Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Կասպից ծովում ավելի շուտ ոտերներս կլվայինք, պարզապես Կասպիցը կեղտոտ է, ոտերներս կկեղտոտվեին»

Հունվար 30,2015 16:30

Ազատամարտիկների արձագանքը

«Մենք չէինք գնացել, որ ինչ-որ մեկին բերեին դարձնեին նախագահ, այդ նախագահն էլ իրա ճիպոտն առներ ձեռը, ասեր՝ գյադեք, էս կողմն անցեք, գյադեք, էն կողմն անցեք: Իհարկե, մենք չենք ենթարկվում, գյադեքն իրենք են: Բայց այսօր նույն ազատամարտիկը գոյություն չունի, ոչ հարգանք ունի, ոչ բան: Այս իշխանությունում որեւիցե մեկը չի հարգում ազատամարտիկներին, մենք դառել ենք ոնց որ այս իշխանության չարիքը»,- «Առավոտի» հետ զրույցում շնորհավորելով Հայոց բանակի տոնը՝ այսպիսի կարծիք հայտնեց Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը (լուսանկարում):

Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանի (Մարշալ) խոսքերով՝ «Կռված տղերքին ես երկու մասի եմ բաժանում: Կային կռվողներ, որոնք կամավոր էին, եւ կային, որոնց պարտադիր տանում էին: Դրանց մեջ էական տարբերություններ կան: Առաջին մասը, որը կամավոր էր գնացել, նրանց ոչինչ պետք չէր, նա ոչնչի համար չէր գնացել, նրա բավարարվածությունն այն էր, որ տարածքներ հետ բերեց: Իսկ ովքեր պարտադրված էին գնացել, նրանք, բնականաբար, իրենց պարտադրողի առաջ պահանջներ են ունեցել եւ անընդհատ ունենալու են, չեն բավարարվելու»:
Ըստ նրա՝ ազատամարտիկները այսօր ցույց են անում, որովհետեւ վիրավորված են թալանից, ոչ թե նրանից, որ ոմանք պաշտոններ են ստացել, իրենք՝ չէ:

Ադրբեջանից մշտապես հնչում են արտահայտություններ, որ Երեւանը կգրավենք, կգնանք Սեւանում մեր ոտքերը կլվանանք, կամ վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել էր, որ մենք լրջորեն տրամադրված ենք Հայաստանի օկուպացված տարածքները հետ վերադարձնել: Այս եւ նմանատիպ հայտարարություններին ի պատասխան՝ Մկրտիչ Մկրտչյանն ասաց. «Մենք Կասպից ծովում ավելի շուտ ոտերներս կլվայինք, քան իրենք՝ Սեւանում: Պարզապես Կասպից ծովը կեղտոտ է, այնտեղ ոտերներս որ լվում ենք, կեղտոտվում է, թե չէ՝ շուտ կլվայինք: Ինչքան էլ վիճակներս վատ լինի, ասում են՝ ուղտն ինչքան էլ սատկի, կաշին մի իշաբեռ կլինի: Մենք այդ գազանին սանձահարել ենք, սանձահարելու ձեւերը գիտենք, այս անգամ ավելի վատ ենք սանձահարելու»:

Վլադիմիր Առաքելյանն ի պատասխան Ադրբեջանի նման հայտարարությունների՝ խոսքն ուղղեց մեր իշխանություններին. «Հասկացանք, վաղը դուք կարող է չլինեք, բա ժողովուրդն ի՞նչ անի: Արեք թողեք ձեր կեղտոտությունները, նենգությունները, արեք համախմբվենք իրար հետ, ժողովրդին իր տեղը նորմալ դնենք: Չի բացառվում, որ լայնամասշտաբ պատերազմ սկսվի: Եթե երկիրն այս վիճակին լինի՝ կասեն իրենք: Խի իրենք չե՞ն իմանում մեր երկրի վիճակը: Ո՞ց է որ մենք գիտենք իրենց երկրի վիճակը: Իրենք չե՞ն իմանում, որ ազատամարտիկները անջատվել են, ցույցերի են դուրս գալիս այսօր, պահանջում են իշխանափոխություն: Միշտ մատը կոխում են մեր աչքը, ասում են՝ դուք հելնում եք իշխանափոխություն եք պահանջում, բա որ թուրքը գա: Չհասկացանք, մենք կրա՞կն ենք ընկել: Մենք երկիրն ենք տանուլ տալիս, երկիր ենք կորցնում: Չենք կորցնելու Հայաստանը, մնալու ենք ու Ադրբեջանի հերն այնպես ենք անիծելու, որ սաղ կյանքում մոլորվեն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2015

Լուսանկարը`  PanArmenian Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031