Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի վիճակն առավել քան բարդ է լինելու. «Ժողովուրդ»

Հունվար 30,2015 11:39

Այն, որ ՀՅԴ-ն կարող է կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ, քաղաքական շրջանակներում վաղուց է քննարկվում։ Սակայն նոր կոալիցիայի մասին այդպես էլ պաշտոնապես չի հայտարարվում։ Դաշնակցականների շրջանում առկա հակասությունների հրապարակայնացվելուց հետո այլեւս հասկանալի է դառնում, թե նոր կոալիցիայի կազմելն ինչու է անընդհատ ձգձգվում։ ՀՅԴ-ի շարքերում հետագա պառակտում թույլ չտալու համար ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, թերեւս, կշարունակեն ներքին կարգով համագործակցել՝ ոչ պաշտոնապես։

Ի դեպ, վերջին անգամ դաշնակցության շարքերում համանման հակասություններ եղել էին 2008-ի գարնանը։ Այն ժամանակ դաշնակցականները բողոքում էին, քանի որ Մարտի 1-ի դեպքերից եւ տասը քաղաքացիների սպանությունից հետո իրենց կուսակցության ղեկավարությունը համաձայնել էր Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմել։ Այդ դժգոհությունների արդյունքում կազմալուծվեցին ՀՅԴ-ի Արագածոտնի մարզի Կոշ եւ Ուջան կառույցները։ Ի դեպ, այդ կառույցները Արագածոտնի մարզում ամենախոշորներից էին։ Ավելին՝ մինչ այդ ընդունված էր, որ Արագածոտնում ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը հենց դաշնակցությունն է։ Սակայն Կոշի եւ Ուջանի կառույցների լուծարվելուց հետո ՀՅԴ-ն այլեւս դադարեց այդ մարզում ազդեցիկ դերակատարություն ունենալ։ 2008-ի հակասությունների արդյունքը եղավ այն, որ 2012-ի ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ն մի կերպ կարողացավ հաղթահարել անցողիկ հինգ տոկոսի շեմը։

Վերջին իրադարձությունների ֆոնին ակնհայտ է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի վիճակն առավել քան բարդ է լինելու, եւ եթե իշխանությունները այս կուսակցությանը «տիրություն» չանեն, ապա ՀՅԴ-ն չի կարողանա անգամ հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ հինգ տոկոս նվազագույն շեմը։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031