Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի պահանջով՝ կհանդիպեն կառավարության առաջ բողոքի ակցիա անող տնտեսվարողներին

Հունվար 30,2015 12:14

Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության պատասխանատուներին հանձնարարեց հանդիպել փոքր ու միջին ձեռներեցների հետ եւ լսել նրանց բարձրացրած հարցերը: Միաժամանակ վարչապետն ասաց, որ կառավարությունը տնտեսվարողների հետ ինչ պայմանավորվել է՝ կատարել է:

«Նոր օրենքը, որն ընդունվեց նախորդ տարվա հունիսին՝ նախատեսում էր փոխզիջումային տարբերակ: Մասնավորապես, պետությունը շեշտակիորեն նվազեցրեց հարկային բեռը՝ սահմանելով փաստաթղթավորման պարտադիր պահանջ»,-այսօր կառավարության նիստում այսպես պարզաբանեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ Հովիկ Աբրահամյանին, որը խնդրեց ներկայացնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ տնտեսվարողների հետ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Նշենք, որ այս տարի արդեն չորրորդ անգամ հանրապետության փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները կառավարության առաջ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով վերանայել բարեփոխված օրենքը:

Այն պահին, երբ վերեւում կառավարության նիստն էր ընթանում, տնտեսվարողները կառավարության շենքի առաջ կրկին բողոքի ակցիա էին անում:

Վախթանգ Միրումյանի խոսքերով՝ «Օրենքի կիրառումը նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից տեղափոխվեց մինչ փետրվարի 1-ը, ինչը պայմանավորված էր չկարգավորված հարցերով, որոնք գործընթացի իրականացումը դժվարացնում էին: Կային բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք ՀՀ-ի տարածքից դուրս կատարում էին ապրանքային ձեռքբերումներ, սակայն տեղափոխությունը կատարում էին մասնագիտացված կազմակերպության միջոցով, որոնք փաստաթղթով չէին աշխատում: Կառավարությունն այդ նպատակով ընդունեց նոր նախագիծ, որով կարգավորվեց այդ խնդիրը: Մյուս հարցը վերաբերում էր գույքագրման սահմանված ձեւին, որն ըստ տնտեսվարողների, մատչելի չէր: Մենք վերանայեցինք նաեւ այդ ձեւը եւ էականորեն հեշտացվեց ապրանքների գույքագրման կարգը, որը պետք է ներկայացվի ընդամենը մեկ անգամ՝ ներկայացնելով ապրանքախմբի անվանումը եւ քանակը»:

Ըստ փոխնախարարի հաջորդ հարցը վերաբերում էր օրենքի վերաբերյալ իրազեկման խնդիրներին. «Այս ընթացքում հասարակական կազմակերպությունները, բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել տնտեսվարողների հետ, իրազեկել նրանց՝ գործընթացը կազմակերպելու մասին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031