Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին զսպում են միայն հայկական զինված ուժերը

Հունվար 30,2015 17:00

ՀՀ եւ ԼՂՀ պատգամավորները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
վերջին հայտարարության մեջ նոր մոտեցում են տեսնում, բայց այն թերի են համարում:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը»,- հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ տեղ գտած այս հատվածը հայաստանյան քաղաքական դաշտում նաեւ «աննախադեպ» որակվեց: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն «Առավոտի» հետ զրույցում իր որակումներում ավելի համեստ գտնվեց: Կողմերի նկատմամբ հավասարության նշանի փոփոխությունը նա «նոր մոտեցում, համանախագահների ոճի փոփոխություն» է համարում:

Թեւան Պողոսյանի գնահատմամբ, սակայն, այդ հայտարարության մեջ բացակայում է մի շատ կարեւոր բաղադրիչ՝ երրորդ կողմը՝ ԼՂՀ-ն, որից կախված է հարցի ողջ լուծումն ու հիմնախնդիրն առհասարակ: «ԼՂՀ-ին կոչ չկա, բայց իրենք էլ լավ գիտեն, որ Ադրբեջանը նաեւ այդ սահմանային գծում է խախտում Բիշքեկում կնքված զինադադարի մասին համաձայնությունը: Չմոռանանք, որ Բիշքեկում եղել են երեք ստորագրություններ՝ ԼՂՀ, ՀՀ եւ Ադրբեջան: Այս իմաստով թերի է, ու նման «բացթողում» համանախագահները չպետք է թույլ տան: Միտումնավո՞ր է դա, թե՞ ոչ՝ սխալ մոտեցում է»:

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն «Առավոտի» հետ զրույցում խնդրո առարկա հայտարարության վերաբերյալ ասաց. «Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ Ադրբեջանում իշխող վարչախումբն իր անհանդուրժողականությամբ մարտահրավեր է նետում միջազգային անվտանգությանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունն այս իմաստով Բաքվի համար պետք է զգաստացնող լինի: Այսինքն՝ միջնորդները հասկացրին, որ իրենց հետ «ամեն ինչ՝ մեր ուզածով, թե չէ՝ պատերազմ կսկսենք» լեզվով անթույլատրելի է խոսել: Իրավական առումով, կարծում եմ, այդ հայտարարությունն ավելի կարեւոր է: Միջնորդները խնդրի կարգավորման հնարավորությունը կապում են զինադադարի մասին համաձայնագրով ստանձնած հանձնառությունները հարգելու հետ: Սա բացարձակապես լեգիտիմացնում է հայկական զինուժի ներկայությունն այն տարածքներում, որ Ադրբեջանն իրենն է համարում: Հայտարարության մեջ Հայաստանի մասին խոսվում է նույն ոճով, ինչ որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերում՝ ջանքեր գործադրել, որպեսզի կայունությունը պահպանվի: Այստեղ ակնարկված է, որ հակամարտության կողմերն են Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը փաստացի խաղաղապահ դերակատարություն է իրականացնում: Կարծում եմ՝ միջնորդները պետք է զարգացնեն այս եւ մյուս՝ ենթատեքստով փոխանցված գաղափարները, որպեսզի բանակցային գործընթացը վերադարձվի իրատեսական հարթություն»:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր հարեւանը մշտապես էլ, մեղմ ասած, արհամարհանքով է վերաբերվել բոլոր տեսակի համաձայնություններին ու հայտարարություններին, ի՞նչ ազդեցություն կունենա համանախագահների մոտեցման այս փոփոխությունը Ադրբեջանի վարքագծի վրա՝ «Առավոտի» դիտարկմանը Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Բացի ԼՂՀ պաշտպանության բանակից ու ՀՀ բանակից՝ այսօրվա դրությամբ Ադրբեջանին հանդարտեցնող որեւէ այլ ուժ չկա: Այլ տեսակի հայտարարությունը կամ մեկ հեռախոսազանգը միգուցե մեկօրյա ինչ-որ ազդեցություն ունենա, բայց երկարատեւ իմաստով հարց լուծել չի կարող: Համանախագահները պետք է իրենց մոտեցումները փոխեն եւ ամբողջ աշխատանքը տանեն ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումներ կազմակերպելու համար, թեեւ դա էլ իր դրական ազդեցությունն ունի, այլ ամեն ինչ անեն, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակցությունների սեղանին»: Ի դեպ, մեր զրուցակիցը հիշեցնում է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի վերջին՝ փարիզյան հանդիպումը, որից ընդամենը երկու օր անց հայկական ուղղաթիռը խոցվեց, ու իրավիճակը փրկվեց բացառապես մեր բանակի օգնությամբ:

Համանախագահների հայտարարության՝ Ադրբեջանի վրա ազդեցությունը ԼՂՀ խորհրդարանական Վահրամ Աթանեսյանն էլ պայմանավորում է Իլհամ Ալիեւի ընկալունակությամբ: Նա էլ հիմնական «զսպիչ շապիկ» է համարում հայկական զինված ուժերին. «Մամեդյարովին Ալիեւը Կրակով էր գործուղել, որպեսզի ասի՝ «Եթե Հայաստանը դուրս չբերի զորքերը, ապա բանակցությունները կխզվեն»: Երբ Մամեդյարովը Կրակովի ճանապարհին էր, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել «մինչեւ արյան վերջին կաթիլը կռվելու եւ Ադրբեջանի պետական դրոշը Շուշիում եւ բոլոր օկուպացված քաղաքներում ծածանելու վճռականության» մասին հայտարարությամբ: Միջնորդների պատասխանը հայտնի է: Հայտնի է նաեւ հայկական զինուժի վերջին մի քանի օրերի կանխարգելիչ գործողությունների արդյունքը: Կարծում եմ՝ այս համատեքստում Բաքվի վարչախումբը, եթե լիովին չի կորցրել բանականությունը, պետք է վերադառնա բանակցությունների եւ պատրաստ լինի «կլոր սեղանի» շուրջ նաեւ ԼՂՀ օրինական ներկայացուցիչների հետ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը»:

Օրերս ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նախահարձակ լինելու քաղաքականության մասին, թե Թեւան Պողոսյանը, թե Վահրամ Աթանեսյանը ճիշտ տակտիկա են համարում: «Նախկինում էլ երեւի մոտեցումն այդպիսին էր, բայց հիմա աշխարհին տեղեկացնում ենք՝ եթե իսկապես կան կողմեր, որոնք մտահոգ են այս տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, իրենք էլ անելիք ունեն՝ թեկուզ սեփական շահերից ելնելով: Մենք էլ չենք սպասելու, որ գործողություններ արվեն, հետո պատասխանենք, նախօրոք պետք է կանխել Ադրբեջանի գործողությունները: Այդ ուղերձը պետք էր, որ հնչեր: Դրանից հետո տեսանք, որ համանախագահները սկսեցին հանդիպումներ փնտրել, խոսել… Այլապես մինչ այդ ինչ-որ սոցիալական ցանցերով էին շփվում, որը սկզբում միգուցե հետաքրքիր դիվանագիտական իրավիճակ էր, բայց այս տարածաշրջանի վրա զրոյական ազդեցություն ունեցող»,- ասաց Թեւան Պողոսյանը: Վահրամ Աթանեսյանն էլ գտնում է, որ նախագահ Սարգսյանի հայտարարությունն ուղղված էր պատերազմի կանխմանը. «Եվ դատելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից՝ միջազգային հանրությունը, միջնորդ երկրները լիովին կիսում են Հայաստանի մտահոգությունները եւ ճանաչում արկածախնդիր հակառակորդին խաղաղություն պարտադրելու՝ հայկական կողմի գործողությունների իրավաչափությունը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031