Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 4 «կողմ», մեկ «դեմ» եւ մեկ «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ԱԺ լիագումար եւ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշպանության մասին» վիճահարույց նախագիծը:
Օրենքը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:
Դեռ անցած նստաշրջանում այս նախագիծը բուռն քննարկումների առիթ տվեց եւ հանձնաժողովում, ապա նաեւ խորհրդարանի լիագումար նիստում, հետո`այդ առիթով կազմակերպված լսումներում: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հիշեցնելով այս նախապատմությունն՝ ասաց, որ կառավարության հետ համաձայնություն ենք ձեռք բերել դրական եզրակացությամբ վերստին ընդգրկել օրակարգ, բայց մինչ քննարկումները, լսումներ կազմակերպել: «Տարած ետ բերած օրենքը»,- տեղից հեգնեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Կարդացեք նաև
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն ասաց, որ նախագիծը մեկ նպատակ ունի: Այն է. «Բացառապես անձնական տվյալների պաշտպանությանն այլ ոտնձգություններից»: ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանի համար դեռ նախորդ քննարկումներից պարզ չէր դարձել`ի վերջո, տվյալների միասնական բազա լինելո՞ւ է, թե՞ ոչ, լիազոր մարմին լինելո՞ւ է, թե՞ ոչ, ինչո՞ւ է լիազոր մարմնի ղեկավարի ընտրությունն այդքան խիստ սահմանված: Փոխնախարարը պարզաբանեց. «Միասնական բազա չկա ու չի էլ կարող լինել, պետական մարմինները տվյալների փոխանակման մեխանիզմ պետք է ունենան, որպեսզի պետական մարմինների հետ շփման ժամանակ մարդը հնարավորինս քիչ տվյալներ ներկայացնի: Անձնական տվյալների լիազոր մարմինն անգամ չի կարող ծանոթանալ, եւ դա համընդհանուր բան է, մենք չենք սահմանել»:
Իսկ լիազոր մարմնի ղեկավարի ընտրության խիստ կարգը փոխնախարարը հիմնավորեց այսպես. «Այդ ղեկավարի նկատմամբ վստահություն լինի»:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց`բյուջեն ընդունվել է ու այս նոր մարմնի համար ծախս չունենք, ի՞նչ պետք է անել: «Այն մեծ ծախս չի լինելու, ստորաբաժանում կլինի, բյուջեի մասին օրենքը թույլ է տալիս համապատասխան հատկացումներ անել»,- վստահեցրեց փոխնախարարը:
ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց. «Իմ տեսակետն այս նախագծի վերաբերյալ չի փոխվել» ու հետաքրքրվեց, թե ո՞ր երկրից եւ ի՞նչ կազմակերպություններից են գալու լսումների. «Նախկին լսումները տեսանք թե ովքե՞ր էին»:
Նախկին նախագիշը, ըստ փոխնախարարի ՀԲ-ի ծրագրով էր, սա որեւէ ծրագրով չէ, մեր մասնագետներն են պատրաստել, Էստոնիայում լավագույն փորձ կա, էստոնացի մասնագետների հետ են անընդհատ կապ պահել, նրանք եւս կհրավիրվեն լսումներին:
Արդյունքում Գագիկ Ջհանգիրյանը «դեմ», Էդմոն Մարուքյանը «ձեռնպահ» քվեարկեցին նախագծին: Իսկ ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Հրանտ Գրիգորյանը, Լեւոն Մարտիրոսյանը եւ Վահրամ Մկրտչյանը ապահովեցին նախագծի մուտքը առաջիկա նստաշրջան: Հովհաննես Սահակյանն ասաց, որ լսումների օրվա եւ ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեն պատգամավորներին:
Օրակարգի մյուս հարցը`ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՕԵԿ-ականների նախագիծը չքննարկվեց: Հեղինակներն այն հանել էին օրակարգից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ