Լրահոս
Օրվա լրահոսը

Տուլայի բժիշկները մինչեւ փետրվարի 5-ը կարող են սպասել

Հունվար 30,2015 15:30

Անհրաժեշտ է 6000 դոլար 5 երեխայի
առողջական վիճակը բարելավելու համար

Տիգրան Գեւորգյանը, Էմին Թորոսյանը, Հենրի Շահինյանը, Էդմոնդ Ադամյանը, Մարիամ Պարոնյանը Հայաստանում ապրող փոքրիկներ են, նրանց ընտանիքներին միավորում է ցանկությունը՝ վերականգնել իրենց երեխայի առողջությունը, բարելավել նրանց ֆիզիկական, առողջական վիճակը: Այս երեխաների մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված հիվանդությունը: Ծնողները երեխաների ծննդյան առաջին օրերից խնամում եւ հետեւում են, երեխաներին տանում վերականգնողական բուժումների, նկատում են՝ երեխաների առողջական վիճակը բարելավվում է: Հիմա էլ ծնողների մոտ եւս մեկ հույս է առաջացել՝ ավելի առողջ տեսնելու իրենց երեխաներին. վերջերս «Արեւամանուկ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Հայաստան է հրավիրվել Ռուսաստանի Տուլա քաղաքի «Վերականգնողական կլինիկայի ինստիտուտի» տրավմատոլոգիայի եւ օրթոպեդիայի գլխավոր բժիշկ Անդրեյ Չերեշնեւը, որն այս երեխաներին հետազոտելուց հետո նշանակել է վիրահատություն: Այն պետք է տեղի ունենա Հայաստանում՝ Երեւանում, եւ արժենալու է 1200 դոլար:

«Առավոտի» հետ զրույցում երեխաների ծնողներն ասում են, որ սա եզակի հնարավորություն է. վիրահատությունը լազերային է, առանց բացվածքների է լինելու, տեւելու է կես ժամ եւ կարեւորը՝ Հայաստանում է, ճանապարհածախսի խնդիր չեն ունենալու:

Երեխաներից Էդմոնդի մայրը՝ Մարիամ Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում պատմում է, որ իրենք անընդհատ իրենց երեխային վերականգնողական բուժումների են տանում, դեռ ծննդյան առաջին ամիսներից Էդմոնդը անընդհատ բժիշկների հսկողության տակ է եղել. «Հիմա հասանք այնպիսի աստիճանի, որ ինքը նստում է, խոսում է, տեսնում է: Այդ ամենը նա չէր անում, բժիշկները ասել էին՝ հույս չկա, սակայն շատ բան փոխվեց: Հիմա՝ այս վիրահատությունից հետո, հույս կա, որ նա կքայլի, չնայած քայլելը մի փոքր հեռու ապագայում է, սակայն պետք է ամեն ինչ անել, որ հետ չգնա: Իր մոտ այն ախտորոշումն է, որ եթե չաշխատես, գործողություն չանես, ինքը հետ կգնա»,- ասում է նա՝ նշելով, որ այս վիրահատությունը նաեւ նրանով է լավ, որ հետվիրահատական տրավմաները ավելի քիչ կլինեն: «Այստեղ նման վիրահատություններ չեն անում, այստեղ անում են տրավմայով վիրահատություններ, վիճակագրությունը ցույց է տվել, որ երբ երեխաները գնում են այնտեղ եւ վիրահատվում են, ավելի մեծ արդյունք են ունենում, տրավման քիչ է լինում»,- ասում է Մարիամ Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով. «Ես այն ծնողներից եմ, որ կուրորեն չէի գնա այդ քայլին, բայց ես հավատում եմ: Իմ ընկերներից շատերն են գնացել, վիրահատությունն այնտեղ արել ու հետ եկել: Հիմա շատ լավ է, որ բժիշկներն են գալիս, որ այդքան տեղ չենք գնա, ճանապարհածախս հարկավոր չէ, ճանապարհներին չենք մնա, հենց վիրահատությունից միանգամից տուն կգնանք: Մեծ հույսեր ունեմ, որ այդ վիրահատությունը շատ բան կփոխի: Ինքը հիմա այն տարիքում է, ամեն ինչ հասկանում է, դպրոց է գնում, շատ է ուզում քայլել: Հիմա որ կարողանա գոնե երկու քայլ գցել, դա իրեն շատ կօգնի, որ հետագայում ավելի մեծ քայլեր անի, ինքնուրույն լինի»:

Հենրիի մայրը՝ Ռուզաննա Շահինյանն էլ այս վիրահատական միջամտության առավելությունն է համարում նաեւ այն, որ մասնագետները երեխաների մարմնի ամբողջ մկանային հատվածի հետ են աշխատում, այնինչ Հայաստանում նման բժշկական միջամտություն չեն անում: Հենրիի մայրը երեխայի առողջական վիճակը նկարագրելիս ասում է, որ նա հիմա աճման փուլում է, եւ ոսկրերի կարծրացում է տեղի ունենում, վերականգնողական բուժումներին զուգընթաց վիրահատական միջամտությունն անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ բուժումն արդյունք տա:

Հինգ երեխաների ծնողներն էլ ֆինանսական խնդիրներ ունեն, սակայն կարեւոր բժշկական միջամտության հնարավորությունը չկորցնելու համար ստիպված են խնդրի մասին բարձրաձայն խոսել՝ հույս ունենալով, որ կգտնվեն մարդիկ եւ կօգնեն իրենց: Տուլայի մասնագետները մինչեւ փետրվարի հինգը սպասում են, որ պահանջվող գումարից 500 եվրո փոխանցվի իրենց հիվանդանոցի հաշվեհամարին: Երեխաների վիրահատությունը նշանակված է փետրվարի կեսերին:

Երեխաների առողջական խնդիրները լուծել ցանկացողները կարող են գումարը փոխանցել «Օգնության կամուրջ» հիմնադրամի հաշվեհամարին, նպատակը նշելիս ասել այն երեխայի կամ երեխաների անունները, որոնց ցանկանում են օգնել…

Փոխանցման հաշվեհամարներն են.

Արդշինինվեստբանկ՝
2471707439720000 AMD
2471707439720010 USD
2471707439720020 RUR
2471707439720030 EUR
ArCa` 9051150201775063, ստացող՝ տնօրեն Լալա Մանուկյան

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031