Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանը կպոկվի՞ Եվրամիությունից

Հունվար 30,2015 18:00

Առցանց «Առավոտի» շրջանակներում թեման քննարկում են
տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:

Արամ Աբրահամյան.– Կիրակի օրը Հունաստանում իշխանության եկավ ծայրահեղ ձախ «Սիրիզա» կուսակցությունը` հետեւյալ կարգախոսներով` տնտեսվարության ռեժիմը չենք պահպանելու, սոցիալական ծախսերը չենք կրճատելու, 320 միլիարդ եվրո պարտքը չենք տալու: Ի՞նչ է դա նշանակում:

Վիլեն Խաչատրյան.– Տնտեսական առումով մեկնաբանությունները փորձեմ տալ հետեւյալ կերպ. նախ նշեմ «Սիրիզայի» հաղթանակի պատճառներից մեկը. Եվրոպան հասել է նրան, որ տնտեսական գործոններից ելնելով՝ տեղի են ունենում քաղաքական դաշտում փոփոխություններ, եւ հենց այս իրադարձություններն էլ հիմք հանդիսացան կոնկրետ «Սիրիզայի», կարելի է ասել, ջախջախիչ հաղթանակի: Այս իրադարձությունների հիմքում պետք է ասել, որ տնտեսական գործոնն էր: Ի՞նչ է նշանակում հրաժարվել պարտքերը վճարելուց: Այսպիսի մի իրավիճակ էր, որ Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը 2008 թվականից սկսած վարկավորում են Հունաստանի տնտեսությանը, որը կանգնեցրել են մի այնպիսի իրավիճակի առաջ, որ չեն կարողանում պարզապես վճարել այդ պարտքերը, եւ նրան մնում է հայտարարել կամ դեֆոլտ, կամ շարունակել, այսպես ասած, գոտիները ձգել, կամ խիստ տնտեսական քաղաքականությունը, որին դեմ է ամբողջ Հունաստանի բնակչության մեծամասնությունը:

Ա. Ա.- Որ վարկավորում էին, հույները չէի՞ն ուզում, նրանց ստիպո՞ւմ էին վարկ վերցնել: Վ. Խ.- Կային երկրներ, որոնք չէին ուզում, այդ թվում՝ որոշ դեպքերում նաեւ հույները:

Օրինակ՝ Իռլանդիայի վարկավորումը հենց տեղի էր ունենում այդ ֆոնի վրա:

Ա. Ա.- Ի հեճուկս նրանց կամքի՞:

Վ. Խ.- Եվ նրանց կամքով, այսինքն` համոզելով կամ պարտքերի հետ կապված խնդիրներ դնելով, թեկուզ արտոնյալ պայմաններով, այսինքն՝ նրանց վարկավորում էին: Հունաստանի դեպքում «Սիրիզան» դեմ էր այդ վարկավորմանը եւ ռեժիմին: Կարելի է ասել՝ այս իրավիճակում տնտեսությունը հայտնվում է փակ շղթայի մեջ եւ չունի ճգնաժամից դուրս գալու այլ մեխանիզմներ, քան եվրոյի գոտուց դուրս գալը, անցնելը դրահմայի, դրահմայի միջոցով կամ դեւավլյացիայի, կամ փող տպելու մեխանիզմ կիրառել, այսինքն՝ ընդհանուր եվրոպական քաղաքականությունից շեղվել:

Ա. Ա.– Հնարավոր բա՞ն է: Այսինքն՝ եթե Հունաստանն այս սցենարով շարժվի, Եվրամիության հեռանկարները բավականին մշուշոտ են լինելու:
Ստեփան Գրիգորյան.- Նայած՝ նրանք ինչքան հեռու կգնան: Պարզ է, որ Եվրամիությունն ունի ինչ-որ քաղաքականություն, որը կարող է դուր գալ կամ դուր չգալ: Դա կապված է նրա հետ, որ իրենց համար կարեւոր է, որ պետական ծախսերը քչանան, դու ապրես համապատասխան քո հնարավորությունների: Այստեղ իրոք վիճելի խնդիրներ կան, կարելի է բարձրացնել հարց` իդեալակա՞ն է, թե՞ ոչ, բայց եթե Հունաստանը շատ հեռու գնա այդ պահանջների մեջ, ակնհայտ է` ավտոմատ ինքը կլինի այն պետությունը, որը կարող է դուրս գալ Եվրամիությունից: Չեմ կարծում, որ կհասնի դրան, բայց այն կարգախոսները, որոնք մենք լսում ենք, թույլ են տալիս նման բան մտածելու: Պետք չէ մոռանալ, որ Հունաստանում սոցիալիստական ուժերի ազդեցությունը միշտ էլ շատ մեծ է:

Ա. Ա.- Ես քեզ փող եմ տալիս, դու բարի եղիր` ծախսերը կրճատիր, որ ես վստահ լինեմ՝ այդ փողերը կվերադարձնես, արդար չէ՞:

Ս. Գ.– Ես կարծում եմ` փող տվողը ի վերջո իրավունք ունի պայմաններ դնելու: Դու կարող ես հրաժարվել: Հունաստանում շատ հետաքրքիր է, այնտեղ նույնիսկ 14-րդ աշխատավարձ կա, ինչ-որ մեծ թվով նպաստներ: Հիմա այդ նոր կարգախոսներով թող փորձեն խնդիրը լուծել:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031