Հունվարի 30-ին կայացավ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի 2014 թվականի աշխատանքների ամփոփիչ մամլո ասուլիսը: Վարչության պետը ներկայացրել է 2014 թվականի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության ոլորտում իրականացված գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները:
Ըստ Ս. Շահվերդյանի, 2014 թվականին ԼՂՀ-ում գրանցվել է 12 տոկոս զբոսաշրջիկների քանակի նվազում նախորդ տարվա համեմատ, սակայն միևնույն ժամանակ աճել է օտարերկրյա զբոսաշրջիկների գիշերակացի տևողությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից այցելուների քանակը:
Զբոսաշրջությունը, լինելով ԼՂՀ տնտեսության գերակա ճյուղ, այս տարի ևս ներմուծվող տարադրամի խոշոր աղբյուր է հանդիսացել. 2014 թվականին օտարերկրյա զբոսաշրջիկները 6,4 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք գումար են ծախսել Արցախում:
Տարին հագեցած էր նաև միջազգային տարբեր հարթակներում ԼՂՀ զբոսաշրջային ներուժի հանրահռչակմամբ: Այսպես, 2014 թվականին ԼՂՀ-ն մասնակցել է 4 միջազգային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներին` Մադրիդում, Փարիզում, Ռիմինիում և Լոնդոնում: Նշված ցուցահանդեսներում մասնակիցների և այցելուների թիվը կազմում է համապատասխանաբար` 17,696 ընկերություն և 290,000 մարդ: Չնայած Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների, ԼՂՀ պատվիրակությունը մինչև վերջ մասնակցել է նշված ցուցահանդեսներին և իրականացրել հաջող քարոզչական աշխատանքներ:
ԼՂՀ զբոսաշրջային ներուժը միջազգային ասպարեզում ներկայացնելու այլ էֆեկտիվ միջոց է հանդիսանում համացանցը, որտեղ Արցախը ներկայացված է պաշտոնական karabakh.travel վեբ կայքով և ամենատարածված սոցցանցերում karabakh.travel վեբ կայքի պաշտոնական էջերով: Նախորդ տարվանից վեբ կայքը գործում է նոր ու ադապտացված դիզայնով: Բացի հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներից, կայքը հասանալի է նաև արդեն արաբերեն և գերմաներեն լեզուներով: Ղարաբաղի` որպես զբոսաշրջային գրավիչ երկրի մասին հոդվածներ են հրապարակվել այնպիսի հեղինակավոր պարբերականներում, ինչպիսիք են` «Yahoo Travel» բլոգը և բրիտանական «The Guardian»-ը:
Նախորդ տարին հատկանշական էր նաև Ադրբեջանի կողմից զբոսաշրջության ոլորտում հակահայկական քաղաքականության դրսևորումները ձախողելու առումով: ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության, ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ համապատասխան մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ կասեցվել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԶՀԿ-ի (Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպություն) գործադիր մարմնի 99-րդ նիստի օրակարգում «Օկուպացված տարածքներում զբոսաշրջության քարոզչությունը կանխելու մասին» հակահայկական բանաձևի ընդգրկման փորձը:
Կարդացեք նաև
Տարվա ձեռքբերումներից կարելի է նշել նաև Հադրութի շրջանի Տող գյուղում հաջողությամբ կայացած Արցախյան գինու առաջին փառատոնը: Փառատոնի անցկացմամբ նպատակ էր հետապնդվում հանրահռչակել Հարավային զբոսաշրջային երթուղին, աջակցել տեղական գինու արտադրությանը, ինչպես նաև աշխուժացնել համայնքի մշակութային կյանքը: Ս. Շահվերդյանի հավաստմամբ, Արցախյան գինու փառատոնը կանցկացվի այս տարի ևս` հոկտեմբեր ամսվա 3-րդ շաբաթ օրը:
Վարչության պետը կարևորել է հատկապես պատասխանատու զբոսաշրջության զարգացումը, որի հիմքում ընկած է նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտը: Այն կարևոր նշանակություն ունի անցյալի մշակութային ժառանգության հետագա պահպանման, մասնագիտական համակողմանի ուսումնասիրման և գալիք սերնդին անխաթար փոխանցման համար:
2014 թվականին պեղման աշխատանքները շարունակվել են «Տիգրանակերտ» և «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային և «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոցների տարածքներում, Կարկառ քաղաքատեղիում, Քաշաթաղի շրջանի Արծվաշենի համայնքի մոտակայքում, ինչպես նաև Ամարասի վանքի տարածքում: Հնագիտական պեղումների ընթացքում Տիգրանակերտում հայտնաբերվել են բացառիկ նշանակություն ունեցող վաղմիջնադարյան դամբարան, իսկ Ամարասում՝ Սուրբ Գրիգորիսի դամբարանի արևելյան մուտքը, որոնք վկայում են տարածաշրջանում վաղ քրիստոնեական-հայկական մշակույթի առկայության մասին:
Պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտում իրականացվել և ավարտին են հասցվել «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի պատմական տարածքի պարսպապատման և մասնակի բարեկարգման, ինչպես նաև Սարուշեն գյուղի Փիրումաշեն եկեղեցու վերականգնման աշխատանքները: Դադիվանքի կաթողիկե եկեղեցու հարավային պատի բացառիկ որմնանկարը վերականգնվել է վարչության և իտալացի մասնագետների համագործակցության շնորհիվ: Վերջիններիս հետ պայմանավորվածության համաձայն, այս տարի կվերականգնվի նաև Դադիվանքի կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի որմնանկարը:
Վարչության նախաձեռնությամբ սկսվել է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին», «Հնագիտական ժառանգության պահպանման մասին» և «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիաներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միակողմանի միանալու գործընթացը:
Ավարտելով խոսքը` Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ 2015 թվականին վարչության առաջնահերթ խնդիր է հանդիսանալու Արցախում պատասխանատու զբոսաշրջության և պատմական ժառանգության պահպանության զարգացումը:
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն