Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանը Քոչարյանին հորդորում է գլուխ չգովել եւ հիշեցնում, որ Սերժ Սարգսյանը իր թեկնածուն է եղել

Հունվար 30,2015 17:30

ՀՀԿ պատգամավորը երկրորդ նախագահին հուշում է, որ իր օրոք
ավելի մեծ ոճրագործություն է եղել, քան Գյումրիի դեպքը

Գյումրիի ոճրագործությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր իշխանություններին եւ մեղադրել Գյումրիում բախումները չկանխելու համար: Ըստ նրա՝ իշխանությունները «կայծակնային առաջանցիկ գործողություններ» պետք է անեին եւ հայտարարեին, որ ոճրագործությունը պետք է հետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից: Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ ներկայիս պաշտոնյաների լղոզված, իրարամերժ եւ շփոթված հայտարարությունները յուղ են լցրել կրակի վրա եւ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդել:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը երկրորդ նախագահի քննադատությանն ի պատասխան՝ ասաց. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր դիրքորոշումն արտահայտել, բայց ուղղակի ասեմ՝ 11 օր հետո անդրադառնալ Գյումրիի ողբերգությանը, դա, ըստ էության, խիստ կայծակնային անդրադա՞րձ էր՝ ըստ երկրորդ նախագահի: Սա՝ մեկ: Կարծում եմ, որ երեւի թե մենք իրականում խնդիր ունենք մեր նախկին նախագահների ինստիտուտ ստեղծելու առումով, որովհետեւ ես կոնկրետ, որպես ՀՀ քաղաքացի, շատ ավելի դրական հպարտ կլինեի, եթե հենց նույն օրը ՀՀ նախկին երկու նախագահները եւ գործող նախագահը հանդիպեին, քննարկեին իրավիճակը եւ իրավիճակից բխող հայտարարություններ անեին: Ցավոք, սա նշանակում է, որ իրոք մեզ փոփոխություններ են անհրաժեշտ: Երկրորդ նախագահը, քննադատելով ներկա իշխանություններին, ասում է՝ մեզ փոփոխություններ են անհրաժեշտ: Լավ կլիներ, որ ասեր՝ մեզ սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ: Այդ ամենը նախագահական կամ կիսանախագահական համակարգի անկատարության մեջ է: Նաեւ նրա մեջ եմ խնդիր տեսնում, որ դառնում են նախկին նախագահ եւ քննադատում ներկայիս իշխանություններին: Այն, որ իշխանություն կրողներն են այդպիսին դառնում, դա մեզ համար նորություն չէ, բայց որ առաջին նախագահը կարող է դառնալ ամենաարմատական ընդդիմադիրը, այն էլ այն դեպքում, երբ հաջորդ նախագահին, ըստ էության, ինքն է հրավիրել իշխանական համակարգ, ճի՞շտ է: Այնուհետեւ երկրորդ նախագահն է դառնում քննադատող, այն պարագայում, երբ գիտենք, որ գործող նախագահը նախագահի իր թեկնածուն էր: Այս ամեն ինչը անհասկանալի է: Սա ըստ էության նշանակում է, որ գործող կառավարման համակարգն իսկապես լուրջ վերափոխման անհրաժեշտություն ունի»:

Վերջին շրջանում հատկապես երկրորդ նախագահը մշտապես ակտիվ արձագանքում է հանրապետությունում կատարվող քիչ թե շատ հանրային նշանակության իրադարձություններին եւ հանդես գալիս իր վերլուծություններով, հիշեցումներով, թե իր օրոք ինչքան լավ է եղել: Սա շատերը կապում են իր հնարավոր վերադարձի հետ: Մեր հարցին՝ Դուք կապ տեսնո՞ւմ եք նրա վերջին քննադատությունների շարքի եւ իր հնարավոր վերադարձի միջեւ՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ոչինչ հենց այնպես չի կատարվում: Իհարկե, յուրաքանչյուրը կարող է իր տեսակետն արտահայտել, բայց այդ կարծիքը պիտի որոշակի դրական զարգացումների եւ դրական որոշակի արդյունքի միտված լինի, այլ ոչ թե դրանից հետո սկսվի համեմատությունների մի ամբողջ շրջան, որ բերեք համեմատենք, թե որ շրջանում ինչպիսին է եղել:

Ցավոք, այդ համեմատությունների մեջ եղել է ե՛ւ դրականը, ե՛ւ բացասականը: Իր խոսքի մեջ ինքը 1999-ի հետ է համեմատում Գյումրիի վերջին ոճրագործությունը: Բայց ես կարծում եմ, որ այս դեպքն այնպիսին է, որ պետք է շատ զգույշ լինել՝ նույնիսկ 11 օր հետո արտահայտածդ կարծիքին, որովհետեւ եթե 99-ը նշում է, ապա վատ չէր լինի, որ 99-ին նշեր կոնկրետ ողբերգություն: Մենք ունեցել ենք այնպիսի ողբերգություն, որը ստվերում էր Գյումրիում տեղի ունեցած 99-ի ողբերգությունը: Ու եթե զուգահեռ անցկացնենք այն ժամանակվա հետ, այնտեղ ոչ թե կոնկրետ իշխանության կայծակնային արագությունն է գործել, այլ գյումրեցու համարձակությունը: Գիտեք, որ գյումրեցիներն իրենք են ձերբակալել այդ երկու ստահակին, այնուհետեւ հանձնել իրավապահ մարմիններին: Հիմա ի՞նչ գլուխ գովելու բան էր, որ համեմատություն եք անում 99 թվականի հետ: Եվ ընդհանրապես՝ սկզբից մինչեւ վերջ նույնիսկ եթե Ռոբերտ Քոչարյանի խոսքերը վերլուծելու լինենք, ապա քննադատության պակաս այդ քննադատական խոսքի նկատմամբ չի լինի՝ հավատացնում եմ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur says:

    Գողը գողից գողացավ աստված տեսավ զարմացավ

  2. մոսո says:

    Այս դեպքում իսկապես կարելի է ասել, որ յուրաքանչյուր հետնորդը գերազանցեց նախորդին

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031