Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ուզում է ունենալ տիեզերական գործակալություն եւ արբանյակ թողարկել տիեզերք. Քննարկում ԱԺ-ում

Հունվար 30,2015 13:05

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեցին մամուլում հեգնանքի եւ զավեշտի վերածված հարցերը՝ տիեզերքի հետ կապված:

Խոսքը մի շարք համաձայնագրերի մասին է, որոնք վավերացնելով՝ Հայաստանին թույլատրվելու է գործունեություն ծավալել տիեզերքում: Այդ համաձայնագրերն են՝ 1967 թվականի հունվարի 27-ին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը, 1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը, 1972 թվականի մարտի 29-ին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան, 1975 թվականի հունվարի 14-ին Նյու Յորքում ստորագրված «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիան, 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը:

Artaqin haraberutyunner

Հանձնաժողովականներն անընդհատ կոչ էին անում ԶԼՄ-ներին չհեգնել ու զավեշտի չվերածել:

Ալեքսանդր Արզումանյանը խնդրեց լուրջ վերաբերվել այդ համաձայնագրերին, նա վստահեցնում էր, որ աշխարհի շատ զարգացած երկրներ վավերացնում են այդ համաձայնագրերը եւ պետք չի հեգնել:

Սամվել Ֆարմանյանին բարկացրել էր մամուլի հեգնանքը: Նա ասաց, որ դա անգրագիտություն է: Հայաստանն իրականում ուշացել է վավերացնել այս համաձայնագրերը՝ հաշվի առնելով գիտական մեր ներուժը:

Հիմնական զեկուցող տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարեց, որ «Մենք նախատեսում ենք գրանցվել, որ հետագայում արհեստական արբանյակներ թողարկենք: Պետք է միանանք այս համաձայնագրերին, որոնք կանոնակարգում են այլ երկրների հետ գործունեությունը»: Նա ասաց, որ հիմա Հայաստանն օգտագործում է այլ երկրների արհեստական արբանյակները, հիմա մենք կարող ենք սեփական արբանյակն ունենալ տիեզերքում:

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը համաձայնագրերը կարդացել էր եւ հարց էր առաջացել. «Տիեզերքն օգտագործող հիմնական պետությունները՝ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն չեն ստորագրել այդ համաձայնագիրը: Այն ստորագրել են 19 պետություն: Հետո համաձայնագրերում նշված է, որ արգելվում է տիեզերքի վրա ուժի գործադրում, թշնամական գործողություններ: Սա ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը, կամ այլ պետություններ պետք է հարձակվեն ու պատերազմեն լուսնի վրա՞»,- ասաց նա եւ ծիծաղեց:

Արթուր Առաքելյանը պատասխանեց. «Այս կոնվենցիայով հայտարարվում է, որ լուսինը պետք է օգտագործվի խաղաղ նպատակներով»:

Հարցին՝ ի՞նչ հեռանկարում Հայաստանը կունենա հնարավորություն ուղեծրի օգտագործման՝ Առաքելյանը պատասխանեց. «Սեփական արբանյակն ենք ուզում ունենալ, նախատեսում ենք ստեղծել տիեզերական գործակալություն»:

Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ մենք «Ծովային իրավունքի մասին» կոնվենցիան ենք վավերացրել՝ ծով չունենալով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. sarkis says:

    …Հիմնական զեկուցող տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարեց, որ «Մենք նախատեսում ենք գրանցվել, որ հետագայում արհեստական արբանյակներ թողարկենք:
    Ֆանտասիկա!!!!!!!!!
    Վատ չէ,վատ չէ…
    Իհարկե դա վախուց պիտի արված լիներ,դեր մի բան ել ուշացել ենք:Հիանալի հեռանկար է,կարելի է նոր երթուղաինի գծեր բացել,ճանապարհին էլ վառելիքի կայաններ,էլ չեմ ասում հյուրանոց,սաունա…Բա կարմիր գծերը,ինչպիսի հիանալի միտք հը? Պատկերացնում եք, մինչեվ լուսին ինչան գցեր կարելի ե գծել…Չմոռանան արագաչապերը…հա, մեկ ել ՕԴԻ փողը մինչև սրտրատոսֆերա,նրանից հետո էլ տիեզերական փոշու,կամ տեկուզ ԵԹԵՐԻ Փոխ,թև “Եթերի” հարցը վիճելի է:
    Այսպիսով կարելի “Ապահով Հայաստան” կարգախոսը ապագայում, կարելի ե գրել “Ապահով տիեզերք”:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031