Երեկ Երեւանում բացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Պաշտոնական լրատվամիջոցները դրան անդրադարձան պաշտոնապես, քանի որ բացմանը մասնակցում էր Հայաստանի նախագահը: Ոչ պաշտոնականներն ընդհանրապես չանդրադարձան, որովհետեւ դրա մասին որեւէ բացասական կամ «սենսացիոն» ասելու բան չկա: Ցավոք, ոչ մի պաշտոնյա կամ հայտնի մարդ այդ բացման արարողության ժամանակ ոչ մի արտառոց բան չի ասել, որ հնարավոր լիներ տարածել ու ուրախանալ:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այդ առումով բացարձակապես հետաքրքիր չէր, ճիշտ այնպես, ինչպես ամռանը Դիլիջանում բացված միջազգային դպրոցը: Ոչ բողոքելու առիթներ են, ոչ էլ, ժամանակակից երիտասարդների լեզվով ասած՝ «ղժալու»: Իրականում, կարծում եմ, դրանք հերթական իրադարձություն չէին: Մասնավորապես, Կոմիտասի կենտրոնի ստեղծումը ոչ միայն արդիական է, այլեւ ուշացած, որովհետեւ Կոմիտասի փորձը մեզ համար ուսանելի է՝ ոչ միայն զուտ մշակութային առումով: Մենք՝ սովորական մահկանացուներս, տեսնում ենք առկա թշվառ վիճակը, արձանագրում ենք եւ համադրում մեզ հայտնի փաստերը՝ մնալով այս, «երկնային» մակարդակի վրա, որովհետեւ «սնուցման» այլ աղբյուրներ մեր երեւակայությունը չունի:
Սակայն ժամանակ առ ժամանակ մեր մեջ հայտնվում են անհատներ, որոնք սնվում են այլ՝ մեզ համար անմատչելի աղբյուրներից, եւ ասում են տվյալ միջավայրին, տվյալ ազգին՝ «դուք այն չեք, ինչ որ ձեր մասին մտածում եք, դուք շատ ավելի լավն եք, ձեր երեւացող թշվառության մեջ կան հարստություններ, որոնք չեք տեսնում, իսկ ես տեսնում եմ, եւ հիմա ես ձեզ այդ հարստությունները ցույց կտամ»: Կոմիտասը դա արեց մեր հոգեւոր եւ գեղջկական երգի օրինակով: Դրա համար պետք էր լինել եւ ստեղծագործող, եւ ազգագրագետ, եւ գիտնական, եւ ձեռքին ունենալ եվրոպական (գերմանական) մեթոդաբանությունը, եւ հակադրվել միջավայրին, այդ թվում՝ եկեղեցական ղեկավարությանը: Ուրիշ հայ անհատներ դա արել են գիտության, լեզվի, գրականության, արվեստի բնագավառներում: Այսօր նման գյուտի է սպասում մեր քաղաքական եւ տնտեսական միտքը: Ժամանակին, երբ ես խնդրեցի իմ տնօրեն Լեւոն Հախվերդյանին օգնել ինձ թարգմանելու մի բարդ դարձվածք, որը բառարանում չկար, նա ասաց. «Այստեղ բառարանը չի օգնի, այստեղ պետք է գյուտ անել»: Ճիշտ նույն ձեւով հիմա հնարավոր չէ պարզապես «բառարանով թարգմանել» շուկայական տնտեսության եւ ժողովրդավարական պետության օրենքները:
Ահա թե ինչու է պետք ուսումնասիրել առօրյա փաստերից բարձրացած եւ բեկում մտցրած մեր հայրենակիցների գործունեությունը: Բարեբախտաբար, մեր ժողովուրդն ունի բազմաթիվ այդպիսի զավակներ: Հիշո՞ւմ եք, ադրբեջանցի մի գրող խոստովանել էր, որ իրենք պարտվել են Բաբաջանյանին, Ազնավուրին, Սարյանին, Փարաջանովին: Դա ճշգրիտ դիտարկում է: Դու կարող ես ամեն օր միլիարդներ ծախսել զենքի վրա եւ պարտվել: Որովհետեւ քո ժողովուրդը պաշտպանելու բան չունի:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դիպուկ և շատ հետաքրքիր հոդված, մեր պարծանքներից մեկի` Կոմիտասի օրինակով:
Հանճարներ ունենալը քիչ է, նրանց ճանաչել, հարգել, մեծարել եւ ամենակարեւորը՝ նրանց ասածներին ենթարկվել, հետեւել ու նրանց պաշտպանել է պետք:
Հարգելի Արամ Աբրահամյան խնդրում եմ պատասխանի մեր իշխանությունները ինչ են արել ցեղասպանության համա, ինչ քայլեր են ձեռնարկում 100 ամյակին թուրքիային պարտադրեն 100%- ով ընդունեն ցեղասպանությունը
ՙՙՙԱյսօր նման գյուտի է սպասում մեր քաղաքական եւ տնտեսական միտքը:ՙՙ
Ամեն ինչ ճիշտ է, սակայն շարունակում եք նույն փոքրիկ սխալը՝ փորձում եք հասկանալ իրականությունը քաղաքական ու տնտեսական չափանիշներով, և մոլորվում են նրանք, ովքեր կարծում են, թե Հայաստանը կարելի է հզորացնել սոցիալ-տնտեսական, իրավական ու քաղաքական բարեշրջություններով։ Հարկ է հասկանալ մեր հոգեկանի խորքային կառուցվածքները։ Հետաքրքիր է, համաշխարհային պրակտիկայում եղե՞լ է դեպք, որ մարդիկ հանրահավաք անեն հարկը նվազեցնելու դեմ։ Դժվար թե ու այստեղ ՙՙքաղաքական ու տնտեսական միտքն ՚՚ անզոր է։