Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Սարգիս զորավարն ու Ուշիի վանքը

Հունվար 30,2015 12:30

Սուրբ Սարգիս զորավարի տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ քրիստոնեության համար նահատակված Սարգիս զորավարի տոնն այլեւս հռչակվել է նաեւ երիտասարդների օրհնության օր: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ եւ կատարվում երիտասարդների օրհնության կարգը: Երիտասարդներին բաժանվում են տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ:

Տոնին բնորոշ սովորույթներից է՝ փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդության՝ Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սարգիս զորավարը ծնվել է 4-րդ դարի առաջին կեսում Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Նա եղել է քաջ զորական, մասնակցել բազմաթիվ ճակատամարտերի ու իրեն հերոսաբար դրսեւորել, որի շնորհիվ Մեծն Կոստանդիանոս կայսեր կողմից արժանացել է պարգեւների ու կարգվել է իշխան: Սարգիսը ապրել է քրիստոնեական բարեպաշտությամբ, եղել է բարի ու առաքինի անձնավորություն: Նա իրեն նվիրել է հոգեւոր ու աստվածահաճո գործերին, ծառայել ժողովրդին ու օգնել աղքատներին:

Հուլիանոս կայսեր ժամանակ, որը եղել է ուրացող ու պայքարել է քրիստոնյաների դեմ, Սարգիսը իր որդու՝ Մարտիրոսի հետ ստիպված հեռացել է հայրենիքից ու ապաստանել հայոց Տիրան արքայի մոտ: Արքան մեծ պատվասիրությամբ հյուրընկալել է նրան ու որոշ ժամանակ պահել իր մոտ:

Հետագայում, երբ Հուլիանոսը բազմաքանակ զորքով շարժվել է դեպի Պարսկաստան, Սարգիսը մեկնել է Խորասան՝ Շապուհ արքայի մոտ, որն էլ նույնպես մեծ պատիվներով է ընդունել նրան եւ նշանակել զորքերից մեկի հրամանատար: Պարսից արքան տեղյակ էր նրա քաջագործությունների մասին: Սակայն Սարգսի ծառայությունները երկար չեն տեւում: Նա պարսկական զորքին սկսում է քրիստոնեական հավատքը քարոզել, ինչն էլ Շապուհը տեղեկանալով, իր մոտ է կանչում Սարգսին ու պահանջում, որ նա զոհ մատուցի կուռքերին: Սակայն Սարգիսը պատասխանում է. «Ես մի Աստված եմ հավատում, երկնի եւ երկրի Արարչին. մեծ ամոթ է արարածներին Արարիչ ասել, մանավանդ անխոս կուռքերիդ ուրվականներին Աստված անվանել»: Նա սկսում է անարգել թե՛ կուռքերին եւ թե՛ կռապաշտներին:

Այդ տեսնելով՝ Շապուհը հրամայում է կապել նրան երկաթե կապանքներով ու քարշ տալ փողոցներով: Սարգիսը աղոթելով Տիրոջը օգնության է կանչում, հանում ձեռքերը եւ պարանոցի շղթաները, ու նրանցով հարվածելով՝ կործանում կուռքերին: Հեթանոսները տեսնելով այն՝ բարկացած շարժվում ու բռնում են Սարգսին ու սպանում որդուն՝ Մարտիրոսին: Յոթ օր Սարգսին պահում են բանտում առանց հաց ու ջրի, այն նպատակով, որ սաստիկ քաղցից նա ստիպված կլինի ուրանալ Քրիստոսին, սակայն Սարգիսը չի հանձնվում: Շապուհը Սարգսին ասում է. «Եթե դու չես վախենում, որ աստվածները քեզ կմեռցնեն, ուրեմն ես քեզ շղթաներով կապել կտամ, ապա կհրամայեմ սպանել»: Սարգիսը արքային պատասխանում է. «Ես ամեն ժամանակ պատրաստ եմ մեռնելու իմ անմահ Տիրոջ համար, որն ինձ անմահություն պիտի տա»: Եվ արքան հրամայում է Սարգսին քաղաքից դուրս հանել ու սպանել: Սարգիսը սկսում է աղոթել ու հանկարծ երկնքից մի հրեշտակ, ձեռքին լուսապայծառ պսակով, իջնում է նրա մոտ ու ասում. «Քրիստոսի քաջ նահատակ, զորացի՛ր, մի՛ վախեցիր նրանցից՝ որ մարմինդ են սպանում, որովհետեւ քեզ համար բացվեց երկնքի արքայության դուռը: Եվ ինչ որ խնդրեցիր Աստծուց, շնորհվեց քեզ: Եվ հավատացյալների կատարած խնդրանքները պիտի կատարվեն Աստծո կողմից»: Դրանից հետո Սուրբ Սարգիսը ծնկելով դեպի արեւելք, խաչակնքեց եւ պարանոցը խոնարհեցնելով դահիճի սրի առաջ, ասաց. «Տե՛ր Հիսուս, ընդունիր իմ հոգին»: Եվ դահիճը սրով կտրեց սրբի գլուխը:

Սուրբ Սարգիսը իր մահկանացուն կնքել է 363 թ. հունվարի վերջին: Նրա վկայաբանությունը շարադրել է Ներսես Շնորհալին, որը հատուկ շարական է հորինել սրբի հիշատակին: Ըստ «Յասմաւուրքի» հին ավանդության՝ 5-րդ դարում լուսահոգի Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանի Դաղման (Համիա) քաղաքից, որտեղ նահատակվել էր Սուրբ Սարգիսը, նրա մասունքները տեղափոխում է Արագածոտնի Ուշի գյուղը եւ, ամփոփելով բարձրունքի վրա տեղում կառուցում է Սուրբ Սարգիս եկեղեցին: Զորավարի մասունքները Ուշի տեղափոխելով, Մաշտոցը ձգտել է ոչ միայն քրիստոնեական նոր կենտրոն հիմնադրել, այլեւ կրթության նոր օջախ՝ հայագիր դպրոց հիմնել: Ուշին Հայաստանի հին բնակավայրերից է: Այն առաջին անգամ հիշատակվում է Ուրարտական սեպագրերում: Պատմական Ուշին գտնվել է ներկայիս գյուղի հարավարեւմտյան մասում՝ փոքրիկ բարձունքի վրա:

13-րդ դարում Զաքարյանների տիրապետության ժամանակ, երբ սելջուկ-թուրքերից ազատագրվել է Արարատյան երկիրը, Արագածոտնի կուսակալ Վաչուտյան իշխանները տեղում նոր եկեղեցիներ են հիմնել, հինը՝ վերանորոգել եւ այն վերածել են խոշոր վանական համալիրի: Այդ նշանավոր համալիրը իր մեջ ներառում է Սբ. Սարգսի մատուռ-դամբարանը (կառուցվել է 5-7-րդ դդ., վերանորոգվել՝ 11-12-րդ դդ. եւ գուցե 17-րդ դ.), գլխավոր եկեղեցին (13-րդ դ.), գավիթը (1264թ.), պարիսպը (հիմնականում՝ 17-րդ դ.), վանական, բնակելի, տնտեսական եւ արտադրական շինությունները (13-17-րդ դդ.): Ուշիի վանքը հատկապես 13-րդ դարում հանդիսացել է խոշոր մշակութային կենտրոն: Այստեղ գրվել եւ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պարունակել են պատմական, աշխարհագրական, բնագիտական, փիլիսոփայական, աստվածաբանական երկեր: Ուշիի վանքը սերտ փոխհարաբերություններ է ունեցել շրջակա խոշոր վանական համալիրների՝ Հովհաննավանքի, Սաղմոսավանքի եւ Մուղնիի հետ:

Փոխանակվել, ընդօրինակվել ու նվիրաբերվել են բազմաթիվ ձեռագիր գրքեր, որոնց շնորհիվ ատեղծվել է հարուստ մատենադարան: Ուշիի վանքը նորից ծաղկել է 17-րդ դարի երկրորդ կեսում՝ հանրահայտ Ոսկան վարդապետ Երեւանցու շնորհիվ: Նա վանքը առաջնորդել է 1654-1662թթ.: 1662թ. Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարությամբ Ոսկան Երեւանցին Ուշիից մեկնել է Եվրոպա՝ Աստվածաշունչը հայերեն հրատարակելու համար: Նա իր եղբոր՝ Ավետիսի միջոցով, որը հայտնի վաճառական է եղել եւ գործել Ամստերդամում, ստանձնել է տեղի Սբ. Էջմիածնի եւ Սբ. Սարգսի անվան (անվանվել է Ուշիի մեծահռչակ վանքի անունով) տպարանի (հիմնադրվել էր Մատթեւոս Ծարեցու կողմից) տնօրինությունը եւ արդեն 1668թ. ավարտել Աստվածաշնչի տպագրությունը: Հետաքրքիր է, որ ստացվող եկամուտը պետք է բաժանվեր Էջմիածնի, Երուսաղեմի եւ Ուշիի վանքերին:

Ուշիի վանքը գոյատեւել է մինչեւ 18-րդ դարի կեսերը եւ աստիճանաբար լքվել ու ամայացել: 1735թ. այն դեռ գործել է, երբ այնտեղ է այցելել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը: 1827թ. վանքը ենթարկվել է ուժգին երկրաշարժի, որի ժամանակ հիմնահատակ կործանվել են համալիրի շինությունները: 1912թ. հնագետ Խաչիկ Դադյանը միջոցներ է ձեռք առել վանքը վերանորոգելու համար, սակայն նրա ջանքերն ապարդյուն են անցել: 2010թ. մայիսի 5-ին Ուշիի միջնակարգ դպրոցը անվանվել է գրականագետ եւ մանկավարժ Նիկոլ Աղբալյանի անունով: Այդ օրը դպրոցում վերաբացվել է Լեւոն Շանթի անվան հանդիսությունների սրահը եւ Համաստեղի անվան գրադարանը: Ուշիի Սբ. Սարգիս վանքը կարոտ է վերանորոգման:

ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական
կենտրոնի գիտաշխատող

Նկարում՝ Ուշիի Սբ. Սարգիս վանքն է:

«Առավոտ» օրաթերթ
29.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031