Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն երկիր չի կարող հպարտանալ իր ձայներով այնպես, ինչպես Հայաստանը»

Հունվար 30,2015 14:00

Երեւանի օպերային թատրոնի փոխտնօրենը կարեւորում է
Անդրեյս Ժագարսի եւ Լարիսա Գերգիեւայի հայաստանյան այցերը

Վերջին շրջանում Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտնվել է արտերկրյա ճանաչված մասնագետների ուշադրության կենտրոնում: Ասվածի վկայությունն է 2014թ. ընթացքում լատվիացի ճանաչված օպերային ռեժիսոր, Ռիգայի օպերային թատրոնում 17 տարի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Անդրեյս Ժագարսի այցերը Երեւան: Նա «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ունկնդրել է Ազգային օպերային թատրոնի մեներգիչներին եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երիտասարդ վոկալիստներին:

Պարոն Ժագարսի ձեւակերպմամբ՝ այսօր աշխարհի ցանկացած երկիր չի կարող հպարտանալ իր օպերային ձայներով այնպես, ինչպես Հայաստանը: Նա ցանկություն էր հայտնել աշխարհին ներկայացնել ոչ միայն առանձին հայազգի ձայներ, այլ հասնել նրան, որ Երեւանի օպերային թատրոնն ընդգրկվի 39 երկրից 156 անդամ ունեցող օպերային թատրոնների ու փառատոների «Opera-Europa» միավորման կազմում:

Վերջերս էլ Երեւանի օպերային թատրոնում վարպետության դասեր անցկացրեց Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի «Երիտասարդ երգիչների ակադեմիայի» գեղարվեստական ղեկավար, ճանաչված կոնցերտմայստեր Լարիսա Գերգիեւան, որը ոչ միայն միջազգային հեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ է, Ռիմսկի-Կորսակովի անվան միջազգային մրցույթի գլխավոր տնօրենն ու կազմակերպիչը, այլեւ 1994 թվականից հանդիսանում է վոկալի փորձագետների միջազգային ասոցիացիայի անդամ:

«Առավոտը» զրույցի հրավիրեց դաշնակահար-կոնցերտմայստեր, Երեւանի օպերային թատրոնի փոխտնօրեն, գլխավոր պրոդյուսեր Լեւոն Ջավադյանին (լուսանկարում), որի անունը շուրջ 20 տարի կապվում է ինչպես օպերային ճանաչված, այնպես էլ երիտասարդ երգիչների անունների հետ, այդ թվում՝ Հասմիկ Պապյան, Բարսեղ Թումանյան, Գեւորգ Հակոբյան, Մագդա Մկրտչյան, Հովհաննես Այվազյան եւ ուրիշներ: Ինչո՞վ բացատրել արտերկրյա հեղինակավոր մասնագետների հետաքրքրությունը հայ օպերային երիտասարդ ձայների հանդեպ: Մեր զրուցակիցը նշեց, թե աշխարհում մասնագետների մոտ վաղուց ձեւավորված կարծիք կա, որ իսկապես մենք ունենք պրոֆեսիոնալ վոկալ դպրոց, որի համար հիմք են ծառայել տասնամյակներ շարունակ հայ վոկալիստների հաղթանակները միջազգային մրցույթներին, փառատոներին, ինչպես նաեւ նրանց ելույթները հեղինակավոր օպերային թատրոններում: Պարոն Ջավադյանը տեղեկացրեց, որ ճանաչված ալտահար, Երեւանի օպերային թատրոնի պրոդյուսեր Մաքսիմ Նովիկովի հրավերով Երեւան ժամանած Անդրեյս Ժագարսը վերջերս ստանձնել է «Ոսկե դիմակ» փառատոնի երաժշտական թատրոնների գծով ժյուրիի նախագահի պաշտոնը: Երեւանի կոնսերվատորիայում ուսանող վոկալիստներին ունկնդրելուց հետո պարոն Ժագարսը մեր կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանին փոխանցել է իր հիացմունքը. «Միայն ձեր կոնսերվատորիայի ուսանողների ուժերով հնարավոր է բեմադրել բարձրարվեստ ներկայացումներ…»:

Պարոն Ջավադյանը, կարեւորելով Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հրավերով ժամանած եւ օպերային թատրոնում Լարիսա Գերգիեւայի կողմից անցկացված վարպետության դասերը, շեշտեց, որ մանավանդ երիտասարդ ձայների համար, դրանք մրցույթների ու փառատոների թվում անհրաժեշտ գործոններից են: «Հատկանշական է, որ վոկալիստների հետ վարպետության դասեր է անցկացնում դաշնակահար կոնցերտմայստերը: Ասեմ, որ թե աշխարհահռչակ եւ թե սկսնակ վոկալիստի բեմական ստեղծագործական կյանքում կոնցերտմայստերը օգնում է երգչի դերերգ պատրաստելուն, պարտավոր է գերազանց իմանալ համաշխարհային օպերային գրականություն, երաժշտական ոճաբանություն, վոկալ տեխնիկայի եւ մեթոդիկայի իմացություն, նաեւ լեզուների ինտոնացիոն եւ ֆոնետիկ գիտելիքներ»,- հայտնեց Լեւոն Ջավադյանը:

Ի լրումն ասվածի՝ հայտնեց, որ Լարիսա Գերգիեւայի ղեկավարած երիտասարդ երգիչների ակադեմիայում աշխատում են օպերային երգչի համար անհրաժեշտ իր նշած մասնագիտություններից մեկական մասնագետ (նաեւ վոկալի), բայց 11 կոնցերտմայստեր: Ռեպլիկին, թե մենք էլ ունեցել ենք եւ ունենք հիանալի կոնցերտմայստերներ, եւ Երեւանի կոնսերվատորիայի կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնը այս տարի դառնում է 45 տարեկան, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ինքը ուսանել է հիշյալ ամբիոնի հիմնադիր Հեղինե Տեր-Ղեւոնդյանի դասարանում ու թվարկեց վոկալիստների հետ տարբեր տարիների եւ այսօր էլ աշխատող բարձրակարգ կոլեգաների անունները, այդ թվում՝ Մարգարիտա Մելիք-Ստեփանյան, Նելլի Դանիել-Բեկ, Հովհաննես Փարաջանյան, Աննա Մանդալյան, Օլգա Խաչիկյան, Արմեն Աղաջանյան եւ այլն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031