Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. «Կուսակցության վերնախավը դարձել է հակադաշնակցական». «Հրապարակ»

Հունվար 30,2015 10:34

Տեղեկություններ կան, որ Արցախի «ընկերների» ընդվզումը կազմակերպել է Դաշնակցության շարքերից հեռացված, Արցախի ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, ի դեպ, հեռացողների ցանկում երկուսը հենց Բադասյան ազգանունն են կրում։

Պարոն Բադասյանը չհերքեց, որ այդ մարդկանց շարքերում կան նաեւ իր հարազատները, բայց հերքեց, թե ընդվզումն ինքն է կազմակերպում, ավելին՝ վստահեցրեց, թե մի քանիսին ինքն անձամբ է հորդորել մի քիչ էլ սպասել, չշտապել։

Բադասյանը հաստատեց, որ լքողների մի մասի հարաբերությունները վաղուց սառեցվել էին Դաշնակցության հետ, որոշներն էլ իրենք էին ինքնամեկուսացել, փաստացի դաշնակցականներ էլ կան, բայց հենց ինքն ու Դաշնակցությունից հեռացող իր ընկերներն են իսկական դաշնակցականները. «Ես հիմա էլ դաշնակցական եմ, դաշնակցական են նաեւ իմ այն ընկերները, որոնք հեռանում են Դաշնակցությունից, մենք երդում ենք տվել հանուն հայության, հայակենտրոնության եւ հայության դատի հաղթանակի։ Ես պատանի հասակում եմ զենք վերցրել ու մարտնչել հանուն Դաշնակցության գաղափարների։ Բայց եկել է այն ժամանակը, որ կուսակցության վերնախավը դարձել է հակադաշնակցական, Դաշնակցությունը դուրս է եկել իր գաղափարից, ու դրա համար էլ շարքերը նոսրանում են»։

Բադասյանի խոսքով, «հակադաշնակցական» վերնախավի լուռ համաձայնությամբ տարիներ շարունակ տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման գործընթաց. «Դաշնակցության վերնախավը, սերտաճելով իշխանություններին, Դաշնակցությանը դուրս մղեց բոլոր գործընթացներից։ Սփյուռքում վերացվել է Դաշնակցության հավաքական կազմը, որովհետեւ Դաշնակցության վերնախավն այսօր զբաղված է անձնական քվոտաների, անձնական հարցերի լուծմամբ, ստացվել է այնպես, որ մենք՝ շարքերից հեռացվածներս, դարձել ենք Դաշնակցության ջատագովները, գաղափարակիրները, իսկ վերնախավը, Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, դարձել է հակադաշնակցական… Իսկ մարդիկ սպասում էին. ամեն ժողովից առաջ գտնվում էին ինչ-որ մարդիկ եւ վստահեցնում էին, որ կուրսը կփոխեն, կվերադառնանք մեր գաղափարներին, բայց դա չեղավ», ինչով էլ պայմանավորված է շարքերի նոսրացումը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031