Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց կուսակցական խաղերը մեր տունը քանդեցին». ազատամարտիկը՝ զինադադարի «խայտառակ» պայմանագրի մասին

Հունվար 29,2015 22:56

«Մեզ համար անհասկանալի էր այդ պայմանագիրը, որը կնքվեց Բիշքեկում: Մենք բավականին առաջ էինք գնացել, մեզ պարտադրեցին այդ պայմանագիրը: Ճիշտ է, Նորատ Տեր-Գրիգորյանցը նեղացած գնաց Հայաստանից, բայց բաներ կան, որ մենակ Հայաստանից կախված չեն:  Այն ժամանակ պատերազմ էր, ժողովրդի բարոյալքություն: Իհարկե, մեզ էլ էր պետք հրադադար: Եվ հետո, դա քաղաքականություն է»,- Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հայտարարությունները, որ զինադադարի պայմանագիրը խայտառակություն էր եւ վայել չէր հաղթանակած պետությանը:

Գրիգորյանցը վերջերս ռուսական RT հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու է ինքը վիրավորված գնացել Հայաստանից: 1in.am-ի տեղեկացմամբ, գեներալը նշել է, որ Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագիրն ամենամեծ դավաճանությունն էր: Եվ հենց այդ պայմանագրի պատճառով էլ լուրջ անհամաձայնություն է առաջացել իր եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների հետ: Ըստ նրա, այդ պայմանագիրը չէր բխում  հայ ժողովրդի եւ Հայկական պետության շահերից, այդ խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա. «Բիշքեկի զինադադարի պայմանագիրը, ավազին գրված պայմանավորվածություն էր, մի բան, որը իրենից ոչինչ չի ներկայացնում, դա ոչ միայն խայտառակ պայմանագիր էր, այլեւ խեղկատակություն եւ ապուշություն: Չկար ոչ մի պարտավորվածություն կամ երաշխիք, քանի որ հենց հաջորդ օրը կարող էր վերսկսել պատերազմը։ Պայմանագրի մեջ չճշտվեց ոչ մի հստակ սահմանագիծ եւ Ադրբեջանին չպարտադրվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:

Մեր հարցին՝ համաձա՞յն եք, որ իշխանությունները չեն տիրապետել իրավիճակին եւ գաղափար չեն կազմել, թե ինչ է ռազմավարությունը, ռազմական գործը: Վլադիմիր Առաքելյանը պատասխանեց. «Այն ժամանակ Ղարաբաղի եւ ՀՀ իշխանությունների միջեւ կար տարաձայնություն: Հայաստանում ՀՀՇ-ականներն էին, Ղարաբաղում՝ Դաշնակցականները: Դա մեր տունը քանդեց, իրենց կուսակցական խաղերը մեր տունը քանդեցին: Այն լիարժեք հաղթանակը մենք պիտի տոնեինք, բայց շատ երկրներից միջամտեցին, որ մենք կնքենք հրադադարի պայմանագիր: Ես մեղադրում եմ այդ տարիների մեր իշխանությանը, որովհետեւ մենք այդ ժամանակ կարող էինք Շահումյանն էլ հետ բերեինք, Գետաշենն էլ հետ բերեինք: Մենք արդեն բավականին հաջողությունների էինք հասել: Իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականությունից մեր ազգը ամեն անգամ տուժել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031