Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «ԵՏՄ անդամ եք, թող Աէրոֆլոտը չվերթներն իրականացնի, ի՞նչ անենք»

Հունվար 30,2015 12:19

Այսօր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեցին «տիեզերական» թեմաներ՝ տիեզերական տարածությունների, լուսնի, երկնային մարմինների եւ այլնի հետ կապված:

Այս պահին հանձնաժողովում քննարկվում է 2014 թվականի հունիսի 11-ին Վիեննայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող՝ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ այդ համաձայնագիրը պետք է վավերացնեն՝ բաց երկնքի քաղաքականության շրջանակներում:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքերով՝ «Ում հետ ՀՀ-ն ունի օդային հաղորդակցություն, բնականաբար, առաջանում է բաց երկնքի քաղաքականության շրջանակում սահմանված միջպետական համաձայնագրի անհրաժեշտություն: Ավստրիայի հետ այս համաձայնագիրը դրա համար է»:

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց, որ Հայաստանը բաց երկնքի հարցով դիմել է ԵՄ-ին, իրենք հիմա պետք է որոշեն: Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Գնդակը գտնվում է իրենց դաշտում, մենք ասել ենք, որ ուզում ենք անդամակցել միասնական ավիացիոն գոտուն: Պետք է ուսումնասիրեն ՀՀ ավիացիոն ընդհանուր շուկան: Էկոնոմիկայի նախարարությունը Քաղավիացիայի հետ համատեղ հանդիպում է ունեցել ԵՄ ներկայացուցիչների հետ, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել: Սա մեզ հնարավորություն կտա ԵՄ բոլոր երկրների հետ միասին ազատականացված բաց երկնքի քաղաքականության դաշտ մտնել:

Shirak Torosyan

ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց, որ բաց երկնքի քաղաքականությունն են վարում, պետք չի՞ ունենալ ազգային ավիափոխադրող: Նա խնդրեց պարզաբանումներ տալ նաեւ ավիատոմսերի գների բարձրացման հետ կապված:

Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Եթե խոսում ենք Արմավիայի մասին, այդ խնդիրները ստեղծվել էին մինչեւ բաց երկնքի քաղաքականություն վարելը: Կա մոտեցում, որ պետք է ունենանք ազգային ավիափոխադրող, բայց աշխարհը գնում է ընկերությունների ազատականացմանը: Սա չի նշանակում, որ ՀՀ-ն չպետք է ունենա հայկական ավիաընկերություն: Բայց նրանք պետք է գործեն հավասար դաշտում մնացած ընկերությունների հետ»:

Ինչ վերաբերում է տոմսերի գներին, նա ասաց. «Տոմսերի գները պայմանավորված են բազում հանգամանքներով: Տոմսերի գները միջինացված նվազել են 10-15 տոկոսի սահմաններում: Կան ուղղություններ, որ ունեցել ենք նաեւ տոմսերի գների աճ, բայց բաց երկնքի քաղաքականությունը պետք է բերի ինչպես տոմսերի գների անկման, այնպես էլ ուղղությունների ավելացմանը: Բայց տոմսերի գների կտրուկ անկում չի սպասվում, քանի որ Հայաստանը չի հանդիսանում ավիացիոն կենտրոն»:

Շիրակ Թորոսյանը բողոքեց. «Երբ համեմատում ես Վրաստանում տոմսերի գները եւ մեր՝ անհամեմատելի է: Մարդիկ նախընտրում են գնալ Թիֆլիս, այնտեղից մեկնել»:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքերով էլ՝ «Բաց երկնքի քաղաքականությունն ընդունելի կլիներ, թե ուղղությունների ընդլայնմանը նպաստեր: Չենք կարող հիմնավորել բաց երկնքի քաղաքականության արդյունավետությունը: Բավարար չէ, որ մեզանից չկախված հանգամանքներով այս կամ այն ընկերությունը դադարեցնում է իր չվերթները Երեւան: Պետությունը պետք է անի առավելագույնը, որ մրցակցեն ավիաընկերությունները»:

Արտակ Զաքարյանին հետաքրքրում էր, թե «Աէրոֆլոտը» շուկայի ո՞ր տոկոսն է զբաղեցնում, շաբաթական քանի՞ չվերթ է իրականացնում, արդյոք անցնո՞ւմ է 50 տոկոսի սահմանը: Կառավարության ներկայացուցիչը ոչ մի կերպ չկարողացավ վերհիշել ցուցանիշը եւ նախընտրեց չպատասխանել:

Օգնության հասավ Ալեքսանդր Արզումանյանը, որը հեգնեց. «Այ քո ցավը տանեմ, դուք ԵՏՄ անդամ եք, թող Աէրոֆլոտը չվերթներն իրականացնի, ի՞նչ անենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031