Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայը եւ Հայաստանը

Հունվար 30,2015 13:30

Ես կգերադասեի լինել առաջինն այստեղ (հեռավոր ու հետամնաց մի գյուղում – Ա.Պ.), քան երկրորդը Հռոմում:
Հուլիոս Կեսար

Լավ է Ռուսաստանում լինել վերջինը, քան Հայաստանում երկրորդը:
Ենթադրելի ժողովրդական
իմաստություն

Սիրո՞ւմ է հայը Հայաստանը: Ա՛յ քեզ հռետորական հարց: Մեծ մասամբ՝ այո, հիմնականում՝ այո: Կա, որ չի սիրում: Կա, որ ավելի քան չի սիրում: Բայց քիչ:
Սակայն ճիշտ է, որ հայերի մի նշանակալի քանակություն պատրաստ է լքել Հայաստանը՝ կամ պիտի գնա անպայման, կամ սպասում է ու հավատում, որ կգնա երբեւէ: Սպասում է, թե երբ է, վերջապես, հեռանալու այստեղից, դեպի ավելի լուսավոր երկրներ՝ ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան…

Եթե լքում ես, ուրեմն, երեւի, չես սիրում: Իսկ սիրելով կլքե՞ս: Այո, լինում են դեպքեր, երբ, օրինակ, բաժանվող ամուսիններից մեկը կամ նույնիսկ երկուսը սիրում են, բայց եւ լքում իրար: Դժբախտություն է դա: Հայի բախտ:

ՍՍՀՄ վերջին տարիներին հայրենադարձների մեջ ձեւավորել էին երկրից հեռանալու տրամադրություններ, եւ շշուկով արտասանվում էր` «երթալը կփրկե»: Ահա եւ 1980-ականների մի անեկդոտ. երկու հայրենադարձ խոսում են, մոտենում է երրորդը՝ «Չեմ գիտեր ինչի մասին կխոսեք, բայց ճիշտը երթալն է» (ընդ որում, գիտերն արտասանվում է քիդեր, ճիշտը՝ ջիշթ): «Երթալը կփրկե» եւ «ճիշտը երթալն է» ասույթները դարձել էին մի տեսակ լոզունգ, մարտակոչ:

Իսկ ինչո՞ւ էին գնում: Անեկդոտ. Ամերիկա մեկնող հայրենադարձին հարցնում են, թե այնտեղ բարեկամ-ազգական ունի՞, պատասխանում է` «49-ին Սիբիրիա ղրկեցիր նե, հոն ազգական-բարեկա՞մ ունեի»: Հայրենադարձները նաեւ ասում էին՝ «հողին ու ջրին ըսելիք չունեմ», այսինքն, նրանց դժգոհությունը ոչ թե երկրից էր, այլ մարդկանցից: Դե, գնում էին Սովետից, ուր չկար ազատություն, կար ռուսականացում, ապա՝ հիմար, պարզունակ ու հնարած հավատալիքների մի ժողովածու, դարձրած սուրբ գիրք՝ մարքսիզմ-լենինիզմ, անսխալ նախկին մեծ առաջնորդ Լենին եւ շատ սխալական հաջորդ առաջնորդներ, երկաթե վարագույր, փող աշխատելու հնարավորությունների բացակայություն… Այո, դա կար, եւ դա էական էր: Հայաստանցիները վատ էին վերաբերվում հայրենադարձներին, դա էլ կար: Հետո դա մարեց, բայց գնալ-երթալը հենց այդ ժամանակից ավելի մեծ թափ ստացավ: Ուրեմն, ուզում էին հարուստ, ազատ երկրում ապրել, պրծնել Սովետից էլ, գավառամիտ սովետահայերից էլ, նրանց Սովետական Հայաստանից էլ, նրանց ռուսականացած վերնախավից էլ… Ու գնացին, իսկ 1990-ականներից գնում են ոչ թե ու ոչ միայն հայրենադարձները, այլ ով կարող է եւ որտեղ կարող է:

Երբ գնում են Հայաստանից, ի՞նչ են դառնում: Սովորաբար, ոչինչ: Գնացողների մեծագույն մասը մեծ հաջողությունների չի հասնում: Պահպանում է իր գոյությունը: «Գնում ենք մեր զավակների համար», ահա ստանդարտ արդարացումներից մեկը: Այսինքն, այստեղ զավակները ոչնչի հասնելու շանս չունեն, իսկ այնտեղ…

Բայց երբ գնում ես, կտրվում ես հայությունից: Գոնե հիմնականում: Արդեն հաջորդ սերունդը սովորաբար այնքան է հայ, ինչքանով որ «հայկական արմատներ» ունի: Լավագույն դեպքում՝ իրենց երկրների հայրենասեր քաղաքացիներ, գիտնականներ, շախմատիստներ, երաժիշտներ եւ այլն: Ահավասիկ անուններ Ուկրաինայի վերջին դեպքերի կարեւորագույն «գործող անձանց» ցուցակից՝
Սերգեյ Լավրով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար,
Արսեն Ավակով, Ուկրաինայի ներքին գործերի նախարար,
Միխաիլ Զուրաբով, Ռուսաստանի դեսպան Ուկրաինայում:

Այսպիսով, այս միջազգային, թե ազգամիջյան ընդհարման, թե պատերազմի գլխավոր գործող անձերից երեքը հայ են, կամ «հայկական արմատներով» կիսահայ (եւ դեռ էլի կան, օրինակ՝ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության առողջապահության նախարար Լարիսա Հայրապետյանը): Եվ գործում են իրար դեմ, ըստ իրենց երկրների շահերի: Լավրովը Հայաստանի եւ մեր տարածաշրջանի վրա վճռական ազդեցություն ունեցող հզորագույն մի երկրի ամենաբարձր իշխանություն ունեցող գործիչներից է, այն քչերից, որ չի էլ թաքցնում իր հայկական արմատները: Եվ ի՞նչ օգուտ Հայաստանին կամ հայությանը դրանից: Ոչ մի, բարեկամներ: Կամ՝ համարյա ոչ մի:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նկարը՝ Վահրամ Բաղդասարյանի

«Առավոտ» օրաթերթ
29.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031