Այսօր Ազատության հրապարակում «Միանում եմ» քաղաքացիական նախաձեռնությունը «Գյումրի, Մենք քեզ հետ ենք» խորագրով հանրային քննարկում էր կազմակերպել: Քննարկմանը հազիվ 14-15 քաղաքացիների էին մասնակցում:
Կազմակերպիչներից Նարեկ Այվազյանն ու Գոռ Առաքելյանը Aravot.am-ին վստահեցրին, որ մարդկանց սակավաթիվ լինելու պատճառներից մեկն իրազեկման խնդիրն է, եւ մարդիկ տեղեկացվել են ֆեյսբուք սոցիալական ցանցով, եւ ի տարբերություն իշխանության, որը հեռուստատեսությամբ կարողանում է իր ցանկացածն ասել, «Միանում եմ» նախաձեռնությունը այդպիսի մեծ հնարավորություն չի ունեցել:
«Ցավոք, ես այստեղ չեմ տեսնում մտավորականներին, իսկ այսպիսի հարցերում շատ կարեւոր է մտավորականների դերը»,-ասաց Գոռ Առաքելյանը՝ նշելով, որ անգամ կաթողիկոսը չարձագանքեց դեպքերին:
Կարդացեք նաև
Ազատության հրապարակում, թեեւ փոքր խմբով, բայց ակտիվ քննարկում ու մտքերով, գաղափարներով փոխանակում էին անում` հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամներին դաժան սպանության համար մեղադրյալ ռուս դասալիք Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու, դատելու եւ այլնի մասին:
Քննարկմանը մասնակցող մի քաղաքացի հարց ուղղեց կազմակերպիչներն. «Քանի որ իմ մեջ լավ տպավորվել է հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, սեպտեմբերի 12-ը, հիմա` ե՞տքը, հանձնեցին, մեր հայկական իրավական համակարգն ամենաապականված համակարգն է, ասենք հանձնեցին` դրանից հետո ի՞նչ է լինլու»:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւս մասնակցում էր քննարկմանը. նա ասաց, որ շատ կարեւոր է, որպեսզի հանրությունը շարունակի իր հետաքրքրությունը, հետեւողականություն ցուցաբերի, որպեսզի ինչ-որ այլ բաների կարողանանք հասնել:
«Ինչո՞ւ ենք շահագրգռված, որպեսզի Պերմյակովին հանձնեն Հայաստանի իրավապահ մարմիներին, անկախ նրանից մերոնք ավելի լա՞վն են, թե` ոչ: Կա երկու հանգամանք, առաջինը` հայկական կողմն ակնհայտորեն շահագրգռված չէ կոծկել գործը, այստեղ հաստատ հայկական կողմի մեղավորություն չկա»:
Ազատության հրապարակի քննարկման մասնակիցների մեկն էլ առաջարկ արեց` «Գյումրեցիները «պերսոնա նոն գրատա» հայտարարեցին Սերժ Սարգսյանին, նա չի կարող ոտք դնել Գյումրի: Այսպես պետք է արվի ամբողջ Հայաստանով մեկ, որ այդ պայքարը մետաստազի պես տարածվի»:
Ավետիսյանների սպանության մեջ, պարոն Նավասարդյանի խոսքերով ասած` գուցե այնպիսի կեղտ կա, որ նույնիսկ մերոնք շահագրգռված չեն մտնել այդ կեղտի մեջ, բայց եթե հայկական կողմը քննի գործը՝ գոնե հեշտ կբացվի»:
Այսպես մոտ 1-1,5 ժամ քննարկելուց, մտքեր ու կարծիքներ փոխանակելուց հետո ավարտվեց քննարկումը: «Միանում եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կփորձեն կարծիքները համատեղել, նախաձեռնության կազմն ընդլայնել, ավելի ակտիվ մարդկանց ներգրավվել, որպեսզի հետագա քայլերը միասին որոշեն:
Նշենք, որ այս հանրային քննարկման միայն հեռվից մի երկու ոստիկան էին հսկում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ