Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ գարուն 5 գյուղերում խաղողի այգիներ են հիմնահատակ քանդվելու

Հունվար 30,2015 16:00

Արարատյան դաշտավայրում մոտ 9 հեկտար խաղողի այգիներ պետք է հիմնահատակ ոչնչացվեն, արմատախիլ արվեն, եւ առնվազն 3 տարի այս այգիներին մատով չպիտի դիպչեն:

Արմավիրի մարզի 5 համայնքների խաղողի այգիներում հայտնաբերվել է ֆիլոքսերա վնասատուն. սա խաղողի արմատներում ապրող մի վարակակիր է, որը շատ մեծ արագությամբ վնասում է բերքն ու կրկին մեծ արագությամբ տարածվում այլ այգիներ: Այս անգամ ֆիլոքսերան «ոտք է դրել» Այգեկ, Արեւադաշտ, Աղավնատուն (այստեղ անցյալ տարի եւս հայտնաբերվել է ֆիլոքսերա, նորից այգիներ են քանդվել), Նորապատ, Նորակերտ համայնքների գյուղացիների այգիներում. վնասատուն հայտնաբերվել է նաեւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող խաղողի այգու 1.83 հեկտարի վրա:

«Առավոտի» հետ զրույցում Սննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը վստահեցրեց, որ այս վնասատուի դեմ միակ պայքարը վարակված այգիները քանդելն է, աշխարհում դրա դեմ պայքարի այլ տարբերակ չկա: Ընդ որում, բավական չէ՝ այգին պետք է արմատախիլ արվի, դեռ 3 տարի էլ արգելվում է այդ տարածքում խաղող տնկել, եւ միայն հողի ախտահանումից 3 տարի հետո կարելի է այդ հողն օգտագործել, բայց՝ բանջարաբոստանային մշակաբույսեր ցանել:

Գյուղացիները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ մինչեւ վերջին մի քանի տարին չեն հիշում մի տարի, որ իրենց տարածաշրջանում ֆիլոքսերա լինի, ըստ գյուղացիների՝ վնասատուի անունն էլ լսած չկային, մինչեւ Էռնեկյանը հիմնեց խաղողի իր այգիները. «Մենք կասկածում ենք, որ վարակն ինքն է բերել, որովհետեւ իր բերած սորտերը ֆիլոքսերակայուն են, էդ ֆիլոքսերայով պատվաստված տնկիները դրսից բերել է ու այստեղ այգի դրել»:

Արթուր Նիկոյանն էլ հաստատեց, որ Էռնեկյանի այգիների խաղողի տեսակը ամերիկյան տեսակ է՝ ֆիլոքսերադիմացկուն, այսինքն՝ այս տեսակի արմատներն արդեն այս վնասատուով պատվաստված են:

Էռնեկյա՞նն է վնասատուի տարածման մեղավորը՝ դա կարող է հաստատել ուսումնասիրությունը, բայց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն-մասնաճյուղի գիտության գծով փոխտնօրեն Գագիկ Մելյանն ասաց, որ Էռնեկյանի այգիներից վարակի տարածումը մի վարկած է, որը չի բացառվում, բայց հնարավոր է ասենք՝ Ղարաբաղից կամ Հայաստանի հյուսիս-արեւելքից խաղողի տնկիներ բերեին գյուղացիները. այդ տարածաշրջաններում եղել են ֆիլոքսերայի դեպքեր. «Պետք է նկատել, որ Վայոց ձորն ու Արարատյան դաշտավայրը, Սյունիքը միշտ մաքուր են եղել այս վնասատուից»:

Բուսասանիտարիայի տեսչության պետն ասաց, որ եթե գյուղացիների այգիները պարտադիր քանդվելու են, ապա Էռնեկյանի այգիները չեն քանդվելու. «Էռնեկյանի այգիների խաղողի տեսակները ֆիլոքսերադիմացկուն են, դրանք նախատեսված են, որ եթե վնասատուն լինի, ապա բերքը չչորանա, գոյատեւի: Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ընկերության այգին ամբողջությամբ փակ տարածություն է, ցանկապատված է, խիստ ռեժիմով վերահսկվող: Մենք նախատեսել ենք իրենց տարածքի ելք ու մուտքի մոտ տեղադրել ախտահանիչ գորգեր, թունաքիմիկատներով թարմացվելու են այդ գորգերը, որ ամեն անգամ մարդիկ, մեքենաները գորգի վրայով մտնել-դուրս գալուց վարակը դուրս չգա»: Պարոն Նիկոյանը վստահեցրեց, որ գյուղացիների այգիները քանդելու դիմաց նրանց փոխհատուցում են տրամադրելու՝ հաշվարկելով 3 տարվա ստացված բերքի ամբողջ ծավալը: Իսկ պարոն Էռնեկյանն էլ առաջարկել է՝ «Մասնագետները թող խորհուրդ տան, թե ինչ պետք է արվի, ես իմ միջոցներով ամեն ինչ կանեմ»: Պարոն Նիկոյանի ներկայացմամբ՝ փոխհատուցման գումար ստանալու համար պետք է դիմեն կառավարությանը, ընդ որում, այգիների քանդման աշխատանքներն անհրաժեշտ է շատ շուտ սկսել ու ավարտին հասցնել մինչեւ գարնան գալը, քանի դեռ վնասատուն «քնած է». ֆիլոքսերան օդի ջերմաստիճանի +13 աստիճանի դեպքում է սկսում ակտիվանալ: Պարոն Նիկոյանի ներկայացմամբ՝ 1 հեկտար խաղողի այգին միջինը 15 տոննա բերք է տալիս, առաջիկայում քանդվելու է 9 հեկտար տարածք: Սա նշանակում է 135 տոննայով խաղողի բերքի պակաս՝ վնասատուի պատճառով, ու, ըստ էության, դեպքերը տարեցտարի ավելանալու են:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշ ժամանակ հետո գյուղացիները լրիվ կզրկվեին իրենց այգիներից, իսկ ահա մի քանի հարուստները հնարավորություն ունեն դրսից ֆիլոքսերադիմացկուն սորտերը բերել:
Արդյոք ամեն տարի հեկտարներով այգիներ քանդելով՝ մի օր չե՞նք զրկվի մեծ ծավալի այգիներ ունենալուց, մեր այս հարցին պարոն Հարությունյանը հաստատեց մեր մտավախությունը՝ ավելացնելով. «Իրավիճակը լուրջ վնասելու է գինեգործությանն ու կոնյակագործությանը, խաղող չի լինի: Հիմա 11 հեկտարի վրա են գտել վնասատու, բայց կարող է դրա ինկուբացիոն սեզոնը 5-10 տարի հետո ի հայտ գա, կարող է ամեն տեղ կա, բայց դեռ չի երեւում: Պետք է գումարներ գտնել, մոտ 200 միլիոն դոլար, որպեսզի բոլորը միասին իրենց այգիները փոխեն ամերիկյան արմատի վրա, այսինքն՝ ֆիլոքսերադիմացկուն»:

Գիտնական Գագիկ Մելյանն առաջարկում է նախ արգելել դրսից ներկրել ամերիկյան ֆիլոքսերակայուն սորտերը, ինչը խորհրդային տարիներին է եղել: Երբ Արարատյան դաշտավայրը լրիվ մաքուր էր այդ վնասատուից, ու երբ պարոն Էռնեկյանը որոշեց խաղողի այգիներ ստեղծել ու ներկրեց ֆիլոքսերայով պատվաստված, այսինքն՝ արմատների վրա արդեն առկա վնասատուներով խաղողի սորտը, կառավարությունը հատուկ Էռնեկյանի համար որոշում փոխեց, որով թույլատրվեց Արարատյան դաշտավայր բերել խաղողի այդ տեսակը:

Գյուղացիները մեզ հետ զրույցում ասացին՝ որքան էլ կառավարությունն իրենց փոխհատուցում է տալիս, հոգեբանորեն մեծ ցավ է սեփական այգին, որի հիմնման համար ահռելի ջանքեր են թափել, սեփական ձեռքով քանդելը:

Գագիկ Մելյանն առաջարկում է թեեւ շատ ծախսատար ու ժամանակատար տարբերակ, բայց գոնե տարիներ հետո ստիպված չենք լինի այգիներ քանդել. «Պետք է զուգահեռ ստեղծել մի համակարգ, մենք ստանանք պատվաստված տնկանյութեր, հյուսիս-արեւելքում ունենք 0.7 հեկտարի վրա մայրուտային այգի, որտեղից կարելի է վերցնել խաղողի վազի կտրոնները, որի վրա կպատվաստվեն եվրոպական բարձրարժեք սորտերը, որոնք հիմա մեզ մոտ տարածված են՝ Արենին, Արեւհատը, այսպես հայկական գենը 100%-ով պահպանվում է: Իսկ յուրարմատի բազմացումը, այսինքն՝ առանց ֆիլոքսերայի պատվաստի, խաղողի մաքուր տեսակի կտրոնը պետք է տնկել Արարատյան դաշտավայրում: Ի վերջո, պետք է ուսումնասիրվի՝ գուցե հայտնաբերվի, որ հենց Հայաստանում էլ կան արդեն ֆիլոքսերադիմացկուն տեսակներ, ու սրանց տնկիներն օգտագործենք, այլ ոչ թե դրսից ներկրեն ու է՛լ ավելի տարածեն վարակը: Հիմա մոտ 17,500 հեկտար խաղողի այգի ունենք Հայաստանում, երբ կգա մի ժամանակ, որ վիճակն ահագնացող լինի, այդ ժամանակ էլ սկսենք մեզ մոտ պատվաստված տնկանյութերն օգտագործել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031