Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁ

Հունվար 30,2015 10:06
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ երեսուներեքերորդ

ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁ

Երբ Չուգունն ու էլի որոշ նախանձողներ Հովհաննեսին հորդորում էին մի քիչ քիչ գովել Հրաչին՝ այլապես  վերջինս երես կառնի ու կփչանա, Հովհաննեսն արդարանալով ասում էր՝ «ես մեղավո՞ր եմ, որ իրա պոեզիան հավանում եմ» եւ մի քիչ մտածում ու փռթկացնելով  հարցնում էր՝ «կարող ա՞ մտածում եք՝ իմ պարկետն էլ ա խփել», եւ եթե խոսակցությունն էդպիսի ընթացք էր ստանում, Չուգունն առիթից օգտվելով՝ Հովհաննեսին ասում էր՝ «ինքն էդքան շնորհք չունի, որ քո պարկետը խփի» եւ մի քիչ մտածում ու ավելացնում էր՝ «ինքը հազիվ նշանավորների պարկետները խփի», եւ եթե խոսակցությունն էդպիսի ընթացք էր ստանում, եւ եթե Չուգունն անզգուշորեն էդպիսի բան էր ասում, ներկաներից մեկնումեկն անպայման Չուգունին հակադարձում էր՝ «խի դրանցից ո՞ր մեկն ա Հովհաննեսից ավելի  նշանավոր», եւ Չուգունը մի քիչ մտածում ու ասում էր՝ «ոչ մեկը», եւ Հովհաննեսը Չուգունին հարցնում էր՝ «հիմի ասածդ ի՞նչ ա», եւ Չուգունը մի քիչ մտածում ու իրեն անհարմար վիճակից հանելով ասում էր՝ «ասածս էն ա, որ եթե մարդուն չափից ավելի ես գովաբանում, լրիվ փչանում ա», եւ Հովհաննեսը զարմացած հարցնում էր՝ «ի՞նչ իմաստով ա փչանում», եւ Չուգունը պատասխանում ու ասում էր՝ «ամեն իմաստով» եւ մի քիչ մտածում ու ավելացնում էր՝ «հենց թեկուզ որպես բանաստեղծ», եւ քանի որ տվյալ շրջապատում Պարկետչիկ Հրաչն այլ նախանձողներ էլ ուներ, միշտ Չուգունին շիրա տվող մեկը գտնվում էր եւ շիրա տվող էդ մեկը Չուգունին  լրացնելով՝ Հովհաննեսին ասում էր՝ «համ որպես բանաստեղծ ա փչանում, համ էլ՝ որպես պարկետչիկ», ու Հովհաննեսը մի քիչ մտածում եւ Չուգունին ու Չուգունի համախոհներին խորամանկ ժպտալով հարցնում էր՝ «հիմի դուք իրա փչանալու դարդն ե՞ք» եւ մի քիչ էլ մտածում ու ժպտալով ավելացնում էր՝ «որ ինքը որպես պարկետչիկ փչացել ա, ես էլ եմ էդ հասկանում» եւ մի քիչ էլ մտածում ու ավելացնում էր՝ «որպես պարկետչիկ ինքը ոչ թե փչացել ա, այլ ընդհանրապես վերացել ա» եւ մի քիչ էլ մտածում ու ժպտալով ավելացնում էր՝ «բայց որպես բանաստեղծ ինքը օր-օրի ա աճում»  եւ մի քիչ  էլ մտածում ու փռթկացնելով ավելացնում էր՝ «ես կասեի՝ ժամ առ ժամ» եւ խորամանկ ժպտալով ինձ հարցնում էր՝ «ճիշտ չեմ ասո՞ւմ, Արմեն», եւ ես ժպտալով պատասխանում ու ասում էի՝ «ես էլ եմ էդ կարծիքին», եւ Չուգունը մի քիչ մտածում ու դժգոհ մրթմրթալով ասում էր՝ «դրան լրիվ ենք գլխներիս նստացնելու», եւ  Հովհաննեսը ժպտալով Չուգունին ու Չուգունի համախոհներին հարցնում էր՝ «էլ ինչի՞ եք դժգոհում» եւ մի քիչ մտածում ու փռթկացնելով ավելացնում էր՝ «թողեք հանգիստ փչացնենք», եւ Չուգունը մի քիչ մտածում ու մրթմրթալով  Հովհաննեսին ասում էր՝ «ինձնից զգուշացնել ա հասնում՝ զգուշացնում եմ», եւ Հովհաննեսը մի քիչ մտածում ու ժպտալով  Չուգունին ասում էր՝ «զգուշացման համար խորապես շնորհակալ եմ» եւ մի քիչ էլ  մտածում ու ժպտալով Չուգունին հարցնում էր՝ «որ քո ոտանավորները գովում եմ, չես վախենո՞ւմ», եւ Չուգունը քթի տակ մրթմրթալով ասում էր՝ «իմոնք ոչ թե ոտանավոր են, այլ՝ բանաստեղծություն», եւ Հովհաննեսը փռթկացնելով նորից հարցնում էր՝ «որ քո բանաստեղծությունները գովում եմ, չես վախենո՞ւմ», եւ Չուգունը զարմացած հարցնում էր՝ «ինչի՞ց պիտի վախենամ», եւ Հովհաննեսը փռթկացնելով Չուգունին հարցնում էր՝ «չես վախենո՞ւմ, որ գովեստներիցս կարող ա փչանաս», եւ Չուգունը մի քիչ մտածում ու Հովհաննեսին ասում էր՝ «ինձ ըտենց ջիգյարով չես գովում, որ փչանամ կամ չփչանամ», եւ եթե մյուս աբիժնիկներն էլ էին ներկա լինում, նրանցից մեկնումեկն անպայման Հովհաննեսին ասում էր՝ «ոչ մեկիս ըտենց ուժեղ չես գովացել, ոնց որ էդ պարկետչիկին ես գովում», եւ Հովհաննեսը մի քիչ մտածում ու ասում էր՝ «աչքերներդ բռնի», եւ ես Հովհաննեսին պաշտպանելով ասում էի՝ «Հովհաննեսը բոլորիս էլ գովել ա» եւ Հովհաննեսին պաշտպանելով ավելացնում էի՝ «ինքը միշտ էլ բոլորիս դուխ ա տվել», եւ Չուգունը մրթմրթալով ինձ ասում էր՝ «ինքը էդ մի հոգավորին համ դուխ ա տալի, համ էլ գործերն ա դասավորում», եւ ես Հովհաննեսին պաշտպանելով ասում էի՝ «Հովհաննեսը բոլորիս էլ օգնել ա», եւ երբ էդ անգամ էդպես ասացի, Հովհաննեսը սրտնեղած ինձ ասաց՝ «սուտ ես ասում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն եմ սուտ ասում», եւ Հովհաննեսը սրտնեղած ինձ ասաց՝ «էդ որ ասում ես` բոլորիդ օգնել եմ» եւ մի քիչ մտածեց ու տհաճությամբ Չուգունին նայելով ավելացրեց՝ «ես մենակ տաղանդավորներին եմ օգնում», եւ Չուգունը հեգնանքով Հովհաննեսին ասաց՝ «մեկ էլ՝ հանճարներին», եւ Հովհաննեսը զզվանքով նայեց Չուգունին ու ասաց՝ «քո համեմատ ինքը իրոք հանճար ա», եւ Չուգունը քթի տակ գռմռաց ու ոչինչ չասաց, եւ Չուգունի  համախոհներից մեկը փռթկացնելով  Հովհաննեսին հարցրեց՝ «էդ ո՞ւմ մասին ես ասում, որ հանճար ա», եւ Հովհաննեսն արհամարհական նայեց աբիժնիկներից էդ մեկին ու ասաց՝ «դու լավ գիտես՝ ում մասին եմ ասում», եւ աբիժնիկներից էդ մեկը ներողամտորեն ժպտալով Հովհաննեսին ասաց՝ «արդեն չափազանցությունների մեջ ես ընկնում, Հովհաննես ջան», եւ Հովհաննեսն արհամարհական նայեց էդ մեկին ու հեգնանքով հարցրեց՝ «դու էլ ե՞ս վախենում, որ կփչանա», եւ էդ մեկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե կփչանա, այլ կգժվի» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «եթե արդեն չի գժվել», եւ Հովհաննեսը  տհաճությամբ նայեց էդ մեկին, հետո զզվանքով նայեց Չուգունին ու հեգնանքով ասաց՝ «մեռնեմ ձեր սրտացավ ջանին», եւ Չուգունը թարս նայեց մյուս ներկաներին ու ասաց՝ «դուք էլ խոսացեք. ի՞նչ եք բերաններդ ջուր առել», եւ ներկաներից մեկը Չուգունին հարցրեց՝ «ի՞նչ խոսանք», եւ Չուգունը հարց տվողին ասաց՝ «ինչ որ ուրիշ վախտ եք խոսում», եւ հարց տվողը Չուգունին հարցրեց՝ «ուրիշ վախտ ի՞նչ ենք խոսում», եւ Չուգունի համախոհ էն մեկը հարց տվողին պատասխանեց ու ասաց՝ «ինչ որ հիմա մենք ենք ասում», եւ հարց տվողն էն մեկին ասաց՝ «հիմա դուք ի՞նչ եք ասում», եւ Չուգունն էն մեկի փոխարեն հարց տվողին պատասխանեց ու ասաց՝ «Հովհաննեսին բացատրում ենք, որ էդքան ուռացնելով ու գովաբանելով՝ էդ մի հոգավորին ոչ թե լավություն ա անում, այլ՝ վատություն»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել