքը շարունակում է մնալ իր տեսակետին՝ հեգնել է ու եթե առիթ տեսնի, էլի հեգնելու է: Նա այս հայտարարությունից հետո ցուցադրաբար լքեց սենյակը:
Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց ու դրական եզրակացությամբ համաձայնագրերն ընդգրկեց ԱԺ քառօրյա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բռավո, Վահան Բաբայան,,,,