Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ծուղակ վարորդների համար. «Հայոց աշխարհ»

Հունվար 30,2015 13:01

Մայրաքաղաքի փողոցներում վճարովի կայանատեղիների եւ դրանք սպասարկող ընկերության կողմից իրականացվող շորթումների մասին խոսակցությունները վերջին օրերին նոր թափ են ստացել:

Պատճառները մեկը կամ երկուսը չեն: Օրերս տասնյակ վարորդներ բողոքում էին, որ հանգիստ կայանել են փողոցների սեւ ներկով եզրագծված հատվածներում՝ գլխի չընկնելով, որ դրանք ժամանակին վճարովի կայանատեղիներ են եղել՝ կարմիր ներկով ընդգծված, սակայն սեւով պատվելուց հետո փողոցների այդ հատվածները դադարել են ծառայել մեքենաների կայանման համար: Ընդ որում՝ այդ մասին նախազգուշական որեւէ նշան չի տեղադրվել:

Թեեւ ոչ բոլոր փողոցներում է, որ սեւով ներկելուց հետո վճարովի կայանատեղիները վերացվել են: Կան հատվածներ, որտեղ դրանք պահպանվել են, սակայն նորից կարմիրով չեն թարմացվել: Դրանք եւս իսկական ծուղակ են դառնում քիչ թե շատ անուշադիր վարորդների համար՝ առավել եւս երեկոյան ժամերին, քանի որ նրանք հանգիստ կայանում են վճարովի կանգառներում՝ առանց վճարումների մասին մտահոգվելու:

Փաստորեն վճարովի կայանատեղիները սպասարկող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը աշխատում է սեփական իրավունքներից ու թերեւս իրականությունից անտեղյակ քաղաքացիների վրա հաշվարկ անելով: Երեւում է, այդպիսիք քիչ չեն, այլապես «Փարքինգ սիթի սերվիսը» պարզապես պարապուրդի կմատնվեր ու կլուծարվեր: Բայց քանի դեռ այն գործում է, նշանակում է, շարունակում է շահութաբեր բիզնես մնալ։

«Իբրեւ կայանատեղիներն առանձնացնող կարմիր եզրագծումներն իրականում ինքնակամ արված գծեր են, որոնք որեւէ առնչություն չունեն մեր օրենսդրությամբ սահմանված վճարովի կայանատեղիների հետ եւ իրականում նպատակաուղղված են ռեկետի կարգով տուգանք կամ վճար հավաքելուն,- ասում է «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:- Ավտոկայանատեղի կոչվածը պետք է որոշակի չափորոշիչների համապատասխանի՝ առնվազն ունենա անկախ, ապահով մուտք եւ ելք, համապատասխան կահավորում, վերահսկվի նկարահանող տեսախցիկներով ու պաշտպանված լինի:

Մինչդեռ մայրաքաղաքում գործող կայանատեղիները կահավորումից զուրկ են, այնտեղ մտնելն ու դուրս գալը ռիսկային է, նաեւ կայանող մեքենաների անվտանգության համար «Փարքինգ սիթի սերվիսը» որեւէ երաշխիք չի տալիս: Եթե մեքենայի հետ որեւէ բան պատահի, եւ վարորդը պահանջի տեսանկարահանման ձայնագրությունը, սպասարկող ընկերությունը այն չի տրամադրի:

 

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031